1995 թվականի հուլիսին ես կողմ քվեարկեցի Հայաստանի Հանրապետության առաջին
Սահմանադրությանը։ Չնայած համընդհանուր դժգոհությանն ու Սահմանադրության
ՀՀՇ-ական նախագիծը խոտանելու ձգտումներին, երբ շատերն՝ իմանալով, ավելի
շատերը՝ չիմանալով, դեմ էին խոսում եւ ի վերջո դեմ էլ քվեարկեցին, ես
դրեցի իմ հավանության նշանը։ Ինչո՞ւ, արդյո՞ք այդ Սահմանադրությունն ինձ
դուր էր գալիս, արդյո՞ք դրա բոլոր դրույթներն էին խոստանում կայուն
քաղաքական համակարգ, տնտեսական ու սոցիալական զարգացման հեռանկարներ։ Ոչ,
կային կետեր, որոնք ամենեւին ընդունելի չէին ինձ համար, բայց զարմացած
ընկերներիս ես բացատրում էի, որ խաչմերուկում լուսաֆոր է հարկավոր, եւ երբ
այն չկա, սկսվում է քաոսը։ Այսինքն՝ առաջին հերթին՝ լուսաֆոր, հետո միայն
կարելի էր քննարկել՝ լուսաֆորը բա՞րձր է դրված, թե՞ ցածր, գույները լա՞վ
են երեւում, թե՞ վատ, ծառերն ու թփերը խանգարո՞ւմ են տեսնել այն, թե՞ ոչ,
եւ այլն, եւ այլն։
Ասենք, Երեւանի քաղաքապետի ընտրովիության նույն հարցը, որ այսօր բուռն
քննարկումների առիթ է, այն ժամանակ էլ ինձ համար լուրջ խնդիր էր։ Ես
կարծում էի, որ մայրաքաղաքի ղեկավարը պետք է ընտրվի քաղաքացիների ուղիղ
ընտրությամբ եւ հիանալի հակակշիռ կլինի թե նախագահի եւ թե վարչապետի
համար։ Ամեն ինչից զատ, կլինի ընտրովի գործադիր իշխանության մի այլ
մակարդակ, որտեղ քաղաքական գործիչները կպատրաստվեն ու կկոփվեն որպես
նախագահության ապագա թեկնածուներ։
Ինձ համար հասկանալի չէր նաեւ գյուղապետերի ու քաղաքապետերի
ընտրովիությունը, երբ նրանց անմիջական ղեկավարը՝ մարզպետը, նշանակվում էր
նախագահի կողմից։ Սա, ըստ իս, լուրջ խոչընդոտ էր տեղային քաղաքական
գործիչների առաջընթացի համար։ Իհարկե, հասկանում էի առաջին
Սահմանադրության կենտրոնաձիգ լինելու անհրաժեշտությունը, բայց ոչ մի կերպ
չէի ըմբռնում նշանակված անձի գերակայությունն ընտրված ղեկավարների վրա,
այսինքն՝ չէի պատկերացնում, թե նշանակվածը ո՞նց է հանձնարարություններ
տալու ընտրվածին, երբ վերջինն արդեն օժտված է իր ընտրողների
հանձնարարությամբ։ Իրականում եղել են ու կան բազմաթիվ դեպքեր, երբ ընտրված
ղեկավարն արհամարհում է մարզպետին։
Կենտրոնաձիգ սկզբունքը պահպանելով՝ կարելի էր նախագահի ընտրությունների
հետ քվեարկության դնել նաեւ մարզպետի թեկնածությունը։ Մարզպետը կունենար,
մի տեսակ, փոխնախագահի կարգավիճակ եւ կառավարության դռները քերելու
փոխարեն՝ կմասնակցեր երկրի իր հատվածի կառավարմանը։ Սա նախագահության
թեկնածուներին կստիպեր նաեւ առավել մեծ ուշադրություն դարձնել կադրային
խնդիրների վրա։ Քանի որ մարզպետները նախագահի հետ ընտրվելու էին նույն
ժամկետով, նախագահության թեկնածուն փորձելու էր գտնել այն ճշգրիտ մարդուն,
ում ներկայությունն իր կողքին ապահովելու էր առավելագույն ձայներ։
Եվ ահա այս ամենը տեսնելով ու հասկանալով, ես կողմ քվեարկեցի Հայաստանի
առաջին Սահմանադրության նախագծին՝ հուսով, որ ընտրում եմ ոչ թե Մենուայի
որդի Արգիշտի թագավորի սեպագիր արձանագրությունը, այլ կենդանի մի
փաստաթուղթ, որն ըստ կարիքի ու անհրաժեշտության կփոփոխվի ժամանակի
ընթացքում՝ ընդունելով առավել տրամաբանական ձեւեր։ Ես կողմ էի քվեարկում
նաեւ մտածելով, որ իմ կամ ուրիշների մտքով անցնող փոփոխությունները չեն
կարող կատարվել գրանիտի կամ տուֆի վրա։ Դրանք կատարելու համար անհրաժեշտ
էր մի հիմք, փաստաթուղթ, որն էր 1995-ին ընդունված մեր առաջին
Սահմանադրությունը։
Ես վստահ էի, որ Հայաստանի առաջին իշխանությունները, եթե չընդհատվեր նրանց
ընթացքը 1998-ին, հենց իրենք էին կատարելու առաջին փոփոխությունները՝
ելնելով ոչ թե դրսից պարտադրված իմպերատիվներից, այլ՝ պետության զարգացման
դինամիկայից։ Նրանք չունեցան այդ հնարավորությունն ու հեռացան։ Նրանց
հեռանալուց հետո մեր առաջին Սահմանադրությունն առիթներ ունեցավ իր
կենսունակությունը ցուցադրելու՝ չնայած այն հիմնովին փոխելու նոր
իշխանությունների մոլուցքին։
Սահմանադրությունը փոխելու այդ մոլուցքը ոչ թե պայմանավորված էր պետական
կարգն ու կառավարման համակարգը բարելավելու ազնիվ ձգտումներով, այլ
պետությունը մեկ մարդու կամ մարդկանց մի խմբի «ըստ պատկերի յուրոյ»
վերակերտելու ջանքով։ Այսինքն՝ այդ մարդիկ ոչ թե պետք է քաղաքական այնպիսի
վարք ձեւավորեին, որը չհակասեր գործող Սահմանադրությանը, այլ պետք է
այնպիսի Սահմանադրություն ունենային, որ չհակասեր իրենց «մենթալիտետին»։
Փառք Աստծո, այդ փորձերը ձախողվեցին, եւ հիմա ընդդիմադիր ու դիմադիր, ձեռք
ձեռքի տված, ուրախ-ուրախ հայտարարում են, թե իրենց հաջողվել է
հեղափոխություն անել առանց արյան, առանց թավիշի, առանց Սորոսի եւ առանց
Ամերիկյան դեսպանատան։ Եվ ուզում են մեզ համոզել, թե այն, ինչ անում է
Սահակաշվիլին իր երկրի ոստիկանության գլխին, ընդամենը վրացու լոպազություն
է, իսկ մենք նույնն անելու ենք Սահմանադրությամբ։ Կամ ուզում են համոզել,
թե այն, ինչ անում են Յուշչենկոն եւ իր գեղեցկուհի վարչապետն իրենց երկրի
օլիգարխների գլխին, մենք կանենք ամենակարող Սահմանադրությամբ։
Դրսից ֆինանսավորված հեղափոխությունն ու դրսից պարտադրված
Սահմանադրությունը միանգամայն տարբեր բաներ են, բայց առաջին հայացքից
թվում է, թե հեղափոխության համեմատ Վենետիկի հանձնախմբի, մեղմ ասած,
դիտողությունները քաղաքակիրթ երկխոսություն են եվրոպական տարածքում։
Տարբերությունը, սակայն, ամենեւին էլ երկրորդի օգտին չէ։ Դրսից
ֆինանսավորված հեղափոխությունները լինում են այն երկրներում, որոնց
քաղաքացիները պատրաստ են սեփական կյանքը բարելավելու եւ դրա համար
կանգնում կամ նստում են հրապարակներում այնքան, մինչեւ անցանկալի
վարչակարգը հեռանա։ Հեղափոխություններին միջամտողները միջամտում են
զանգվածների իղձերին ու ցանկություններին։ Միջամտողի համար հեղափոխության
արդյունքը պիտի ակնհայտ լինի. չես կարող փողը վերցնել ու թղթի վրա
հեղափոխություն ձեւակերպելով՝ հաշվետու լինել, ասենք, Ջորջ Սորոսին։ Մեծ
հաշվով, հեղափոխություն ֆինանսավորողն ասում է՝ ուզում ես լավ ապրել՝ առ
էս փողն ու ապրիր լավ, բայց քաղաքակիրթ մարդկության կողմից ընդունված
կանոնների համաձայն։
Իսկ սահմանադրության դեպքում՝ եվրոպական մի չինովնիկ գալիս է, հետո մի
ուրիշն է գալիս, հետո հայոց պատգամավորներն են գնում ու վերադառնում խիստ
հոգնած տեսքով, հետո անում են մի բան, որը տեսականորեն գեղեցիկ է, իսկ
գործնականում ձեռնտու է միայն իշխանություններին, եւ իշխանությունները
բողոքավորի տեսք ընդունելով կատարում են այդ ջրասույզ քաղաքի հանձնախմբի
պատվիրաններն ու ափով բերանը ծածկած ծիծաղելով կերտում օլիգարխների
պետությունը։ Ու մեզ մնում է միայն ասել. «Կորչի հեղափոխությունը, կեցցե
սահմանադրությունը»։