«Ոսկե ծիրան» 6-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցնի հուլիսի 12-19-ը ու կպահպանի իր հիմնական անվանակարգերն ու ավանդական դարձած ծրագրերի, հանդիպումների ու վարպետության դասերի ձեւաչափերը։
Փառատոնի բացման ֆիլմ է ընտրվել ֆրանսիական «Առաջին շրջան» ֆիլմը, որտեղ գլխավոր դերում հանդես է եկել ֆրանսիացի դերասան Ժան Ռենոն։ Ֆիլմի պրոդյուսերը «Սեզար» կինոակադեմիայի նախագահ ու Ֆրանսիայի կինոպրոդյուսերների միության նախագահ Ալեն Թերզյանն է, ում «Ոսկե ծիրանը» վաղուց էր ցանկանում Հայաստան հրավիրել։
Փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանն ասաց, որ հիմա լավ առիթ է ստեղծվել, քանի որ «Առաջին շրջանը» Ֆրանսիայում հանգրվանած հայ ընտանիքի մասին է պատմում, իսկ Ժան Ռենոն հայկական ընտանիքի հոր դերն է կատարում։ Մալաքյան ընտանիքն այս ֆիլմում ներկայանում է որպես մաֆիոզ մի կլան, որտեղ ամենաթանկը բարեկամական կապերն են, եւ որտեղ օտարներին չեն ընդունում։ Ընտանիքի զավակը փորձում է փախչել իր վրա դրված «պարտականություններից» ու հայտնվում է այն երկընտրանքի առջեւ, որի առջեւ կանգնել էր նաեւ «Կնքահայրը» ֆիլմի հերոսը։ Մ.Ստամբոլցյանն ասաց, որ Ժան Ռենոն նույնպես Հայաստան գալու ցանկություն ուներ, սակայն հուլիսին պետք է ծնվի նրա զավակը, ու դերասանը չի ուզում բաց թողնել այդ երջանիկ օրը։
«Ոսկե ծիրանը» դեռ ճշտում է իր հետագա ծրագրերը, սակայն արդեն պարզ է, որ այս տարի փառատոնի ծրագրում լիամետրաժ խաղարկային հայկական ֆիլմեր կլինեն, ինչը հազվադեպ էր տեղի ունենում, քանի որ Հայաստանում վաղուց արդեն լավ խաղարկային ֆիլմեր չեն նկարահանվում։ Հայաստանում նկարահանված իր նոր ֆիլմը կցուցադրի Ատոմ Էգոյանը, իսկ ռեժիսոր Հովհաննես Գալստյանը կներկայացնի իր «Խճճված զուգահեռները» կինոդրաման։
Փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը տեղեկացրեց, որ «Ոսկե ծիրանը» կշարունակի ցուցադրել եվրոպական ու ասիական լավագույն ֆիլմերը եւ ապացուցել, որ մեր տարածաշրջանում Հայաստանը հավակնում է կինոկամուրջի դեր ստանձնել տարբեր կինոգործիչների համար։ Հատուկ ծրագրով կներկայանան լեհական ու արաբական ֆիլմերը, եւ Հայաստան կժամանի լեհ ռեժիսոր Յեժի Սկոլիմովսկին։ «Լավ ֆիլմերը աշխարհում քիչ են, ու դրանք փառատոներ հրավիրելու համար լուրջ մրցակցություն է ծավալվում։ Մի քանի անգամ փառատոնի ընթացքում ֆիլմ ցուցադրելու գինը այս տարի կրկնապատկվել է»,- տեղեկացրեց Ս.Հարությունյանը։ Փառատոնի օրերին լույս կտեսնի նաեւ երկլեզու օրաթերթ, որի նյութերը կպատրաստեն հայ ու արտասահմանյան լրագրողները։
Իսկ «Ոսկե ծիրանի» նախագահ, կինովավերագրող Հարություն Խաչատրյանը մոտ օրերս պատրաստվում է մեկնել ԱՄՆ՝ Հյուսթոն քաղաքում անցկացվող փառատոնին իր նոր՝ «Սահման» ֆիլմը ներկայացնելու համար։ «Սահմանը» պատմում է երկու պետությունների սահմանը զատող փշալարերի արանքում հայտնված գոմեշի մասին, որը միաժամանակ երկու հայրենիք ունի, բայց իրականում՝ գնալու տեղ չունի։ «Իմ ֆիլմերը միշտ հասարակ պատմություններ են, շատերը նույնիսկ ասում են, որ նրանցից թրիքի հոտ է գալիս։ Ի՞նչ արած, ես այդպիսի ֆիլմեր եմ սիրում, իմ նկարահանածը երբեք աստղային պատերազմների մասին չի լինում, ես սենտիմենտալ ու պարզ պատմություններ եմ պատմում»,- ասաց Հ.Խաչատրյանը, ում ֆիլմերը հատուկ ռետրոսպեկտիվ ծրագրով կցուցադրվեն այս տարվա հունիսին կայանալիք Մոսկվայի կինոփառատոնում։