Հինգ բաղադրիչներ է նշել
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկել է ամերիկյան տնտեսության աճի վերականգնման հինգ բաղադրիչներ: Նրա կարծիքով, ԱՄՆ ոչ լավագույն ժամանակներ ապրող տնտեսությունը կենդանացնել կկարողանան«Wall Street»-ի աշխատանքի նոր կանոնները, որոնք կվերահսկեն կարճաժամկետ գործարքները եւ կկանխեն խարդախությունները, ինչպես նաեւ՝ նոր ներդրումները կրթության բնագավառում, ներդրումները էներգիայի վերականգնվող աղբյուրների եւ տեխնոլոգիայի բնագավառում, նոր ներդրումներն առողջապահության բնագավառում եւ բյուջեի միջոցների խնայողությունը, որը կնվազեցնի պետական պարտքը: «Այս հինգ սկզբունքների հիման վրա Միացյալ Նահանգների տնտեսությունը կսկսի աճել, եւ հաջորդ դարը վերստին կդառնա Ամերիկայի դար»,- ասել է Օբաման՝ Վաշինգտոնում ելույթ ունենալով Ջորջթաունի համալսարանում:
Տնտեսության փրկության հինգ սկզբունքները նոր չէին ամերիկյան հասարակայնության համար: Հիշեցնենք, որ Օբաման նախկինում էլ էր ասում, որ ապագան էներգիայի վերականգնվող աղբյուրներինն է: Նա հայտարարում էր կրթության, բժշկության բարենորոգությունների անհրաժեշտության մասին: «Դա այն հիմքն է, որն անհրաժեշտ է ստեղծել: Այն պետք է դառնա մեր ապագան. եւ իմ վարչակազմի քաղաքականությունը նպատակամղված է այն բանին, որ հասնենք դրան»,- ասել է ԱՄՆ նախագահը: «Այս հիմքի ստեղծման համար առաջին քայլն այն հնացած կանոնների եւ սխեմաների բարենորոգությունն է, որոնք այս ճգնաժամին թույլ տվեցին տեղի ունենալ: Այժմ ժամանակն է նոր խիստ կանոններ ձեւակերպելու «Wall Street»-ի համար, որպեսզի համոզված լինենք, որ մենք երբեք չենք վերադառնա ներկայիս իրադրությանը»,- ասել է Օբաման: Այդ կանոնները, նախագահի խոսքով, պետք է պաշտպանեն «սովորական ամերիկյան ընտանիքներին, երբ նրանք գնում են տուն, ստանում են վարկային քարտ կամ կատարում են ներդրում»: Ըստ Օբամայի` կանոնները չպետք է խրախուսեն կարճաժամկետ գործարքները, որոնք օճառի պղպջակի պես ուռճացնում են շուկաները, ինչպես նաեւ՝ պետք է խստորեն պատժեն բացահայտ խարդախությունների համար: «Մենք արդեն Կոնգրեսի հետ սկսել ենք նոր կարգավորիչի սխեմայի ուրվագծերի ստեղծման աշխատանքը, եւ ես ակնկալում եմ, որ մինչեւ տարեվերջ կստորագրեմ դրա ստեղծման մասին օրենքը»,- ասել է նա:
Ամերիկյան տնտեսության հաջողության երկրորդ բաղադրիչը կրթության համակարգի բարենորոգությունն է, որն, Օբամայի խոսքով, պետք է մարդկանց պատրաստի 21-րդ դարի տնտեսությանը: «20-րդ դարում, այն բանի շնորհիվ, որ ազգը դուրս էր եկել քոլեջներից, մենք համաշխարհային առաջատար էինք կրթության եւ տնտեսության բնագավառում: Նոր տնտեսությունում մենք նույնպես կլինենք աշխարհի առաջատարներ. մենք նպատակ ենք դրել բարձրացնելու մեր աշխատուժի մրցունակությունը: Մինչեւ 2020 թվականն Ամերիկայում կրկին կլինի բուհերի շրջանավարտների ամենաբարձր տոկոսը»,- ասել է նա` հավելելով, թե ԱՄՆ-ը պետք է նաեւ լրջորեն բարելավի նախադպրոցական կրթության համակարգը:
«Երրորդ բաղադրիչն էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործումն է: Դա կօգնի ստեղծելու միլիոնավոր նոր աշխատատեղեր եւ արդյունաբերության նոր ճյուղեր: Մենք բոլորս գիտենք, որ էներգիայի նման աղբյուրներ օգտագործող երկիրը 21-րդ դարում կլինի առաջատարը: Առայժմ մենք տակավին մյուս երկրներին թույլ ենք տալիս մեզնից առաջ անցնել (այս բնագավառում)»,- նշել է Օբաման:
Տնտեսության առողջացման չորրորդ «սյունը» Օբաման համարում է առողջապահության բարենորոգությունը: «Առողջապահության մեր համակարգի բարենորոգությունը կպահանջի միջոցներ, սակայն իմ բյուջեն բովանդակում է պարտավորություն լիովին ֆինանսավորելու բարենորոգությունն առանց բյուջեի պակասուրդի ավելացման: Մենք նախատեսել ենք բյուջեի հոդվածների որոշ վերաբաշխում, որը թույլ կտա առողջապահության համակարգը դարձնել ավելի արդյունավետ եւ (բնակչության համար) սակավ թանկ,- նշել է Բարաք Օբաման: -Վերջին կետը կլինի բյուջեի յուրաքանչյուր մասի ծախսերի կրճատումը, որովհետեւ ֆինանսական կարգապահության վերականգնումը նույնպես կառողջացնի տնտեսությունը: Մենք արդեն գտել ենք երկու տրիլիոն դոլար, որպեսզի հաջորդ տասնամյակում նվազեցնենք բյուջեի պակասուրդը»: Նա որպես օրինակ՝ մատնանշել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսին, որը վերջերս հայտարարել է հնացած եւ առանձնապես ծախսային անարդյունավետ ծրագրերի ֆինանսավորման զգալի կրճատման մասին:
Կրճատում են 55 տոկոսով
Մոսկվայի շրջանների եւ արվարձանների ծախսերը 2009 թվականի երկրորդ եռամսյակում կրճատվելու են 55 տոկոսով: Այդ մասին գրում է «ՀըԽ daily»-ն: Մոսկվայի քաղաքապետարանի պաշտոնյաները դեռեւս քննարկում են, թե հատկապես որ հոդվածներով հնարավոր կլինի ծախսերը կրճատել: Ընդհանուր առմամբ, քաղաքապետարանի ֆինանսիստները պնդում են Մոսկվայի բյուջեն շուրջ 400 մլրդ ռուբլիով կրճատելու մասին: «ՀըԽ daily»-ն հիշեցնում է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի որոշումը` գործադիր իշխանության ծախսերը 50 տոկոսով կրճատելու մասին: Կրճատվել են առաջին հերթին գործուղումների, տրանսպորտային, կոնֆերանսների կազմակերպման համար նախատեսված ծախսերը:
«Առողջանում է»
Ամերիկյան խոշորագույն ֆինանսական կորպորացիաներից մեկը` «Goldman Sachs Group»-ը նախօրեին հրապարակել է իր ֆինանսական հաշվետվությունը: 2009 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով՝ բանկի շահույթն աճել է 13 տոկոսով` կազմելով 1.659 մլրդ դոլար: Այս տվյալները գերազանցել են վերլուծաբանների կանխատեսումները եւ հանգեցրել են աճի` համաշխարհային ֆոնդային շուկաներում: Դրա հիմնական պատճառներից մեկը «Goldman Sachs Group»-ի հայտարարությունն էր նոր կապիտալի ներգրավման նպատակով իր բաժնետոմսերի մի մասը վաճառելու վերաբերյալ: Հավաքագրված միջոցները բանկը նախատեսում է վերադարձնել ամերկյան իշխանություններին: Փորձագետները նշում են, որ «Goldman Sachs Group»-ը վերջին շրջանում ամեն ինչ անում է մինչճգնաժամային ցուցանիշներին վերադառնալու համար: Հիշեցնենք, որ «Goldman Sachs Group»-ի մաքուր եկամուտը 2007-2008 թվականներին նվազել էր 80 տոկոսով` հասնելով 2.32 մլրդ դոլարի: Այն դեպքում, երբ մեկ տարի առաջ այդ թիվը կազմել էր 11.6 մլրդ դոլար:
Նավթի պահանջարկը կնվազի
2009 թվականին աշխարհում նավթի սպառման ծավալները նախորդ տարվա համեմատ կարող են նվազել օրական 1.37 մլն բարելով` հասնելով օրական 84.18 մլն բարել ցուցանիշին: Այդ մասին նշված է ՕՊԵԿ-ի` երեկ հրապարակված ամենամսյա զեկույցում: Ապրիլ ամսվա համար ՕՊԵԿ-ի փորձագետներն իրենց կանխատեսումները նվազեցրել են օրական 430 հազար բարելի չափով: Այդուհանդերձ, ՕՊԵԿ-ի գնահատականները ավելի բարենպաստ են թվում, քան Միջազգային էներգետիկ գործակալության եւ ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարության` ավելի վաղ հրապարակած կանխատեսումները: Հիշեցնենք, որ Միջազգային էներգետիկ գործակալության կանխատեսմամբ, 2009 թվականին աշխարհում նավթի սպառումը նախորդ տարվա համեմատ կարող է կրճատվել օրական 2.4 մլն բարելով կամ 2.8 տոկոսով` կազմելով օրական 83.4 մլն բարել: Իսկ ԱՄՆ Էներգետիկայի նախարարության գնահատմամբ, աշխարհում նավթի պահանջարկն այս տարի 2008 թվականի համեմատ օրական կկրճատվի 1.35 մլն բարելով` կազմելով 84.09 բարել մեկ օրվա համար:
Իրականը` 10 տոկոս
Ռուսաստանի բանկային համակարգում իրական ժամկետանց վարկերը երեկվա դրությամբ կազմում են 10 տոկոս: Այդ մասին երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է «Ալֆա բանկի» նախագահ Պետր Ավենը: «Եթե ժամկետանց վարկերը հաշենք նորմալ ձեւով եւ ոչ այնպես, ինչպես մենք դա անում ենք հիմա, ապա դրանց ծավալն արդեն այսօր կազմում է 10 տոկոս: Մենք դա զգում ենք նաեւ մեր օրինակով: Կենտրոնական բանկի մեթոդիկայով հաշվարկելու դեպքում ժամկետանց վարկերն «Ալֆա բանկում» կազմում են 3 տոկոս, իսկ իրականում` շուրջ 10 տոկոս»,- ասել է Ավենը:
Նույնիսկ «Johnson&Johnson»-ը
Ամերիկյան աշխարհահռչակ «Johnson& Johnson» ընկերության մաքուր եկամուտը 2009 թվականի առաջին եռամսյակում նվազել է 2.5 տոկոսով` կազմելով 3.5 մլրդ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3.6 մլրդ դոլարի համեմատ: Նման տվյալներ են պարունակում «Johnson&Johnson»-ի` նախօրեին հրապարակված հաշվետվության մեջ: Ընդ որում, նշված ժամանակահատվածում վաճառքի ծավալը նվազել է 7.2 տոկոսով` հասնելով 15.03 մլրդ դոլարի (2008 թվականին` 16.19 մլրդ դոլար): Հիշեցնենք, որ «Johnson&Johnson» ընկերությունը մասնագիտացած է մարդկանց առողջության պահպանման միջոցների` դեղորայքի եւ բուժսարքավորումների արտադրության ոլորտում: Բացի սպառողական ապրանքներից, «Johnson&Johnson»-ը արտադրում է նաեւ բուժհաստատությունների, հիվանդանոցների համար նախատեսված սարքավորումներ:
Philips-ը 59 մլն եվրոյի վնաս է կրել
Կենցաղային տեխնիկայի արտադրության ոլորտում Եվրոպայի խոշոր ընկերություններից մեկի` նիդեռլանդական Royal Philips Electronics N.V. (Koninklijke Philips Electronics) ընկերության կրած վնասի չափը 2009 թվականին կազմել է 59 մլն եվրո: Այն դեպքում, երբ ընդամենը մեկ տարի առաջ նշված ժամանակահատվածում Philips-ի ստացած մաքուր եկամուտը կազմել էր 294 մլն եվրո: Philips-ի վաճառքի ծավալը այս տարվա առաջին եռամսյակում նվազել է 14.9 տոկոսով` կազմելով 5.08 մլրդ եվրո` 2008 թվականի նույն ժամանակահատվածի 5.97 մլրդ եվրոյի համեմատ: Ընկերության գործառնական վնասները կազմել են 186 մլն եվրո, այն դեպքում, երբ անցած տարվա առաջին եռամսյակում Philips-ը 187 մլն եվրո գործառնական եկամուտ է ստացել: Philips-ի ղեկավարությունը նշված ցուցանիշները պայմանավորում է մասնավորապես կենցաղային տեխնիկայի շուկայում ստեղծված անբարենպաստ իրավիճակով, ինչն էլ իր հերթին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունքն է:
ԱՄՆ վարչակազմը` բաժնետե՞ր
ԱՄՆ կառավարությունը կարող է դառնալ ամերիկյան ավտոարդյունաբերության խոշորագույն ընկերություններից մեկի` «Ջեներալ Մոթորսի» բաժնետեր: Այդ տեղեկությունը հրապարակել է «Wall Street Journal»-ը, ըստ որի՝ ԱՄՆ կառավարությունը կարող է ընկերության 13,4 միլիարդ դոլարի պարտքը մարել ավտոարդյունաբերական խոշոր արտադրողի բաժնեմասի դիմաց, այն բանից հետո, երբ ընկերությունը կվերակազմակերպվի: Փորձագետների գնահատմամբ, ավտոարդյունաբերության աշխատակիցների միավորված արհմիությունն ու «Ջեներալ Մոթորսի» արժեթղթերի սեփականատերերը կարող են գնալ նման զիջումների: Դրա վկայությունն է նաեւ «Ջեներալ Մոթորսի» տնօրենների խորհրդի ժամանակավոր ղեկավար Քենտ Քրեզանի հայտարարությունն այն մասին, որ ընկերությունը ողջունում է ԱՄՆ կառավարության այդ պատրաստակամությունը: Սակայն փորձագետների կարծիքով, բաժնեմասի դիմաց մարելով ընկերության պարտքը, կառավարությունը կարող է երկար տարիներով դառնալ ընկերության բաժնետեր, ինչը գուցե չնպաստի ընկերության գործունեության արդյունավետությանը: Մյուս կողմից՝ հնարավոր է` ԱՄՆ կառավարությունը ստիպված լինի դիմել այդ քայլին, քանի որ առայժմ որեւէ մեկը չի ցանկանում ներդրումներ անել «Ջեներալ Մոթորսում»: