Կառավարության անցած շաբաթ կայացած նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել էր հերթական «հակաճգնաժամային միջոցառումը», որի նպատակը, ինչպես հայտարարվում է, շինարարության ոլորտում ստեղծված ծանր իրավիճակը մեղմելն է:
Խոսելով այն մասին, որ մեր տնտեսության զարգացման կարեւորագույն շարժիչներից մեկը շինարարությունն է, եւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքներն առաջին հերթին իրենց վրա զգացին կառուցապատողները` Տ. Սարգսյանն ասել էր, որ օտարերկրյա ներդրումների ծավալների կտրուկ նվազումը շինարարության ոլորտում բացասաբար անդրադարձավ համախառն ներքին արդյունքի ցուցանիշների վրա: «Մենք որոշում ենք ընդունել տրամադրել պետական երաշխիքներ կառուցապատողներին` առաջին փուլում մինչեւ 20 մլրդ դրամի չափով: Պետական երաշխիքներ, որոնք հնարավորություն կտան կառուցապատողներին վարկային միջոցներ ներգրավել առեւտրային բանկերից»,- հայտարարել էր նա` հավելելով, որ եթե այդ 20 միլիարդանոց փաթեթը կառավարությունը կարողանա արագորեն իրացնել եւ գնահատել ռիսկայնության մակարդակը, ապա չի բացառվում, որ տրամադրվող երաշխիքների ծավալներն ավելացվեն եւս 20 մլրդ դրամով: Ըստ վարչապետի, այսօր առեւտրային բանկերում իրացվելիության մակարդակը չափազանց բարձր է, նրանք ունեն կուտակած ռեսուրսներ, եւ միակ գործոնը, որը զսպում է նրանց ավելացնելու վարկավորման ծավալները, ռիսկայնության գնահատումն է: «Հասկանալի է, որ պետությունը չի կարող այս պահին չմիջամտել եւ չվերցնել իր վրա որոշակի ռիսկեր, նպատակ ունենալով աշխուժացնել տնտեսությունը: Բոլոր կառուցապատողները կարող են դիմել օպերատիվ շտաբին` ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթեր: Նախնական քննարկումներ տեղի են ունեցել կառավարությունում` եւ կառուցապատողների հետ, եւ Կենտրոնական բանկը քննարկումներ է իրականացրել առեւտրային բանկերի հետ. այն կանոնները եւ պայմանները, որոնք մենք առաջարկում ենք, երկկողմ ընդունելի են»,- ասել էր վարչապետը: Նա նաեւ հայտարարել էր, որ առաջին հերթին նախապատվությունը տրվելու է այն անավարտ շինարարական օբյեկտներին, որոնց պատրաստվածության աստիճանը հասնում է մինչեւ 75 տոկոսի: «Հասկանալի է, որ դրա նպատակն է հնարավորին չափ արագ շրջանառության մեջ դնել եւ վաճառքի հանել պատրաստի բնակարաններ»,- նշել էր Տ. Սարգսյանը: Կառավարության այս քայլը մեր հետ զրույցում տարբեր տնտեսագետներ տարբեր կերպ մեկնաբանեցին: ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի կարծիքով, սա կառավարության կողմից իրականացվող գործնական առաջին քայլերից է, ինչը, ընդհանուր առմամբ, կարելի է դրական համարել: «Եթե սկսել են աշխատել, դա, իհարկե, ողջունելի է, որովհետեւ մինչեւ հիմա վարչապետը առավելապես խոսում էր»,- նշեց
Բ. Ասատրյանը: Ըստ նրա՝ այս տարի նախատեսվում է շինարարության ծավալների 10-20 տոկոս անկում, ինչը դրամական արտահայտությամբ կազմում է 80-170 մլրդ դրամ (նախորդ տարի շինարարության ծավալները կազմել են 800-850 մլրդ դրամ): Եվ, ըստ Բ. Ասատրյանի, այդ 20 մլրդ-անոց ծրագիրը ինչ-որ չափով կարող է մեղմել շինարարության ծավալների անկումը: Սակայն, նրա խոսքերով, այդ ծրագրի իրականացման արդյունավետության տեսակետից լուրջ մտահոգություններ կան: «Ինքս չեմ հավատում, որ կոռուպցիոն հերթական սխեման չի աշխատելու եւ միայն իրենց ծանոթներին, պատգամավորների կամ պաշտոնյաների մտերիմներին չեն հասանելի դարձնելու այդ միջոցները: Այսինքն` երբ կառավարությունը նման ծրագրեր է մշակում, որպես կանոն, արդեն աչքի առաջ ունի, թե ում ծանոթին եւ բարեկամին է հաճոյանալու այդ քայլով»,- ասում է Բ. Ասատրյանը: Մյուս կողմից էլ, ըստ ԿԲ նախկին նախագահի` լավ կլիներ, եթե կառավարությունը միջոցառումների համալիր ծրագիր իրականացներ, եւ ոչ թե ըստ իրավիճակի այսօր մի որոշում կայացներ, վաղը` մեկ այլ: «Նման ճանապարհ անցած տարի բռնել էր Ռուսաստանի կառավարությունը: Հսկայական միջոցներ մտցրեցին շուկա եւ մի 3-4 ամիս հետո հասկացան, որ ոչ մի արդյունք չկա: Վտանգ կա, որ մենք էլ ենք նույն ճանապարհը բռնել: Այդ 20 մլրդ-ը պետք է դիտարկվի ամբողջական կոնտեքստում»,- նշեց Բ. Ասատրյանը: ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի կարծիքով էլ, Կառավարության այս քայլը կապահովի նոր աշխատատեղեր ոչ միայն շինարարության, այլեւ հարակից ոլորտներում, ինչպես նաեւ կնպաստի ապրանքաշրջանառության զարգացմանը, տնտեսության աշխուժացմանը: «Մյուս կողմից էլ՝ մենք կունենանք ավարտուն ապրանք (բնակարաններ.- Հ.Մ.), որը կարող ենք շուկայում իրացնել: Սա միջնորդի դեր իրականացնող գործառույթ է բանկային համակարգի եւ տնտեսվարողների միջեւ»,- ասում է Գ. Մինասյանը:
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Բոստանջյանը նույնպես ողջունում է կառավարության այս նախաձեռնությունը: Ըստ նրա՝ այս միջոցառումն արձանագրված է եղել հակաճգնաժամային ծրագրում: «Շինարարության ոլորտը երկար ժամանակ ապահովել է մի կողմից՝ ՀՀ տնտեսական աճի երկնիշ թիվ, մյուս կողմից էլ՝ բավականաչափ մեծ զբաղվածություն: Քանի որ բնակարանային ապահովվածության խնդիր այսօր դեռեւս կա, կարծում եմ, ռիսկերը այստեղ շատ մեծ չեն լինի: Եվ ես խորապես համոզված եմ, որ կառավարության այս նախաձեռնությունը կունենա մեծ դրական ազդեցություն ճգնաժամի հետեւանքները մեղմելու համար»,- նշեց Վ. Բոստանջյանը: Իսկ տնտեսագետ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի կարծիքով, այդ բնակարանների պահանջարկը այսօր Հայաստանում չկա: «Ո՞ւմ համար է դա կառուցելու, արդյոք պետությունը նման երաշխավորությամբ հանդես գալու իրավունքը ունի՞: Բացի այդ` ի՞նչ տոկոսներով են առեւտրային բանկերը այդ վարկերը տրամադրելու շինարարական կազմակերպություններին: Այսօր վարկերը տրվում են 16-24%-ով. պատրա՞ստ են, արդյոք, շինարարական կազմակերպությունները նման վարկեր վերցնել»,- ասում է Վ. Խաչատրյանը` հավելելով, որ այս նախագիծը կառավարության հերթական պոպուլիստական քայլերից է եւ իրականություն չի դառնա: Ըստ նրա՝ պետությունը այսօր չունի ֆինանսական միջոցներ, եւ լավ կլինի, որ կառավարությունը բացի խաղաքարտերն ու ասի, որ անելանելի վիճակում է, հարկեր չի կարողանում հավաքել: Սրա ապացույցներից մեկն էլ այն է, որ, ինչպես նշեց Վ. Խաչատրյանը, նրանք, ովքեր այս տարի պետությունից շինարարություն իրականացնելու պատվերներ են ստանձնել, չեն կարողանում այդ գումարները կառավարությունից ստանալ: «Սրանց ասում են` դուք շինարարությունը սկսեք` բանկերից վարկեր վերցնելով, մենք հիմա ձեր գումարները չենք տա, կտանք սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Այնպես որ, եթե այդ ծրագրի շրջանակներում կառուցապատողը վարկ վերցնի ու չկարողանա մարել, վստահ եմ` երբ բանկը պետությունից պահանջի երաշխավորված վարկը, պետությունն այդ պահին չի տալու գումարը ու ստիպելու է բանկին տարիներով սպասել: Մի խոսքով` կառավարության այս քայլերը կարելի է անվանել ավանտյուրա»,- վստահեցրեց Վ. Խաչատրյանը: