«Վրացական կողմը գոհ է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպումից»,- այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Բատու Քութելիան: «Քլինթոնը լավ եւ մանրամասն տեղեկացված է իրենց երկրում կատարվող իրադարձությունների մասին»,- ասել է նա: Հիշեցնենք, որ Հիլարի Քլինթոնի եւ Վրաստանի արտգործնախարար Գ. Վաշաձեի հանդիպումը կայացել էր նախօրեին, երեկոյան, Վաշինգտոնում եւ տեւել էր նախատեսվածից բավական երկար: «Պետքարտուղարը բարձր է գնահատել այսօր Վրաստանում ընթացող գործընթացները, որոնք դուրս չեն գալիս ժողովրդավարության շրջանակներից»,- ասել է Քութելիան` նշելով, որ Քլինթոնը բարձր է գնահատել նաեւ այդ բողոքի ակցիաների նկատմամբ պետական կառույցների գործողությունները եւ «վրացական հասարակության հասունությունը»: Իր հերթին՝ Վրաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից առաջ Քլինթոնը հայտարարել է. «Մենք ողջունում ենք այստեղ Վրաստանի արտգործնախարարին: Հիմա մի շրջան է, որը լի է նոր մարտահրավերներով այդ երկրի երիտասարդ ժողովրդավարության պատմության համար»: ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ մտադիր են քննարկել մեծ թվով հարցեր, որոնք կարեւոր են երկկողմ հարաբերությունների համար: «Դա ընդգծում է մեր ուժեղ աջակցությունը Վրաստանի անկախությանն ու ժողովրդավարությանը»,- հայտարարել է Քլինթոնը: Ի դեպ, հանդիպումից հետո ադրբեջանական «APA» գործակալության թղթակիցը Վրաստանի արտգործնախարարին հարց է ուղղել հայ-թուրքական սահմանի բացման հնարավորության եւ Վրաստանի ապրանքաշրջանառության ծավալների վրա դրա հնարավոր ազդեցության մասին: «Հայ-թուրքական սահմանի բացում չի սպասվում»,- պատասխանել է Վրաստանի արտգործնախարարը: Խոսելով Կովկասում կայունության ու համագործակցության Թուրքիայի ծրագրի մասին` Գ. Վաշաձեն ասել է. «Վրաստանի, ՌԴ-ի, Ադրբեջանի ու ՀՀ-ի միջեւ կապերը խզված են: Չնայած դրան, Թուրքիան մտադիր է բոլորին հաշտեցնել, սակայն այդ ֆորմատով խաղաղությունն անհնարին է: Նման հարցերը լուրջ նախապատրաստական աշխատանքներ, երկար ու բարդ աշխատանք են պահանջում: Մյուս կարեւոր հարցն այն է, որ, եթե բանակցությունների մասնակից յուրաքանչյուր կողմը չհարգի միջազգային իրավական նորմերը, Կովկասում երբեք խաղաղություն չի լինի: Մեր տարածաշրջանը փոքր է, եւ երրորդ, չորրորդ, 18-րդ պետության տեղ չկա»: