Վրաստանում «Կոկա-Կոլա բոթլերս Ջորջիա» ընկերության գլխավոր տնօրեն Վախթանգ Լագիձեին դաժան ծեծի են ենթարկել ու խլել նրա ավտոմեքենան: Այդ մասին հայտնում է «Գրուզիա online» կայքը: Ինչպես տեղեկացրել է Լագիձեի կինը` Մակա Թավամաիշվիլին, նախօրեի երեկոյան, ժամը 18-ին, երբ իր ամուսինը վերադառնալիս է եղել քաղաքում տեղի ունեցող բողոքի ակցիայից, նրան 6 ավտոմեքենաներով հետապնդել են 12 մարդիկ, եւ երբ Լագիձեն մոտեցել է Ճավճավաձե պողոտայի վրա գտնվող իր տանը, նրան դաժան ծեծի են ենթարկել եւ հափշտակել մեքենան: Ներկայումս տուժածը գտնվում է հիվանդանոցում, որտեղ ամբուլատոր բուժում է ստանում: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն: Միաժամանակ, Հանրային հեռուստաընկերության դիմաց բողոքի ակցիայից վերադարձի ճանապարհին վրացի երգիչ Զուրաբ Մանջավիձեի վրա են հարձակվել զինված եւ դիմակներով մարդիկ: Մանջավիձեի եւ նրա երկու եղբայրների վրա հարձակվել է մոտ 10 հոգուց բաղկացած մի խումբ, որոնք եղել են «BMW» եւ «Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներով: «Գոլֆի» համարները եղել են պետական: Նրանք փորձել են բացել երգչի մեքենայի դուռը: Նրա եղբայրները հասցրել են ներսից փակել ավտոմեքենայի դռները, դրա համար ծեծի է ենթարկվել միայն Զուրաբը: Ավազակները հարվածել են նաեւ մեքենային ու կոտրել ապակիները: Ինչպես հայտնել է Մանջավիձեն, այդ վայրում գտնվող մարդիկ աղմուկ են լսել, որից հետո դիմակներով մարդիկ հեռացել են: Դրանից հետո երգիչը վերադարձել է հանրահավաքի վայր ու իր հետ տեղի ունեցածի մասին պատմել ընդդիմության առաջնորդներին: