«7-ի գործը» մասնատելուց հետո իշխանությունները կանգնել են լրջագույն խնդրի առջեւ: Մասնավորապես քաղբանտարկյալներ Ալեքսանդր Արզումանյանի ու Սուրեն Սիրունյանի գործով դատավարությունը հասել է վկաների հարցաքննության փուլին, սակայն, ինչպես եւ կարելի էր սպասել, իշխանությունները որեւէ «խելքը գլխին» վկա չեն կարողացել գտնել: Եվ անցել են, ամենայն հավանականությամբ, պահեստային տարբերակին: Դատարան են ուղարկել հոգեկան խանգարում ունեցող մի վկայի, որը, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարել է, թե մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ տեսել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն
Տեր-Պետրոսյանին եւ լսել է նրա ելույթը: Այն դեպքում, երբ Լ. Տեր-Պետրոսյանը մարտի 1-ի վաղ առավոտվանից գտնվել է տնային կալանքի տակ: Այս դեպքում, էականն այն չէ, թե «իշխանությունների վկաների» ցուցմունքները որքանով են հեռու իրականությունից: Անիմաստ է խոսել նաեւ այս քայլի բարոյական կողմի մասին. իշխանությունները հանրահավաքներն արգելելիս թաքնվում են երեխաների հետեւում` մանկական միջոցառումներ «կազմակերպելով», նույն հաջողությամբ էլ դատարանում օգտագործում են հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող մարդկանց (հաջորդ քայլը եւս կանխատեսելի է. եթե այս եւ ապագա նման վկաները դատարանում չափն անցնեն, որեւէ դատաբժշկական փորձաքննությամբ անմիջապես կճանաչվեն հոգեկան խանգարում ունեցողներ): Իրականում երեկ դատարանի դահլիճում տեղի ունեցածը հերթական անգամ եւ վերջնականապես ապացուցում է ընդհանրապես մարտի 1-ի հետ կապված գործերի, եւ մասնավորապես` «7-ի գործի» փուչիկ լինելը: Փուչիկ, որը պայթեցնում են իշխանությունները` տվյալ դեպքում կեղծ վկաների միջոցով: