Նախօրեի ուշ երեկոյան հայտնի է դարձել, որ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացուցիչները չեն մեկնել Բաքու` մասնակցելու Ադրբեջանի խորհրդարանում նախատեսված քննարկումներին: Թուրքիայի Ազգային Մեծ ժողովում իշխող կուսակցությունը ներկայացնող պատգամավորներից մեկը` Մուստաֆա Կաբակչին, բացատրել է, թե ինչու չի ցանկացել ընդունել իր ադրբեջանցի գործընկերների հրավերը: «Որպեսզի ես մեկնեի Բաքու` կուսակցության ղեկավարած մարմինները պետք է նախապես համապատասխան որոշում կայացնեին: Բացի այդ, Թուրքիայի ղեկավարները արդեն իսկ հայ-թուրքական հարաբերությունների շուրջ հանդես են եկել հստակ պարզաբանումներով»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի, ասել է նա: Նշենք, որ նախօրեին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը կրկին անդրադարձել է այս թեմային: «Թուրքիայի նպատակը Կովկասում կայունության ու խաղաղության հաստատումն է: Սա է պատճառը, որ Թուրքիան ներգրավված է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առկա խնդիրների լուծման գործում: Այդուհանդերձ, դիվանագիտական գաղտնիության սկզբունքը ինձ թույլ չի տալիս այս մասին ավելի հստակ խոսել»,- հայտարարել է Ա. Գյուլը:
«Ազատությունը» հիշեցնում է, որ թուրքական ընդդիմությունը խիստ կասկածանքով է վերաբերվում Անկարայի եւ Երեւանի շփումներին: Վերջին շաբաթներին ընդդիմադիր երկու առաջատար ուժերի` «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության ու Ազգայնական շարժման համար հայ-թուրքական զարգացումները դարձան այն հարմար առիթը, որին անդրադառնալով՝ այդ ուժերի ղեկավարները հնարավորություն են ստանում քննադատության ենթարկել նախագահ Գյուլին եւ վարչապետ Էրդողանին: Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության ղեկավար Դենիզ Բայքալը նախօրեին Անկարայում հայտարարել է. «Հայ-թուրքական սահմանի բացումը կհանգեցնի ադրբեջանական տարածքների կորստին եւ նոր ուժ կհաղորդի Հայաստանի զավթողական քաղաքականությանը: Թուրքիան չպետք է թույլ տա, որ իրեն օգտագործեն ի շահ Հայաստանի: Դա կարող է հանգեցնել Ղարաբաղի վերջնական կորստին»: