Ինչպես են հայերը տոներ նշում

19/07/2005 Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ

Այնպես ստացվեց, որ վերջին մի քանի օրվա ընթացքում մենք նշեցինք երկու
տոն` մեկը պաշտոնական՝ Սահմանադրության օրը, մյուսը՝ ժողովրդական՝
Վարդավառը: Տպավորությունն այնպիսին էր, որ մենք ոչ թե տոներ նշեցինք,
այլ, պարզապես, սովորականից մի երկու օր ավել տանը մնացինք: Մեր բազմաթիվ
ու անիմաստ հեռուստաընկերությունները երբեւէ չեն մտածում իրենց
հաղորդումների ցանցը կառուցել տոնական օրերին համապատասխան (ասեմ ավելին,
մի քանի հեռուստաընկերություն այս օրերին պրոֆիլակտիկա էին անցկացնում):
Մեր բազմաթիվ ու անիմաստ հասարակական կազմակերպությունների մտքով անգամ
չանցավ, որ այդ օրերին կարելի է ինչ-որ միջոցառումներ կազմակերպել
(հատկապես, որ սահմանադրական փոփոխությունների հարցը վերջին շրջանում շատ
չարչրկվեց): Մեր բազմաթիվ ու անիմաստ կուսակցություններն անտարբեր են
Վարդավառի նկատմամբ, քանի որ ոչ միայն չգիտեն Վարդավառի իմաստը, այլեւ
սովոր են իրար վրա ոչ թե մաքուր ջուր շփել, այլ բավական թանձր կեղտաջուր:
Կամ էլ՝ իրենք ինչո՞ւ պիտի այդ տոները նշեն «ցածր կամ միջին» խավի հետ:
Իրենք առանձին են «կայֆավատ ըլնում», «էդ աբիժնիկների աչքից հեռու»: Այս
ամենը գալիս է եւս մեկ անգամ ապացուցելու, որ մեծ հաշվով Սահմանադրության
վրա բոլորը «թքած ունեն» (իսկ բարեփոխումների մասին բոլոր
խոսակցությունների ու վիճաբանությունների հիմքում ընկած է միայն նեղ
անձնական շահը):

Խորհրդային տարիներին տոները (ինչպես եւ մնացած ամեն ինչ) նշվում էին ճոխ,
բայց ձեւական: Մամուլը եւ հեռուստատեսությունն անպայման նշում էր
բանվորագյուղացիական դասակարգի երջանիկ կյանքն ու աշխատանքային
նվաճումները, ցույց տալիս հատվածներ շքերթներից, երեկոյան ծնողները
երեխաներին տանում էին «սալյուտ», եւ բոլորը միասին Արմեն Խաչատրյանի ոճով
գոռում էին նախապես ձայնագրած «ուռա»-ն: Հետո, ինչպես ասում են, տոն
նշելու «սիրտ չուներ» ոչ մեկը, բացառությամբ մի տոնի, երբ ամբողջ ազգը
միասին երկու օր անընդմեջ հոսանք էր ունենում: Դա ինքնին արդեն տոն էր:
Հետո, երբ հոսանք ունենալն արդեն տոն չէր, տոն դարձավ «պուլտով տելեվիզոր»
կամ «առանց սառույց մառազիլկով» սառնարան ունենալը: Ավելի ուշ տոն էր այն
օրը, երբ մարդ կարողանում էր բջջային հեռախոս ձեռք բերել (իմիջիայլոց,
այսօր տոն է այն օրը, երբ այդ բջջային հեռախոսով կարողանում ես որեւէ տեղ
զանգահարել):

Վերադառնանք այն տոներին, որոնք կարմիր գույնով են նշվում մեր
օրացույցում: Երբ կանանց տոնը նշվում էր մեկ օր, տղամարդիկ մարդավարի
(յուրաքանչյուրն՝ իր հնարավորության սահմաններում) փորձում էին ինչ-որ
կերպ ուրախություն եւ հաճույք պատճառել իրենց սիրելի կանանց: Երբ կանանց
տոնը սկսեցին երկու օր նշել՝ մարտի 8-ին եւ ապրիլի 7-ին, հայ տղամարդիկ
գտան ձեւը՝ այն, որ այդ տոնը չնշվի ոչ մի օր: Մարտի 8-ին ասում են, որ
իրենք «պրիզնատ են գալիս» միայն Ապրիլի 7-ը, իսկ երբ գալիս է ապրիլը,
ասում են, որ դա նորահայտ շինծու տոն է: Ինչ վերաբերում է Մայիսի 9-ին,
ապա այն նշվում է՝ կախված աշխարհաքաղաքական իրավիճակից եւ Հայաստանի
«կոմպլեմենտար կայֆերից»: Եթե այդ տարի ռուսների հետ լավ են, ապա նշում
են, եթե լավ են ֆրանսիացիների, ամերիկացիների կամ լիտվացիների հետ, ուրեմն
մոռանում են: Մոռանում են նաեւ, որ անկախ ամեն ինչից, Մայիսի 9-ն առաջին
հերթին Շուշիի ազատագրման օրն է: Այն, որ Հայոց բանակի օրը՝ Հունվարի
28-ը, վաղուց արդեն փետրվարի 23-ը չէ, գիտեն քչերը, սակայն փետրվարի 14-ին
բոլոր ռեստորանների գովազդային հոլովակները հրավիրում են նշել այդ տոնն
իրենց մոտ: Այն, որ Սուրբ Ծնունդը Հայ Առաքելական եկեղեցին նշում է
հունվարի 6-ին, ոչ թե դեկտեմբերի 25-ին, բնականաբար չգիտեն վզներին 25
կիլոգրամանոց ոսկե խաչեր կախած «տղեքը»: Դեկտեմբերի 25-ի մասին էլ նրանք
քիչ պատկերացում ունեն: Իսկ մայիսի 28-ը այսուհետ ոչ թե Առաջին
Հանրապետության օրն է, այլ «Շուրջպարի օրը»:

Ինֆորմացիան ոչ միայն ամենաթանկ բանն է, այլեւ «զենք» է, որով սեփական
ժողովրդի ականջներին կարելի է «փլավ կախել»: Սակայն ի տարբերություն
խորհրդային ժամանակաշրջանի, այսօր բացի «սեփական լրատվությունից»,
գոյություն ունեն ինտերնետ, «Սուպեր սիստեմ», արբանյակային ալեհավաք եւ
էլի շատ բաներ: Հետեւաբար, եթե ոչ բոլորը, ապա գոնե շատերը գիտեն, թե
ինչպես են, ասենք, ռուսները տոնում «Մեծ հաղթանակի 60-ամյակը»,
ամերիկացիները՝ իրենց «Անկախության օրը», բրազիլացիները՝
«Ռիո-դե-Ժանեյրոյի կառնավալը», հույները՝ Օլիմպիական խաղերը: Եվ տա
Աստված, որ մի քանի տարի հետո մենք էլ մեր տոները նշենք այդպես ճոխ եւ, որ
ամենակարեւորն է, այդպես անկեղծ: