Նախօրեին Երեւանի քաղաքապետարանում կայացած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը բարձրացրել է մայրաքաղաքում տաքսիների կայանատեղերի հարցը: Երեւանում տաքսիները մշտական կայանատեղեր չունեն, ինչի արդյունքում տաքսիստները ստիպված են մեքենաները կանգնեցնել հիմնականում փողոցներում: «Այդ մարդիկ իրենց մեքենաները կանգնեցնելու տեղ չունեն: Օրինական թույլտվություն չունենալու պատճառով` ստիպված կանգնում են, այսպես կոչված, աչքից հեռու տեղերում, ով, ինչպես եւ որտեղ պատահի»,- ասել է Գ. Բեգլարյանը, ում կարգադրությունները երեկ կայացած ճեպազրույցում ներկայացրել է Երեւանի առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Վերջինիս ասելով, Բեգլարյանը կոչ է արել շահագրգիռ անձանց ներկայացնել այն հատվածների ցուցակը, որոնք կարող են որպես տաքսիների կայանատեղի ծառայել: Այդ տարածքներին ծանոթանալուց հետո կայանատեղերի հարցը համաձայնեցվելու է Ճանապարհային ոստիկանության հետ: Արեյանը նշել է, որ այդ տարածքների հաստատումից հետո տաքսիների համար նախատեսված հատվածներն առանձնացվելու են: Բացի այդ, հարակից տարածքում տեղադրվելու են ճանապարհային նշաններ: Այդ նշանների տեղադրման հարցերով կզբաղվի «Լուսանշան» ընկերությունը: Իսկ Գ. Բեգլարյանն առանձնացրել է 42 տարածք մայրաքաղաքի տարբեր շրջաններում, որոնք առաջիկայում կդառնան կայանատեղեր: Կ. Արեյանը ներկայացրել է նաեւ Գ. Բեգլարյանի հանձնարարականները` զբոսաշրջության սեզոնի բացման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: «Քաղաքամայր Երեւանի պատմական վայրերն ու հուշարձանները զբոսաշրջիկներին պետք է կարողանանք գրավիչ ներկայացնել. սա եւս քաղաքապետի հստակ հանձնարարականն է»,- ասել է Արեյանը` նշելով, որ Երեւան այցելած հյուրերը պետք է տեղեկացված լինեն նաեւ մշակութային օջախների եւ մայրաքաղաքի պատմական ժառանգություն հանդիսացող շենք-շինությունների, հուշարձանների տեղակայման, նախատեսվող միջոցառումների մասին: Դա իրականացվելու է եռալեզու հատուկ ցուցանակների միջոցով, որոնք կտեղադրվեն մայրաքաղաքի բանուկ հատվածներում: Նախատեսվում է նաեւ ծաղկազարդել մայրաքաղաքի կամուրջները, սիզամարգերն ու բակային տարածքները: