«Վե՞րջ, այսքա՞նը»` ՍԴ նորանշանակ անդամ Հենրիկ Դանիելյանի երդման
արարողությունից հետո երեկ ԱԺ-ում զարմացած այսպես արձագանքեց Ռոբերտ
Քոչարյանը: Իսկ այն տեւեց ընդամենը երկու րոպե, որից հետո Ռ. Քոչարյանը,
որը դահլիճ մտավ Արթուր Բաղդասարյանի ուղեկցությամբ, արագ հեռացավ
դահլիճից: Լրագրողների հարցերին նա ընդհանրապես հրաժարվեց պատասխանել`
պատճառաբանելով, թե ժամանակ չունի: Ժամանակի սղություն ունեին նաեւ ԱԺ
պատգամավորները, որոնք Ռ. Քոչարյանին տոնական տրամադրություններով ու
հագուկապով դիմավորելուց ու ճանապարհելուց հետո անմիջապես հեռացան
խորհրդարանից:
Հարցին, թե ինչո՞ւ հենց ինքն արժանացավ ՍԴ անդամ նշանակվելու պատվին, Հ.
Դանիելյանը պատասխանեց. «Իմ 65 տարին էր լրանում, ես այլեւս չէի կարող
աշխատել Վճռաբեկ դատարանի նախագահ, քանի որ դատավորները պաշտոնավարում են
մինչեւ 65 տարեկանը, իսկ ՍԴ անդամները պաշտոնավարում են մինչեւ 70
տարեկանը: Քանի որ ՍԴ անդամ Միքայել Սեւյանի 70 տարին լրացել էր, թափուր
տեղը լրացրին ինձնով»: Հ. Դանիելյանը, որը երդվեց լինել անաչառ,
լրագրողներին խոստացավ չենթարկվել ճնշումների. «36 տարի դատավոր եմ
աշխատում, երբեք նշանակողին նշանակություն չեմ տվել, դա օրենքի կիրառման
խնդիր է»: Նրան չի անհանգստացնում անգամ այն հանգամանքը, որ իր նշանակողն
այս անգամ Ռ. Քոչարյանն է, ու պետք է «նշանակություն» չտա հենց նրան.
«Ոչինչ, ամեն մեկն իր սկզբունքներն ունի, առավելեւս դատավորը պարտավոր է
միայն օրենքի սահմաններում գործել»:
Լ.Ս.