ՀՀԿ-ն մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու է «Քեզ համար, Երեւան» կարգախոսով: «Խորհրդարանական ընտրություններին մենք գնացինք՝ «Քեզ համար, Հայաստան», նախագահական ընտրություններին` «Առաջ, Հայաստան» կարգախոսով: Այսինքն, ցանկանում ենք ասել, որ մեզ համար ընտրությունները ոչ թե ընդդեմ ինչ-որ մի գաղափարախոսության, ուժի դեմ է, այլ հանուն մի գաղափարի` Հայաստանի զարգացման, հասարակության խնդիրների լուծման: Մեր կուսակցությունն ուզում է ցույց տալ, որ իր համար գերակա է ոչ թե կուսակցական շահը, այլ պետական, ազգային շահը: Նույն տրամաբանությամբ էլ գնում ենք ավագանու ընտրություններ. ընտրությանը մասնակցող կուսակցությունները պետք է ներկայացնեն Երեւանի իրենց տեսլականը` ինչպիսին են ուզում տեսնել Երեւանը: Բնականաբար, մենք առաջնորդվեցինք «Քեզ համար, Երեւան» կարգախոսով, որպեսզի ցույց տանք, որ գնում ենք հանուն մեր մայրաքաղաք Երեւանի` վաղը ավելի լավ, զարգացած Երեւան տեսնելու համոզմամբ»,- «panorama»-ին ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանի փոխանցմամբ` իրենց կարգախոսը հետեւյալն է` «Մեր խոսքը գործ է», իսկ Տիգրան Կարապետովիչի` «Ժողովրդական կուսակցությանը»` «Սեր երեւանցիներին», «Երաշխիք երեւանցիներին»: Կուսակցության ցուցակում երկրորդ համարը զբաղեցնող Արտակ Հարությունյանն ասել է, թե առայժմ իրենց կարգախոսներից միայն այս երկուսն են պատրաստ, իսկ մյուսները դեռ քննարկման փուլում են:
«Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցության (ՀԱՍԿ) կարգախոսն է` «Բարեկարգ եւ բարգավաճ քաղաք, բարեկիրթ եւ բարեկեցիկ քաղաքացի»: Կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանի հավաստմամբ` «Մեկ այլ տարբերակ էլ կարող ենք շրջանառության մեջ դնել, բայց հնարավոր է, որ հենց այս տարբերակը լինի»:
Ինչ վերաբերում է Դաշնակցությանը, ապա նրանք դեռ չեն որոշել, թե ինչ կարգախոսով են մասնակցելու Երեւանի ավագանու ընտրություններին: «Օրինաց երկիր» կուսակցության մամուլի քարտուղարն էլ կայքին փոխանցել է, որ ինչպես նախագահական ընտրություններում, այնպես էլ ավագանու ընտրություններում, ունենալու են մի քանի կարգախոս: Սակայն նա այդպես էլ գոնե մեկ կարգախոս չի նշել։ «Առաջիկա օրերին պաշտոնապես կհայտարարենք»,- ասել է ՕԵԿ մամլո քարտուղարը:
Ինչ վերաբերում է Հայ Ազգային կոնգրեսին, ապա նրանք նույնպես դեռեւս կարգախոս չունեն: Նրանց կարգախոսը նույնպես դեռեւս պատրաստ չէ: