Հերթը հասավ կեղծ վկաներին

16/04/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում քաղբանտարկյալներ Ալեքսանդր Արզումանյանի ու Սուրեն Սիրունյանի գործով դատաքննության ժամանակ ցուցմունքներ տվեցին երեք վկաներ` «Պահպանողական» կուսակցության փոխնախագահ Զավեն Վարդանյանը, 2008թ. ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական արշավի քարոզչական աշխատանքների պատասխանատու Տիգրան Հակոբյանը եւ Սամվել Գասպարյանը:

Հատկապես վերջինիս ցուցմունքները բավական զվարճացրեցին ոչ միայն քաղբանտարկյալներին, նրանց պաշտպաններին ու հարազատներին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, այլեւ դատավոր Մնացական Մարտիրոսյանին ու Դատախազության մեղադրողներին: Նախ նշված վկան ասաց, թե մարտի 1-ին, ժամը 19-ի սահմաններում գնացել է Օպերայի մոտ` իմանալու, թե «սրա վերջն ի՞նչ է լինելու»: Որքան էլ զարմանալի է՝ Ս.Գասպարյանն այդ ժամին Ազատության հրապարակում վրաններ է տեսել, այն դեպքում՝ երբ ոստիկանները դեռեւս մարտի 1-ի առավոտյան ժամը 6-ին բռնի ուժի գործադրմամբ ցուցարարներին տարհանել են հրապարակից ու շրջափակել են այն: Ոստիկաններն այդ օրը ոչ միայն Ազատության հրապարակ, այլեւ Օպերային հարակից ոչ մի փողոցով քաղաքացիներին թույլ չէին տալիս անցնել: Շարունակելով իր պատմությունը` Ս. Գասպարյանը ասաց, թե ժողովրդից տեղեկացել է, որ մարդիկ հավաքվում են Մյասնիկյանի արձանի մոտ, ու ինքն էլ է շտապել այնտեղ: Արդեն Մյասնիկյանի արձանի մոտ Ս.Գասպարյանը «տեսնում» է ելույթ ունեցող ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլեւ Լ.Տեր-Պետրոսյանին ու Ա.Արզումանյանին: Այն դեպքում, երբ ՀՀ առաջին նախագահն այդ օրը վաղ առավոտից իր առանձնատանը գտնվում էր տնային կալանքի տակ: Ա.Արզումանյանը եւս մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ ընդհանրապես չի եղել: Այս երկու փաստերն արձանագրված են նույնիսկ նախաքննական մարմնի նյութերում, բայց միեւնույն է, վկան պնդում էր, որ ինքը լսել է նաեւ նրանց ելույթը: «Ես թերթերից քեզ հիշում եմ, որ լեւոնական ես եղել, բայց դու հիմա դեմք ես դարձել»,- դիմելով Արզումանյանին` հայտարարեց Ս.Գասպարյանը: Ի պատասխան՝ Ա.Արզումանյանը վկային հարցրեց, թե ելույթ ունենալիս իր հագին ի՞նչ հագուստ է եղել: «Ես ի՞նչ իմանամ»,- նեղվեց վկան: «Ասա` չեմ հիշում»,- օգնեց դատավոր Մ.Մարտիրոսյանը: Իսկ Ս.Սիրունյանը վկային հարցրեց, թե ո՞ր կուսակցության անդամ է ինքը: Ս.Գասպարյանը ասաց, թե անկուսակցական է: «Ես դրան դեռեւս Ներքին գործերի նախարարությունից եմ ճանաչում, դա «Հանրապետական» կուսակցության անդամատոմս ուներ»,- հայտարարեց Սիրունյանը: Պաշտպանները նաեւ հետաքրքրվեցին, թե վկան որեւէ հիվանդությամբ չի՞ տառապում: Ս. Գասպարյանը նախ ասեց, թե հիվանդ է, բայց չգիտի, ինչ հիվանդություն ունի, իսկ կարճ ժամանակ հետո հայտարարեց, որ որեւէ հիվանդությամբ չի տառապում: Տեղեկություններ կան, որ նա հոգեկան հիվանդ է եւ մի քանի տարի առաջ նույնիսկ ինքնահրկիզման փորձ է արել: Ս. Գասպարյանը նախկինում աշխատել է Բժշկական համալսարանի մոտ տեղադրված «Հայմամուլի» կրպակում: Իսկ նրա հավանական հիվանդության մասին վկայում էին նաեւ իրարամերժ ցուցմունքները:

Քաղբանտարկյալների պաշտպանները փորձում էին խաչաձեւ հարցերով բացահայտել, որ Ս.Գասպարյանը սուտ ցուցմունքներ է տալիս, սակայն դատավորը դա թույլ չտվեց: Մեղադրող Կորյուն Փիլոյանը` թերեւս զգալով, որ իրավիճակը կարող է ավելի բարդանալ` նրան հարց չտվեց:

Այսպիսով երեկ եւս մեկ անգամ ակնհայտ դարձավ, որ քաղբանտարկյալների դեմ սարքված գործերի համար նույնիսկ վկաներ գտնելու հարցում իշխանություններն ունեն լուրջ խնդիրներ: Երբ «7-ի գործը» տրոհված չէր, Դատախազությունը դահլիճը լցնում էր բազմաթիվ կեղծ «տուժողներով»: Սակայն նույնիսկ նրանց շարքերից որեւէ մեկին որպես վկա չի կարողացել ներկայացնել: Հավանաբար, «տուժողները» չեն ցանկացել: Եվ ահա Դատախազության միակ հույսը մնացել են հոգեկան հիվանդություն ունեցողները:

Երեկ հարցաքննված հաջորդ վկան «Պահպանողական» կուսակցության փոխնախագահ Զավեն Վարդանյանն էր: Կ.Փիլոյանին հետաքրքրում էր, թե վկան մարտի 1-ին երբ եւ ո՞ւմ կարգադրությամբ է գնացել Մյասնիկյանի արձանին հարակից տարածք ու մասնակցել հանրահավաքին: Ի պատասխան` Զ.Վարդանյանն ասաց, որ ընտրությունների ընթացքում մոնիտորինգային ծրագիր է իրականացրել: Փիլոյանին հետաքրքրում էր, թե այդ մոնիտորինգի արդյունքում ստացած տվյալները վկան ո՞ւմ է տրամադրել: Եվ վերջապես, գլխավոր մեղադրողին հետաքրքրում էր, թե ի՞նչ կազմակերպչական գործունեություն է նկատել Զ.Վարդանյանը մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ: Զ.Վարդանյանը պատասխանեց, որ այդ օրը աշխատանքի վայրում ինտերնետից տեղեկացել է, որ ժողովուրդն ինքնաբուխ կերպով հավաքվում է Մյասնիկյանի արձանի մոտ: Աշխատանքային ժամի ավարտից հետո նա նույնպես գնացել է այնտեղ` բողոքի ակցիային մասնակցելու, իր կուսակից ընկերներին համախմբելու եւ ցուցարարների մեջ եղած սադրիչների գործունեությունից հեռու պահելու համար: Իսկ մոնիտորինգի տվյալները, նրա խոսքերով՝ տեղադրվում էին ինտերնետում եւ հասանելի էին բոլորի համար: «Ծանոթ եմ իշխանական տեսակետին, բայց կարծում եմ, որ ժողովուրդն արտահայտում էր իր խաղաղ բողոքը»,- հայտարարեց Զ.Վարդանյանը:

Պաշտպանական խմբի անդամներին հետաքրքրում էր, թե հանրահավաքի մասնակցելու համար վկան որեւէ մեկից գումար ստացե՞լ է, կամ որեւէ մեկին գումար առաջարկե՞լ է: Կամ լսե՞լ է, որ ինչ-որ մեկը այդ նպատակով գումար է ստացել: Զ.Վարդանյանը բացասական պատասխան տվեց այս հարցերին: Նույն հարցերն ուղղվեցին նաեւ Տ.Հակոբյանին, ով տվեց գրեթե նույն պատասխանները: Վերջինիս պատասխանը, սակայն, չբավարարեց Փիլոյանին: Մեղադրողը հակասություն տեսավ Տ.Հակոբյանի` նախաքննության ու դատաքննության ընթացքում տված ցուցմունքների մեջ: Փիլոյանը Մ.Մարտիրոսյանից թույտվություն ստացավ նախաքննական ցուցմունքներից մի հատված հրապարակելու համար ու սկսեց կարդալ: «Ո՞րն է հակասությունը»,- հարցրեց դատավորը: «Հիմա կկարդամ»,- ասաց Փիլոյանն ու հակասություն չգտնելով, շփոթվեց: Սակայն նա այնուամենայնիվ կարդաց Տ.Հակոբյանի ցուցմունքից այն հատվածը, որտեղ նշված էր, թե ցուցարարները քարեր ու շշեր էին նետում ոստիկանների վրա: Այսինքն՝ իրականում ոչ մի հակասություն էլ չկար, պարզապես Փիլոյանն ուզում էր կարդալ այդ հատվածը, Մ.Մարտիրոսյանն էլ այդ հնարավորությունը տվեց: