Ես միշտ պատկերացրել եմ, որ աշխարհում կհայտնվի մի գիրք, որը կբացահայտի Անդրեյ Պլատոնովի արվեստի գաղտնիքը: Անշուշտ, այդ գիրքը չի կարող լինել որեւէ գրողի կամ գրականագետի ստեղծագործություն: Գրողներն ու գրականագետներն արդեն մեզ հայտնել են այն ամենը, ինչ որ նրանք կարող էին հայտնել Պլատոնովի մասին` որ նա հանճար է, խելագար, ավանգարդիստ, փորձարար, մարգարե, տարօրինակ եւ մեծ գրող: Հարկ է, որ լինի հենց Պլատոնովի գիրքը, կամ այն գիրքը, որի մասին անդադար մտորում էր Բորխեսը` անմիջականորեն Աստծո արարած գիրքը: Գիրք, որում բացահայտված են Արարչության իմաստն ու նպատակը, աշխարհարարման ամենայն գաղտնիքները: Անհամար դրվագներից մեկում պետք է մեկնաբանվի նաեւ Պլատոնովի արձակը: Այդպիսի գրքի երեւան գալը համարյա անհավանական է: Սակայն Պլատոնովի գիրքը Պլատոնովի մասին հայտնվեց: Այն հասանելի էգ
Բավական չէ այն, որ Պլատոնովը աշխարհին թողեց մի արձակ, որը պատկանում է ոգու անիմանալի երեւույթներին, այժմ` բազմալեզու հետազոտողներին տանջող եւ ոգեւորող ընտել անիմանալիությանը հավելվել է մի նոր անիմանալիություն:
Պլատոնովի 1921-1944 թվականների ամբողջությամբ տպագրված քսանչորս նոթատետրերը չեն դադարեցնի Պլատոնովի վեպերի շուրջ ծավալված վեճերը: Քանզի միհատորյակի մեջ ժողովված այս նոթատետրերը եւս ընթերցվում են, որպես վեպ` Պլատոնովի առավելագույնս անկեղծ վեպը Պլատոնովի մասին:
Առավելագույնս այստեղ չի նշանակում՝ շատ: Խոսքը հենց առավելագույնի մասին է: Այս գրքի լույսընծայումից ի վեր, հավանաբար, այլեւս աղբյուր չի մնում, որը մեզ ավելի կմոտեցնի Պլատոնովին, եւ առավել շատ կբացահայտի նրա մտածողության, աշխարհընկալման եւ լեզվի գաղտնիքները: Սահմանը նշված է: Նոթատետրերն իրենց մեջ բովանդակում են այն ամենը, ինչ մենք կարող ենք իմանալ Պլատոնովի մասին` նրա երազներն ու մանկական հուշերը, թռուցիկ եւ անդադրում մտքերը, կոկոնի մեջ ամբարված սյուժեները, գրված եւ չգրված ստեղծագործությունների ուրվագծերն ու ներածությունները, երկրով մեկ ճամփորդությունների գրառումները, տեխնիկական գծագրություններն ու սխեմաները, խորհրդածություններն Աստծո եւ հեղափոխության մասին:
Եվ այդուհանդերձ` ամեն ինչ հարկ է հասկանալ այն իմաստով, որ այլ բան այլեւս չի լինի: Գրողի կյանքի եւ ստեղծագործության ճշմարիտ տարեգրությունը, ինչպես պնդում են հետազոտողները, մենք երբեք չենք կարողանա վերականգնել: Չենք կարող, քանի որ, առաջին հերթին, Պլատոնովը օրագիր չէր պահում, երկրորդ` Պլատոնովը չուներ իր Դուշան Պետրովիչ Մակովիցկին, այսինքն՝ այն ճշմարիտ ու բարեպաշտ հանճարը, ով թարմ հետքերով կկազմեր գրողի կյանքի տարեգրությունը` «Գրառումներ Յասնայա Պոլյանայից» երկի նման: Եվ երրորդ` ժամանակակիցների եւ ոչ մի հուշ ունակ չէ որեւէ էական բան հաղորդելու Պլատոնովի մասին, եթե, իհարկե, առավելագույնս էական չհամարենք այն փաստը, որ Պլատոնովի բոլոր ժամանակակիցները միաձայն պնդում էին միեւնույնը` «Երեւակայությունն ապշեցնող չխոսկանության» մասին: Դե ինչ, եթե Պլատոնովը հնարավոր հուշագիրների հետ խոսեր այն ոգով, որով նա խոսում էր ինքն իր հետ նոթատետրերում, ապա, հավանաբար, ոչ միայն կապշեցներ, այլ կաթվածահար կաներ նրանց երեւակայությունը:
Համենայն դեպս, երեւակայությունը դադարում է սովորական ռեժիմով աշխատելուց, երբ կարդում ես 1942 թվականին արված Պլատոնովի հետեւյալ գրառումը.
«Շան ձագ Ֆիլկան Ուֆայում.
միայնակ, առանց ունեցվածքի պառկած է ցրտին` հատակի վրա: Այն ամենը, ինչ կարելի է անել այդ վիճակում` ողջ գործիքը սոսկ իր կենդանի իրանն է` ոչ թուղթ, ոչ գրիչ»:
Երեւակայությունը, եթե այն իհարկե ակնթարթաբար չընթանա իրականության ինչ-որ առանձնահատուկ ճանապարհով, այստեղ ամեն քայլափոխին ստիպված կլինի հարցեր տալու: Ի՞նչ է նշանակում` «այդ վիճակում»: Շան լակոտը ի՞նչ է: Վիճա՞կ: Ի՞նչ իմաստով: Այն իմաստով, որ շան ձագը ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի մարմնացումն է, ով հիմա շան լակոտի վիճակո՞ւմ է: Այդժամ` ո՞ւմ եւ ինչի՞: Կենդանու հոգո՞ւ: Թե՞ ինչ-որ Աթմանին նմանվող նրբին անտեսանելի հոգու, որը Ուպանիշադների մեծ ձեւակերպման համաձայն` tat tvam asi (ես` այդ դու եմ, ամենայն ապրողը` դու ես) իր նախնական էությունը չկորցնելով, թափանցում է ցանկացած կենդանի «իրանի» մեջ, ինչպիսի տեսանելի ձեւակառույց էլ նա ունենա եւ ում էլ որ պատկանի` շան ձագ Ֆիլկային, որ պառկած է ցրտին` հատակին, թե ռուս գրող Անդրեյ Պլատոնովին, ով նայում է այդ շան լակոտին: Նայում է ինչ-որ շատ տարօրինակ կերպով, տեսնում է նրան ինչ-որ առանձնահատուկ տեսողությամբ` ոչ մի տարբերություն չզգալով նրա եւ իր միջեւ, բացի իրանի հարմարությունից: Շան ձագի իրանն անհարմար է: Անհարմար է ինչի՞ համար: Այն բանի, որպեսզի ինչ-որ բան անի այդ վիճակում: Իսկ ի՞նչ, ըստ էության, պետք է անի Ֆիլկան: Նա պետք է օգտվի «գործիքից»: Ո՞ր, ի՞նչ նպատակով: Ֆիլկան չունի «ոչ թուղթ, ոչ գրիչ»: Այդ գրողական գործիքների մասին է խոսքը: Այսինքն, շան լակոտի համար չափազանց դժվար է անել նույնը, ինչ անում է, իրանի համար ավելի հարմար դիրքում գտնվելով՝ գրող Անդրեյ Պլատոնովը: Շան ձագը չի կարող գրիչ վերցնել եւ դրանով գրել թղթի վրա: Բայց ինչո՞ւ պետք է շան ձագ Ֆիլկան գրի: Ինչո՞ւ պետք է նրա մեջ զարթնի այդ ունակությունը: Որովհետեւ` tat tvam asi: Որովհետեւ ամենաթափանց ոգի է: Եվ որովհետեւ Պլատոնովի «կենդանի իրանում» այդ ոգին անխուսափ անհատական ոգի ունի, որը երկրային աշխատանք է կատարում` նա մտածում եւ գրում է, եւ ավելի բնական աշխատանք, ցանկացած այլ իրանում` թե թեկուզ շան լակոտ Ֆիլկայի` նա իր համար չի պատկերացնում, թեեւ ակնհայտորեն տեսնում է իրեն շան լակոտի մեջ: «Այդ Աթմանը, որ թաքնված է բոլոր էակների մեջ, չի դրսեւորվում, բայց սուր եւ նրբին բանականությամբ նրան տեսնում են խորաթափանցները»,- ասում է Կատխա ուպանիշադը:
«Մարդիկ եւ կենդանիները միեւնույն էակներն են. կենդանիների մեջ կան նույնիսկ բարոյապես առավել վսեմ էակներ, քան մարդիկ:
Ոչ թե էվոլյուցիայի աստիճանն է, այլ կենդանի էակների խառնակումը` համընդհանուր խառնակույտ»,- սա արդեն Պլատոնովի 1939 թվականի նոթատետրից է, եւ իմաստն էլ այնպիսին է, որ կարող է մտնել ցանկացած ուպանիշադի մեջ:
Պլատոնովի որոշ գրառումներ ակադեմիական ողջախոհության սահմաններից դուրս չգալով մեկնաբանելը, ինչը ենթադրում է խիստ գիտական հրապարակումը, որը հենց այս գիրքն է, անհնար է: Իրոք որ, որեւէ մեկն ընդունա՞կ է վստահաբար բացատրելու, թե ինչի մասին էր մտածում, ինչ էր զգում, ինչ էր տեսնում եւ ինչ նկատի ուներ Պլատոնովը, երբ նոթատետրում գրառում էր այսպիսի խոսքեր.
«Մեծ Պառավը ղեկավարում է աշխարհը»:
«Աշխարհի կենդանի պահակը»:
«Նյութի տառապանքը»:
«Ձկները շնչում են ջրի մեջ կեցած քամիով»:
«Նրա համար, ով հասկանում է` տիեզերքը գոյություն չունի»:
Այդպիսի ասույթների լավագույն մեկնությունը, թերեւս, կլիներ 1931-1932 թվականներին նոթատետրում Պլատոնովի անհայտ առիթով արված հետեւյալ նշումը. «Այս ամենը պատմել չի լինի` կարելի է միայն ջութակով նվագել»:
Գրառումները, որոնց մասին գերադասելի է ոչ թե խոսելը, այլ ջութակով նվագելը, գրքում քիչ չեն: Դրանց կարելի է դասել եւ նրանք, որոնք գրանցված են մեկուսի պատկերներով.
«Գարշելի ճերմակաչ էակ»:
Կուզիկ տղեկ»:
«Ոսկրոտ երկիր»:
«Ոտքերը գետնին դոփող կատու»:
Այդ գրառումները չեն մեկնաբանվում այլ պատճառով` ոչ թե՝ որ անհնար է մեկնաբանել, այլ որովհետեւ դրանք այնպիսի գեղարվեստական ինքնաբավություն ունեն, ինչը բնորոշ է, ասենք, ճապոնական հոքքուին.
«Տղան համբուրում է իր արտացոլանքն ապակու վրա»:
«Քայլում է զառամյալ մի ծերուկ եւ հանդարտ խոնարհվում է»:
«Աստղերը մութ անտառի ու ձյունաճերմակ երկրի վրա»:
«Օդաչուն վերեւում միայնակ է մեքենայի հետ, ինչպես վանականը, ինչպես տեխնիկայի սուրբը»:
Երբեմն Պլատոնովի նոթատետրերի լեզուն հասնում է ծայրահեղ հոծության: Եվ այդժամ գրառումներում, ինչպես ճզմված նյութում, ծագում է պայթյունի ներունակությունը` ակնթարթային պատկերների ծավալումը պատմվածքների, վիպակների, վեպերի.
«82 տարեկան մի պառավ, քաղցից քնում է, քաղցից ջուր է խմում, տեսնելով տղեկներին, երեխաներին՝ ամբողջովին շողում է:
Հիասքանչ, քնքուշ կյանքը: Հասակ չունի:
Իսկ երեխաները նրանից փախչում են»:
«Սերը` աղջիկը 4-րդ հարկում է, իսկ տղան ներքեւում:
Նա` թքիր, դե թքիր այստեղ:
Աղջիկը թքում է:
Նա որսում է թուքը ափով եւ ուտում է այն»:
«Կույրը քնած է, ողջ գիշեր կատվին գրկած: Առավոտյան շոյում է ցանկապատի տակ ապրող ճուտիկին` առանց կույրի մենության»:
Թերեւս առանձին հետազոտական (իսկ գուցե դրամատուրգիական կամ կինեմատոգրաֆիական) աշխատանքի կարիք են զգում այն գրառումները, որոնցում արտացոլված են ժամանակի ոգին եւ տոնայնությունը: Դրանք փողոցում, տրամվայում, գնացքում եւ զանազան հաստատություններում լսած խոսակցությունների պատառիկներ են, «ագիտկաների» եւ լոզունգների, հաշվետվությունների հատվածներ տարաբնույթ ժողովներում` մի խոսքով, այն լեզուն, որով զառանցում, ճչում եւ քրթմնջում էր Խորհրդային երկիրը ստեղծած դարաշրջանը: Արդյո՞ք Պլատոնովը լավ էր հասկանում այդ ծննդկանի լեզուն: Արդյո՞ք նա ներգրավված էր այդ տարօրինակ լեզվի հոսքի մեջ, որով ուղեկցվում էր սոցիալիզմի մոլեգին եւ խանդավառ կառուցումը, թե՞ նա կեցած էր հոսքի վերեւում, որսալով բոլոր տատանումները: Նոթատետրերն այդ հարցերի պատասխանը չեն տալիս, թեպետ դրանցում բավական շատ են այն գրառումները, որոնք իրենց մեջ պարփակում են պատասխանի հնարավորությունը, ինչպես, օրինակ, 30-ականների այս գրառումը.
«Լոզունգ`
Աշխատավորների հարյուր տոկոսի մասնակցությունը «հանդիսություններին»`
Ժամը մեկին ակրատով (թեթեւ ուտեստեղեն) եկավ 1/2տոկոսը.
Միասնական 0/0 «գործող անձինք»:
Այս ի՞նչ բան է»:
Այո, այս ի՞նչ բան է: Ի՞նչն է Պլատոնովի այս հարցմունքում` իմաստին հասու լինելու անկեղծ ցանկությո՞ւնը:
Այդ ժամանակաշրջանի մեկ այլ գրառում մեզ կարծես մոտեցնում է բացահայտմանը: Այստեղ նույնիսկ զգալի է Պլատոնովի հայացքը, նրա դեմքի արտահայտությունը: Ահա նա գրառում է, հավանաբար անցողակի նայելով թերթի հոդվածը.
«ԿԱՐԵՎՈՐՆ այսօր որոշակի ԲԱՐԵԼԱՎՄԱՆ խնդրին կազմակերպորեն մոտենալն է»
(Ողջ իմաստը տպատառում է,- նշված է լուսանցքում):
Ի՞նչ իմաստ, ինչի՞ իմաստը:
Պարզ եւ հուժկու իմաստը հանկարծ ինքնին բացահայտվում է այնտեղ, ուր դարաշրջանը լռում է, ուր լոզունգները կորցնում են իրենց ուժը, ուր խոսում է ժամանակից դուրս, սոցիալական կարգից դուրս, մերկացած մարդկային բնությունը, ուր մարդ մերկացած է նույնիսկ տառացիորեն` մարմնապես, ինչպես Պլատոնովի այս գրառման մեջ.
«Խոսակցություն բաղնիքում.
– Մարդը հանց առնանդամ` դեն է նետում աղտեղությունն ու արտադրում գալիքը:
– Առնանդամը` կյանքի ամենավառ արտահայտությունն է»:
Արդյո՞ք սիրում էր Պլատոնովը մարդկանց եւ նրանց կյանքը: Սիրո՞ւմ էր արդյոք մարդկանց նույնքան, որքան նրանց արտադրած մեքենաները: Արդյո՞ք սիրում էր այդ հավերժական, անհագ ապրող մարդուն, ում պատկերել է 1939 թվականի նոթատետրում` «Ակադեմիա, խստամբերություն, կոչման գիտություն, իսկ նա ապրում է գանգրահեր` հարմոնով, երգում է, ուտում, խմում` այլ աշխարհ, ոչ մի ընդհանուր բան, եւ ոնց որ թե ավելի երջանիկ»:
Արդյո՞ք նա քամահրում էր այդ չիմաստակող երջանկությունը: Զարմանո՞ւմ էր դրանից: Բարձրագույն շնո՞րհ էր համարում:
Այս բոլոր հարցերին կարելի է մի բան պատասխանել` Պլատոնովը մտասույզ ուշադրություն էր ցուցաբերում նայելով մարդկային էակի կյանքին, որը ներքին աչքի առանձնահատուկ կառուցման դեպքում՝ անծանոթ եւ միստիկական երեւույթ է առնում: Միայն այդպիսի երկրային կյանքին միախառնված աշխարհընկալումը կարող էր ծնել այն խոսքերը, որոնք ասես մարդուն չեն պատկանում. «Մարդը վատ արարած է, բայց տարօրինակ է, որ նա, չնչինը, հանկարծ երեւելի է պատկերանում իր ինչ-որ արարքում, եւ այդժամ տեսնում ես, որ նրա էության միջոցով գործում է նրան չհամապատասխանող ինչ-որ այլ բան` դա նման է միստիկայի, բայց ինչպես կարելի է դա հասկանալ եւ բացատրել»:
Եվ ահա քիչ ներքեւ մի այլ գրառում.
«Կյանքի բութ զգացողությունը»:
Հայացքի միախառնումը կյանքին, գանգրահեր հարմոնահարի` հարմոնի եւ երգի հետգ Երկրային բթացնող երջանկություն-դժբախտությունը:
Պլատոնովի նոթատետրերը, երեւի թե, առավելապես հնարավորություն են տալիս զարգանալու այն գերակշռող տպավորությանը, ինչը որ հարուցում են նրա գեղարվեստական ստեղծագործությունները` տպավորությանը, թե Պլատոնովը կողմնակի ոգի է երկրի երեսին, ով ըմբռնում է կենաց միջոցը մարմնում` նյութի մեջ: Եվ այդուհանդերձ, այդ ցաքուցրիվ գրառումներն ի մի բերված, ընդամենը բեկորներն են երկրի վրայով թռչող հոգեցունց գիսաստղի պոչի` Պլատոնովի արձակի: Այդ արձակի կենաց սկզբունքը մնում է չբացահայտված: Չբացահայտված է մնում Պլատոնովի հիմնական գաղտնիքը` նրա լեզվի գաղտնիքը, որը նրա հոգեկերտվածքի եւ մտածողության գաղտնիքի հետեւանքն է:
Պլատոնովի գրառումներն իր լեզվի եւ գրության մասին` ամենաթանկարժեքն են այս գրքում: Դրանք շատ քիչ են: Մինչեւ վերջ դրանք հասկանալը շատ դժվար է.
«Հարկ է ողջ էությամբ, չոր շիթով, ուղիղ ճանապարհով գրել: Այս է իմ նոր ուղին»:
Բայց Պլատոնովը չէր էլ ենթադրում, որ այդ բառերը, իրենից բացի, ինչ-որ մեկն էլ պիտի հասկանա: Նոթատետրերը, որոնց նա վերաբերվում էր առանց որեւէ սրդողության՝ դրանք կոչելով՝ «գրական հումքի նախապատրաստական կետեր», հրապարակման համար չէր նախատեսված, դրանք նույնիսկ նախատեսված չէին գալիքում պահպանելու համար: Դրանք պիտի անհետեին աշխարհից, որպեսզի չհավելեին նրա գաղտնիքները: Սակայն չանհետացան, պահպանվեցին եւ այժմ դատապարտված են գոյելու:
Անդրեյ Պլատոնով «Նոթատետրերից»
Ճշմարտությունը գաղտնիք է, միշտ գաղտնիք: Ակնհայտ ճշմարտություններ չկան:
Ես չափազանց հարուստ եմ, որպեսզի հաշվեմ իմ հարստությունները:
Ազատությունն ապրում է միայն այնտեղ, ուր մարդն ազատ է նաեւ ինքն իր առջեւ, ուր չկա խղճահարություն եւ ամոթ առ ինքդ քեզ: Եվ այդու, ամենայն մարդ կարող է ազատ լինել, եւ ոչ ոք չի կարող նրան ազատությունից զրկել, եթե ինքն այդ չկամենա: Բռնությունը, որ մարդ կկամենա կիրառել կարծես թե իր անձնական ազատության բավարարման համար, իրականում վերացնում է այդ ազատությունը, քանզի ուր բռնի ուժն է` այնտեղ չիք ազատություն, ազատությունն այնտեղ է, ուր առկա է խղճմտանքն ու ամոթի բացակայությունը քո առջեւ եւ քո գործերի համար:
(Ինձ երազվեց մի ձայն)
Աստծո դատաստանին հայտնվեցին երկու մարդ` մեկը հազիվ ողջ, մահամերձ, մյուսը` ծաղկուն եւ բերկրալի:
– Ի՞նչ էիր դու անում,- հարցրեց Աստված առաջինին:
– Ողջ կյանքս հանուն Քեզ մահանում էի,- պատասխանեց նա:
– Ինչի՞ համար:
– Որպեսզի չմահանամ:
– Իսկ դո՞ւ,- հարցրեց Աստված երկրորդին:
– Ողջ կյանքս վախենում էի մահից եւ հոգ էի տանում միայն իմ մարմնի մասին` կենաց աղբյուրի:
– Ինչի՞ համար:
– Որպեսզի նրանում կյանքը չհանգչի:
Այդժամ Աստված երկուսին էլ ասաց.
– Երկուսդ էլ նույն բանն էիք ուզում` կյանք, եւ հեռացաք նրանից, մեկը` առ անկենդան ոգին, քանզի մահացրել էր մարմինը, մյուսը` առ մեռյալ մարմինը, քանզի մոռացել էր ամենայն ինչ, բացի մարմնից: Եվ դուք երկուսդ էլ մեռած եք: Բայց ահա, եթե դուք հասու լինեիք, որ մարմինն ու հոգին մի է` երկուսդ էլ հավերժ ողջ կլինեիք եւ ուրախ` Իմ բերկրանքով: Աշխարհում բազում չեն ճանապարհները, այլ մեկը, շատերը չէ, որ ընթանում են դրանով:
– Հիմա մենք ի՞նչ անենք,- հարցրին մեղավորները:
– Ճանաչեք ինքներդ ձեզ եւ ապրեք ի սկզբանե:
Հավատը, Գիտելիքը եւ Կասկածը (Հեքիաթ)
Բյուր-հազարավոր տարիներ առաջ ապրում էր երկրի երեսին Հավատ թագուհին, Աստծո հավերժահարսը: Եվ սիրո հրով եւ իր ուժով նա շողում էր մարդկանց գլխավերեւում եւ կյանքում բերկրանք էր պարգեւում նրանց: Հրե կայծերը նրա մարդկանց եւ ամենայն կենդանի արարածների հոգիներն էին երկրի երեսին, եւ երջանկությունը երբեք չէր պարպվում լույսից, երբեք, քանի դեռ ապրում էր Հավատ թագուհին` Երկնային Փեսայի հրե հարսնացուն:
Եվ ահա Հավատն ինքնին այնքան հարուստ էր, որ երբեք չէր վատնում իր հարստությունը: Նա մարդկանց պարգեւում էր ուժն ու սերը` անվերադարձ ու անհատնելի, եւ ի վերջո լիովին տրվեց աշխարհին ու դադարեց ապրել: Բայց փոխարենը կենաց ամեն մի շնչում շողում էր նրա լույսը եւ ողջ աշխարհը հավատով էր լցվել, որից էլ առ երկինք էր աճում Սերը, ինչպես լույսը հրից:
Երբ Հավատը Աշխարհ իջանեց, յուրաքանչյուր հոգուն պարգեւեց լույսն իր եւ լիովին ցրվեց, ինչպես Աստված է ցրվում գիշերով երկնից աստղերի անսահմանության մեջ:
Հավատն ամենուր էր եւ ոչ մի տեղ չկար: Դա այն բանից էր, որ նա իր հուժկու միասնական լույսը փոխարկել էր միլիոնավոր կայծերի: Աշխարհում կայծ-հոգիներն անհամար էին, բայց դրանք կայծեր էին, եւ ոչ թե Արեւ, ինչպես հազարավոր մետաղադրամները, թեպետ եւ ոսկու արժեք ունեն, բայց ոսկի չեն:
Հավատն առաջ միայն ինքը գիտեր իր մասին, հիմա նրան ճանաչեց հանուր կենդանությունը, քանզի նա մանրվեց հանուն այդ Գիտելիքի իր սիրո պատճառով, մեծ խորամանկ դրամափոխի` Կասկածի մեջ:
Կասկածը Հավատի ողջ ոսկին փոխարկեց մետաղադրամների եւ աշխարհով մեկ շրջանառության մեջ դրեց:
Այդպես անհետեց երկրի երեսից Հավատի ոսկին, քանզի նա մանրեց դրամափոխ Կասկածի մոտ իր վստահության եւ հույսի ոսկին Գիտելիքի մետաղադրամների, իսկ ոսկին թողեց դրամափոխ Կասկածի մոտ:
Արվեստն այն է, որ պարզագույնի միջոցով արտահայտում է բարդագույնը:
Այն տնտեսման բարձրագույն ձեւն է:
Ճշմարտությունը մի մեծ թերություն ունի, նա իրեն բարիք է զգում եւ ցանկացած միջոցով կամենում է դառնալ համընդհանուր սեփականություն:
Մարիա Պլատոնովային հղած նամակներից (հատվածներ)
Ես քայլում էի թավ անտառով: Գիշեր է, անսահման տարածություններ, հեռավոր մթին գյուղեր, եւ միայն աստղերն են գլխավերեւում աղոտ մահացու մշուշում: Անկարելի է հավատալ, որ կարելի է այստեղից դուրս գալ, որ կան քաղաքներ, երաժշտություն, որ վաղը միջօրե կլինի, իսկ կես տարուց՝ գարուն: Այս պահին սիրտս սիրով եւ խղճահարությամբ լեցուն է, բայց այստեղ չկա մեկն, ում սիրես: Ամեն ինչ մեռած է եւ լռին, ամենայն ինչ հեռու է: Եթե նայես աստղին, սարսափը կկալի հոգիդ, կարելի է մղկտալ անհուսությունից եւ անասելի տառապանքից` այնքան հեռու, հեռու է այս աստղը: Կարելի է մտորել անսահմանության մասին` դա հեշտ է, ես այստեղ տեսնում եմ այն, ես հասնում եմ նրան եւ լսում եմ նրա լռությունը: Ինձ թվում է, թե ես թռչում եմ, եւ միայն շողում է ջրհորի անհասանելի հատակը եւ անդունդի պատերը թռիչքից չեն շարժվում: Այդ լայնարձակության մեջ հոգոցից սիրտս պայթում է, ընդմեջ աստղերի եղած խորխորատներից անմահ ես դառնում:
Իսկ շուրջբոլորը դաշտ է, ձորակներ, գայլեր եւ գյուղը: Եվ ամեն ինչ անարտահայտելի է եւ կարելի է տանել ողջ հավերժությունը մեծ անասելի սիրով սրտումգ
Սիրտը հավերժորեն կարող է ապշած մնալ գյուղի ծայրի թեք ընկած հյուղից, եւ դու չես մոռանա, երբեք չես դադարի սիրել այն, որքան էլ իմաստուն եւ անմահ դառնաս, ուր էլ որ գնաս:
Ես արեւի վրա, Սատուրնի վրա էլ չեմ մոռանա այդ ձորակը, այդ գիշերն ու մահացու լռությունը:
Ամենայն մարդ աշխարհում հարսնացու ունի, եւ միայն այդ պատճառով նա ունակ է ապրելու: Մեկի համար՝ նրա անունը Մարիա է, մյուսի համար՝ երազում անրջված գաղտնի պատկերն է, երրորդի համար՝ գարնանային տրտմաշուք քամին է:
Ես գիտեի մի մարդու, ով իր անասելի սերը խեղդում էր արտասուքով եւ երկրի երեսին քայլելով:
Նա սիրում էր անհնարինն ու անբացատրելին, որ միշտ տենչում է առ աշխարհ եւ երբեք չի կարողանում ծնվելգ
Ինչ-որ բան սիրելու համար, ես միշտ պետք է ի սկզբանե գտնեմ ինչ-որ մթին ճանապարհ սրտի համար` առ ինձ ձգող երեւույթը, իսկ միտքն արդեն ետքից է գալիս:
գ Ես ավելի շատ սիրում եմ իմաստությունը, քան փիլիսոփայությունը, եւ ավելի շատ՝ գիտելիքը, քան գիտությունը: Պետք է սիրել այն տիեզերքը, որը կարող է լինել, այլ ոչ թե այն, որը կա: Անհնարինը` մարդկության հարսն է, եւ առ անհնարինն են թռչում մեր հոգիներըգ Անհնարինը` մեր աշխարհի սահմանն է այլ աշխարհի հետ: Բոլոր գիտական տեսությունները, ատոմները, իոնները, էլեկտրոնները, վարկածները` ամենայն օրենքները` ամենեւին էլ իրական բաներ չեն, այլ մարդկային օրգանիզմի հարաբերություններն են առ տիեզերքը իմացական գործունեության պահինգ
Ահա նստած եմ ես փոքրիկ-համարյա դատարկ սենյակում (սեղան, աթոռ, մահճակալ): Փոքրիկ տնակը կեցած է բակում: Բակը խուլ է, մութ եւ ձյունածածկ: Կանգնած է երկար, հաստատուն լռությունը: Ես բացարձակ մենակ եմ: Իմ դռան վրա կախված է էմալե մի ցուցանակ՝ «Ա. Ի. Պավլով, Կայսերական Թատրոնների Դերասան»: Մի ժամանակ էստեղ երեւի ապրել է ոմն Պավլով, եւ գուցե թե նստել է նույն սեղանի շուրջ, ուր նստած եմ ես հիմա, եւ նույնպես ձանձրացել է այս խուլ եւ լռիկ քաղաքում: Ես դժվարությամբ ինձ համար կացարան գտա:
Շատ տաղտկալի է: Միակ մխիթարանքը քեզ նամակներ գրելն ու մտածելն է անթել էներգիայի հաղորդման մասին: Ծառայության մեջ գարշելի է:
Այ, երբ ես միայնակ եմ մնում իմ հոգու հետ եւ հին տանջող մտքերիգ
Բայց ես գիտեմ, որ լավ եւ անգին ամենայն ինչ (սերը, անկեղծ գաղափարը) ծնվում է տառապանքի եւ մենության հիմքից: