«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը երեկ հրապարակել է զեկույց, որում անդրադարձել է Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած պատերազմական գործողություններին: Զեկույցում, մասնավորապես, ասվում է, որ զինված հակամարտության ընթացքում կասետային ռումբերի կիրառման հետեւանքով երկու կողմերի կրած մարդկային զոհերը արդիական են դարձնում տվյալ ոլորտում նոր համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը, որը կարգելի այդ կարգի զենքի կիրառումը: «Human Rights Watch»-ի շուրջ 80-էջանոց զեկույցը, որը կոչվում է «Մահացու փորձ. 2008թ. օգոստոսին Ռուսաստանի եւ Վրաստանի կողմից կասետային ռումբերի կիրառումը», առաջին լայնածավալ զեկույցն է՝ նվիրված կասետային ռումբերի կիրառմանը, որոնք Ռուսաստանը եւ Վրաստանն օգտագործել էին մեկշաբաթյա ռազմական հակամարտության ընթացքում: «Human Rights Watch»-ի կողմից 2008թ. օգոստոս, սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կասետային ռումբերի կիրառման արդյունքում տասնյակ քաղաքացիներ են տուժել, նույնիսկ այն ժամանակ, երբ պատերազմական գործողություններն արդեն ավարտվել էին: Ըստ զեկույցի, դեռեւս չգործարկված ռումբերը վտանգ են ներկայացնում բնակչության համար: Նշենք, որ չնայած կասետային ռումբերի կիրառման շուրջ կատարված մանրազնին ուսումնասիրությանը, Ռուսաստանը հերքում է տվյալ տիպի ռումբերի օգտագործման բոլոր մեղադրանքները: