«Ադրբեջանը շատ ցավագին է արձագանքում այն ամենին, ինչը կապված է Հայաստանի հետ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասել է «Քաղաքականություն» հիմնադրամի նախագահ, Ռուսաստանի Հանրային պալատի անդամ Վյաչեսլավ Նիկոնովը` խոսելով հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման դեպքում Բաքվի արձագանքի մասին:
«Բնականաբար, հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը բավականին ցավագին է ընկալվում Բաքվում, որտեղ կարծում են, որ Հայաստանի հետ ցանկացած գործընթացի պետք է նախորդի ԼՂ խնդրի լուծումը: Դրա համար էլ նրանց արձագանքն այդքան կանխատեսելի է»,- ասել է նա: Անդրադառնալով հարցին, թե ինչ հետեւանք կունենա հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումը «Նաբուկո» նախագծի իրականացման վրա, Նիկոնովը նշել է. «Եթե Ադրբեջանը այս պայմաններում գնա Թուրքիայի հետ հարաբերությունների սրման, ապա դա կբարդացնի «Նաբուկո» նախագծի իրականացումը»: Միաժամանակ, նա ասել է, թե իր համար անհասկանալի է` որտեղից են գազ հայթայթելու այդ նախագծի համար: Հիշեցնենք, որ «Նաբուկո» գազամուղի շինարարությունը նախատեսվում է սկսել 2011 թվականին, իսկ գազի առաջին մատակարարումները կսկսվեն 2014 թվականին: Գազամուղի առավելագույն հզորությունը կազմելու է տարեկան 31 միլիարդ խմ: Նախագծի մասնակիցներն են ավստրիական OMV, հունգարական MOL, բուլղարական Bulgargaz, ռումինական Transgaz, թուրքական Botas եւ գերմանական RWE ընկերությունները: Մասնակիցներից յուրաքանչյուրն ունի հավասար` 16,67-ական տոկոս մասնաբաժին: