Կեղծ դեղեր եւ՛ կան, եւ՛ չկան

16/04/2009 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մինչ այսօր մեր քաղաքացիներից շատերը վախով են հիշում երեք տարի առաջ կատարված մի միջադեպի մասին: 2006թ. ապրիլի 26-ին Գյումրիի հիվանդանոցում Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը հայտնաբերեց ամպուլաներ, որոնք, ենթադրվում էր, որ պետք է պարունակեին «Զեֆուռոքսին» դեղամիջոցը, սակայն իրականում պարունակում էին բացառապես «Ամպիցիլին»: Սա եղավ մեր հանրապետությունում դեղերի կեղծման թերեւս միակ դեպքը, որի մասին արագ հրապարակվեց: Ու չնայած արդեն անցել է շուրջ երեք տարի, սակայն հայ սպառողին շարունակում է մտահոգել այն հարցը, թե արդյո՞ք ինքը պաշտպանված է կեղծ դեղերից:

Խորհրդային Միության փլուզումից հետո ազատ շուկայական հարաբերությունների անցումն իր կնիքը դրեց նաեւ հայաստանյան դեղերի շուկայի վրա։ 1992թ. հիմնված «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի նպատակներից մեկը դարձավ պայքարը կեղծ դեղերի դեմ: Այդ տարիներին Հայաստանի մի շարք մարզերում կազմակերպվեցին սեմինարներ, որոնց առանցքում դրված էր այն հարցը, թե ինչպես պետք է զգուշանալ կեղծ դեղերից: Սա, ըստ վերոնշյալ կենտրոնի փոխտնօրեն Ալբերտ Սահակյանի, արդյունավետ էր: Վերջինս հաշվի է առնում նաեւ այն փաստը, որ չարտոնագրված դեղերը այն ժամանակ ավելի շատ էին: Սակայն այսօր էլ այս հիմնախնդիրը խիստ արդիական է համարվում: «Մենք բազմաթիվ անգամներ անդրադարձել ենք այս խնդրին: Թեման մի տեսակ մոդայիկ է դարձել: 1996-97թթ. մենք հայտնաբերեցինք առաջին կեղծ դեղը, երբ «Հեմոդեզի» փոխարեն ինչ-որ գունավոր լուծույթ էր»,- ասում է Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրենը: Թեպետ կենտրոնն արդեն 2000թ. չունի մշտադիտարկման իրավունք, այսինքն` շուկայից նմուշներ վերցնելու ու հետազոտելու, այնուամենայնիվ, Ալբերտ Սահակյանը կարծում է, որ այսօր հնարավոր չէ հատկապես օրինական ճանապարհով կեղծ դեղեր ներմուծելը: «Կեղծ դեղերի չարիքը տարածված է աշխարհում, բայց, բարեբախտաբար, մեր հանրապետությունը այն պետությունը չէ, որտեղ շուկան հեղեղված է կեղծ դեղերով, սակայն կեղծ դեղերի դեպքերն էլ բացառված չեն: Սրա դեմ պետք է պայքարել համալիր կերպով»,- ասում է` վստահեցնելով, որ հայաստանյան շուկան ամբողջովին վերահսկվում է: Այնուհետ փոխտնօրենը նշում է կեղծ դեղեր պատրաստողների կամ իրացնողների համար նախատեսված պատժի մասին` մեջբերելով Քրեական օրենսգրքի 280-րդ հոդվածը: «Կեղծ դեղեր պատրաստողը կամ իրացնողը` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, իսկ եթե անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, ապա պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով»,- նշված է ՔՕ-ում: Կեղծ դեղերի դեմ պայքարը, ըստ Ալբերտ Սահակյանի, իրականացվում է համալիր կերպով, որին մասնակցում են Մաքսային, Ազգային անվտանգության ծառայությունները, իրավապահ մարմինները, Առողջապահության նախարարությունը, Դեղերի փորձագիտական կենտրոնը: Իսկ 2008-ից Հայաստանն էլ ստորագրել է Քիշնեւում կնքված ԱՊՀ երկրների միջպետական համաձայնագիրը, որը նպատակաուղղված է ԱՊՀ տարածաշրջանում կեղծ դեղերի դեմ պայքարին: Սակայն ամեն դեպքում դեղերի փորձագիտական կենտրոնի փոխտնօրենի կարծիքով՝ սպառողներն էլ պետք է զգուշանան: «Մենք պետք է պայքարը շարունակենք: Կեղծ դեղն էլ կեղծ դոլարի նման է: Ինչպե՞ս կարող ես իմանալ, թե դոլարը կե՞ղծ է, թե՞ ոչ: Չես կարող իմանալ, մինչեւ մասնագետները փորձաքննության չենթարկեն»,- նկատում է Ալբերտ Սահակյանը: Մինչդեռ Հայաստանի դեղ արտադրողների եւ ներմուծողների միության տնօրեն Արմեն Աղայանցը վերջին վեց տարիների ընթացքում այդպիսի երեւույթի հետ դեռեւս չի բախվել ու անգամ չի կարողանում պատկերացնել, որ այնպիսի մարդիկ կան, ովքեր կարող են զբաղվել կեղծ դեղեր արտադրելով կամ տարածելով: «Ես վստահաբար կարող եմ ասել, որ մեր դեղատնային ցանցերում էդպիսի դեպքեր չկան: Ավելին` մեզ մոտ չգրանցված դեղեր չկան»,- ասում է Արմեն Աղայանցը: Ի դեպ, Հայաստանի դեղ արտադրողների եւ ներմուծողների միությունը ստեղծվել է 2003թ., եւ նրա կազմի մեջ մտնում են ՀՀ-ում գործող դեղամիջոցներ արտադրող՝ 6 եւ ներմուծող 5 կազմակերպություններ` «Ալֆա-ֆարմ» ՍՊԸ, «Արփիմեդ» ՓԲԸ, «ԵրՔԴՖ» ԲԲԸ, «Էսկուլապ» ՍՊԸ, «Լամբրոն- Ֆարմիմէքս» ՍՊԸ, «Լիկվոր» ՓԲԸ, «Մեդիկալ Հորիզոն» ՍՊԸ, «Վիտամաքս-Ե» ՍՊԸ, «Տոնուս-Լես» ՍՊԸ եւ «Ֆարմ-Գոհար» ՍՊԸ: Նշենք, որ ըստ Ա. Աղայանցի, համաշխարհային ճգնաժամն անդրադարձել է նաեւ միության մեջ ներգրավված կազմակերպությունների վրա: Այդ ազդեցությունը հայ սպառողը զգաց դոլարի փոխարժեքի բարձրացման ժամանակ, երբ հանրապետության դեղատներում դեղորայքի գինը բարձրացավ շուրջ 20 տոկոսով: Սա միության տնօրենը պայմանավորում է եվրոպական երկրներից ներկրվող հումքի գնի բարձրացմամբ։