Կոմիտասի շուկայում ծիրան վաճառող Ուջան գյուղի բնակիչ Արամ Սիրունյանն
ասում է. «Պետությունը ոչ մի կերպ չի ուզում աջակցել մեզ, «տամոժնիան»
փակել են՝ չենք կարողանում բերքն արտահանել, այստեղ էլ էդքան գնորդ չկա՝
մնում-փչանում է»: Կոմիտասի շուկայի գրեթե բոլոր ծիրան վաճառողները
բողոքում էին, որ իրենց միակ հույսը Վրաստանն էր, ուր կարող էին արտահանել
բերքը: «Ոչ մեզ են թողնում տանենք, ոչ էլ վրացիներին են թողնում, որ գոնե
նրանք գան առնեն-տանեն»,- ասում էին գյուղացիները: «Էս ծիրանը որ հիմա ես
50 դրամով վաճառում եմ, վրացին կգար 120 դրամով կառներ-կտաներ,- բողոքում
էր նրանցից մեկը,- «սպեցիալնի» էնպես են անում, որ չկարողանանք արտահանել
ու 30 դրամով հանձնենք մթերող գործարաններին, հո չե՞նք թողնի մնա փչանա,
ստիպված իրենց ուզած գնով պիտի տանք իրենց»:
Մալաթիայի շուկայում երեկ ծիրանի կոտորած էր: Ժամը 16.00-ից հետո
շուկայում արտաշատցիները լավագույն ծիրանը վաճառում էին 150-200 դրամով,
իսկ ընդհանրապես ծիրան կարելի էր գնել սկսած 30 դրամից: Գյուղացիները
ծիրանը մայրաքաղաքի շուկաներ են հասցնում ավտոբուսներով: Ավտոբուսի
վարորդները շրջում էին ծիրան ծախողների շարքերի մեջ՝ մինչեւ մեկը ծիրան
կծախեր ու ավտոբուսի վարձը կտար: «Հեն ա, 30 դրամով դրած ծիրան ա ծախում,
ինչքա՞ն պիտի ծախի, որ իմ փողը տա՝ գնամ»,- ասում էր վարորդներից մեկը:
«Ամեն մի արկղը տեղափոխելու համար 500 դրամ ավտոբուսի շոֆերին ենք տալիս,
600 դրամ՝ մեր գնալ-գալու վարձը, 500 դրամ էլ շուկայի տեղի համար ենք
տալիս, տակը բան չի մնում»,- ասում էր մի աշտարակցի: «Ժամը ութին արի տես՝
ինչ ա կատարվում Մալաթիայի շուկայում,- առաջարկում է արտաշատցի Սիրանույշ
Սահակյանը,- շուկայի հսկիչները գալիս արկղերը գլխներովս են տալիս՝ թե ձեր
ժամը լրացել է, շուկան ազատեք. շուկա մտնում ենք ժամը չորսին, չորս ժամում
ես ինչքա՞ն ծիրան պիտի ծախեմ, ամբողջ շուկայում ծիրանը ոտի հետ գնում ա»:
Ժամը ութից հետո Մալաթիայի շուկան արտաշատցիներին ճանապարհում ու
ընդունում է արմավիրցիներին: Մի քանի ժամ էլ նրանք են փորձում իրենց բերքը
փրկել:
«Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի
փոխտնօրեն Նորիկ Բարսեղյանը հավաստիացնում է, որ արտահանման հետ կապված
գյուղացին ոչ մի խնդիր չունի, եթե բերքը վնասատու հիվանդություն չի կրում.
«Պարզապես նրանք ուզում են անօրինական ճանապարհներով արտահանել՝ առանց
պետությանը տուրք վճարելու»: Յուրաքանչյուր կգ-ի համար պետությունը
գյուղացուց հարկում է շուկայական արժեքի 32 տոկոսը: «Գյուղացին էլ հաշվում
է, իր ծախսերը հանում՝ տեսնում է տակը բան չի մնում»,- ասում է Ն.
Բարսեղյանը: Ստիպված տանում է շուկա: Շուկաներն այսօր այնքան են հեղեղված
ծիրանով, որ եթե մեկից գին ես հարցնում ու ասում է, ենթադրենք՝ 100 դրամ,
էլ չի սպասում, որ մտածես, սկսում է արագ գինը «քցել» կրկնակի, եռակի՝
միայն թե առնես: Կոմիտասի շուկայում ամենաընտիր ծիրանը («չուտես-չխմես՝
մենակ նայես») երեկ արժեր 200-250 դրամ: «Ձրի էլ կտամ,- ասում էր վաճառող
տարեց տղամարդը,- բայց որ գործարանները գան ուզեն, 400 դրամից պակաս իրանց
չեմ տա, տեսնում ես՝ էս ինչ են անում ժողովրդի գլուխը, էս տեսակ ծիրանը
Արտաշատի պահածոների գործարանը ինձնից 30 դրամով էր ուզում»:
Մասնագետներն այս տարի կանխատեսել են շուրջ 70-80.000 տոննա ծիրանի բերք:
Ն. Բարսեղյանի հավաստմամբ՝ առայժմ միայն 2.652 տոննա ծիրան արտահանվել է
Մոսկվա: Գյուղնախարարության մեր աղբյուրները տեղեկացնում են, որ
նախարարությունն այս տարի նախապես հանդիպել է մթերող խոշոր գործարանների
հետ՝ հորդորել բերքը մթերել առնվազն 100 դրամով: Սակայն վերջին օրերի
կարկտահարությունները եղել են ի նպաստ մթերողների: «Նույն ծիրանն է,
կարո՞ղ է դրանից համը փոխվել է, իրանց համար ի՞նչ տարբերություն, թե վրան
կարկուտի մի քանի հետք կա»,- ասում են գյուղացիները: Գյուղնախարարությունն
ասում է՝ իրենք իրավասու չեն միջամտել երկու մասնավոր սուբյեկտների միջեւ
գործարքներին: Գյուղնախարարության աշխատակիցների ունեցած ինֆորմացիայով՝
գործարանները 50 դրամից ցածր գին չեն առաջարկում: Գյուղացիները
հավաստիացնում են, որ մթերման գները տատանվում են 30-45 դրամի
սահմաններում՝ ըստ ծիրանի որակի: Մեր բոլոր ջանքերը՝ որեւէ ինֆորմացիա
ստանալու մթերող գործարաններից, արդյունք չտվեցին: Գործարարներն այս
օրերին դրա ժամանակը չունեն, խիստ են զբաղված: Ծիրանի բերքը մեկ շաբաթից
կսպառվի: