Երեկ առավոտյան կարմիր խալաթով կանայք հավաքվել էին Աջափնյակ համայնքի Հալաբյան փողոցում, նախկին «Արագած» կինոթատրոնի մոտ: Եթե չլիներ նրանց մեջքին գրված «Կենտրոն մաքրություն» բառերը, կարելի էր ենթադրել, որ կանայք պատրաստվում էին ինչ-որ շքերթի: «Ամառը սառույց ենք ջարդել, հիմա էլ քաղաքն ենք մաքրում»,- ասացին մի խումբ կանայք, ովքեր արդեն տեղավորվել էին ավտոբուսներում: Նրանք ոգեւորությամբ պատմում էին իրենց կատարած աշխատանքների մասին, որոնք սկսել են մարտի 23-ից: Հիմնարկի տնօրեն Արթուր Հովհաննիսյանն ակնկալում է, որ քաղաքապետի ընտրություններից հետո քաղաքը պետք է լավ տեսք ունենա: «Արդեն մաքրել ենք Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն, Դավիթաշեն, Ավան, Արաբկիր համայնքները: Մինչեւ ընտրությունները բոլոր համայնքներն էլ կմաքրենք»,- ասում է նա: