Ռուսաստանն էլ է սատարում

16/04/2009

«Քաղաքականություն» հիմնադրամի տնօրեն Վյաչեսլավ Նիկոնովի հավաստմամբ` ՌԴ-ն ըմբռնումով է մոտենում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, կարծելով, որ այս դեպքում Հայաստանը կամրապնդի իր ռազմավարական խորությունը: Նրա կարծիքով, ՀՀ-ն դուրս կգա շատ բարդ աշխարհաքաղաքական համատեքստից, որում գտնվում էր, քանի որ որոշ հարեւան երկրներ բացահայտ թշնամական վերաբերմունք ունեն նրա նկատմամբ: «Դա իսկապես պատմական շրջադարձ է, որը կփոխի աշխարհաքաղաքական իրավիճակը ոչ միայն Հարավային Կովկասում, այլեւ ողջ տարածաշրջանում»,- ասել է Վ. Նիկոնովը` հավելելով, թե դա կլինի շատ դրական զարգացում, որը միաժամանակ կարող է հնարավորություն տալ իրականացնելու ռուսական շահերից բխող ծրագրեր, քանի որ հարաբերությունների բարելավման դեպքում ՌԴ-ն կսկսի իրականացնել ծրագրեր եւ՛ ՀՀ-ի, եւ՛ Թուրքիայի հետ, առաջին հերթին՝ տնտեսական ոլորտում: Ըստ նրա` վերջին տարիներին շատ հարցերում Թուրքիան ունի բավականին ինքնուրույն դիրքորոշում. Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, եւ բացի այդ՝ հետապնդում է իր ազգային եւ սեփական շահերը, որոնք որոշ դեպքերում կարող են չհամընկնել ԱՄՆ դիրքորոշման հետ: Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումից հետո ՀՀ-ի վրա Թուրքիայի ազդեցությանը, Նիկոնովը նշել է, որ այն բավականին ուժեղ է լինելու` հաշվի առնելով պատմական մի քանի իրողություններ: Այդ ազդեցությունը կարող է լինել նաեւ դրական, քանի որ Թուրքիան բավականին ուժեղ տնտեսական խաղացող է, իսկ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կարող է նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը, ինչում Ռուսաստանը, անկասկած, շահագրգռված է: Բացի այդ, ի հայտ է գալիս Թուրքիայի միջոցով տրանզիտի հնարավորություն, ինչը եւս կարեւոր է ռուսական բիզնեսի համար: «Սահմանի բացմանը սատարում են եւ՛ Ռուսաստանը, եւ՛ ԱՄՆ-ը, դրանում շահագրգռված է նաեւ թուրքական էլիտայի զգալի մասը եւ հայկական ղեկավարությունը»,- հավելել է Վ. Նիկոնովը: