Վիրտուալ ոսկի

16/04/2009

«Վիրտուալ ոսկին կամ անկանխիկ դրամական համակարգը՝ կապակցված ոսկեդրամի փոխարժեքին, կարելի է դիտել որպես դոլարի միակ իրական այլընտրանք՝ նոր գլոբալ արժույթ»,- նման կարծիք է հայտնել Արտաքին հարաբերությունների խորհրդի միջազգային էկոնոմիկայի դեպարտամենտի տնօրեն Բեն Սթայլը: «Փող տպելու եւ այն կարգավորելու իրավունք ունեցող կառավարությունները միշտ մեքենայություններ են անում: Վստահության անկումը դոլարի նկատմամբ, չխոսելով արդեն մյուս արժույթների մասին, ստեղծում է ոսկու համարժեքի կամ «թվային ոսկու» առաջացման հավանականություն, որը միշտ կարող է փոխանակվել իրական ոսկով»,- ասել է Սթայլը: Նշենք, որ ԱՄՆ-ում լույս է տեսել նրա «Փողեր, շուկաներ եւ ինքնիշխանություն» գիրքը: Հիշեցնենք, որ Ռուսաստանը եւ Չինաստանը, իսկ նրանցից հետո՝ մի շարք այլ երկրներ այս տարի առաջադրեցին Արժույթի միջազգային հիմնադրամի հաշվարկային միավորի՝ փոխառությունների հատուկ իրավունքների անցնելու գաղափարը՝ դոլարի՝ որպես գլխավոր պահուստային արժույթի փոխարեն: Փոխառությունների հատուկ իրավունքներն օգտագործվում են վճարային հաշվեկշիռների հաշվեմնացորդների կարգավորման համար՝ փոխարժեքը հարաբերակցելով չորս առաջատար արժույթներից՝ ամերիկյան դոլարից, եվրոյից, ճապոնական իենից եւ բրիտանական ֆունտ ստեռլինգից բաղկացած զամբյուղի արժեքին: «Ցանկացած անցում նոր դրամական համակարգի կուղեկցվի չափազանց հիվանդագին գործընթացներով, ներառյալ ճգնաժամերն ու սոցիալական ցնցումները: Ուստի, դոլարից անցումը դեպի չորս արժույթներից բաղկացած զամբյուղ, որոնք, ըստ էության, նույնպես տպված թղթեր են, ռացիոնալ հատիկ չունի»,- գտնում է Սթայլը: Նրա կարծիքով, բոլոր ազգային արժույթները տարբեր չափերով գնազրկում են ապրել: 1950 թվականից մինչեւ 1975 թվականն ամերիկյան դոլարի գնողունակությունը նվազել է 57 տոկոսով, շատ արժույթների համար այս ցուցանիշը եղել է շատ ավելի դրամատիկ: «Ճգնաժամը, ֆինանսական անկայունությունն անվստահություն են առաջացնում արժույթների նկատմամբ: Այն, որ մարդիկ սկսում են փող ներդնել ոսկով, միանգամայն բնական է. ոսկին դառնում է ավելի գերադասելի ներդրում: Ես կարծում եմ, որ ներդրումային թղթապանակներում ոսկու պաշարի բաժինը կավելանա»,- ասել է Սթայլը: Ըստ փորձագետների գնահատումների՝ ազգային պահուստներում, ներառյալ միջազգային ֆինանսական կազմակերպությունները, 2005 թվականին կար շուրջ 31 հազար տոննա ոսկի: «Վիրտուալ ոսկին» մարտահրավեր է նետում դոլարին՝ ի հեճուկս կառավարությունների կամքի, եւ առաջին հերթին՝ ԱՄՆ-ի վարչակազմին, որոնք օրենսդրական մակարդակով կխոչընդոտեն դրա շրջանառության ընդլայնմանը:

Սակայն ոսկուն անցնելը կպաշտպանեն շուկաներն ու մասնավոր ներդրողները, գտնում է փորձագետը: «Ոսկու բանկերի» ի հայտ գալը, որոնք վարկավորում են եւ ավանդներ են ներգրավում ոսկու համարժեքով, նա համարել է շուկայում առայժմ նեղ, բայց շատ դինամիկորեն զարգացող հատված: