Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Վրացյան 71 եւ 71ա շենքերի
բնակիչների հետ: Բնակիչները գնացել էին բողոքելու հերթական ապօրինի
շինարարության դեմ (տես՝ «168 ժամի» նախորդ համարը՝ «Քաղաքապետարանը
պրոբլեմ չունի»:- Ն.Ա.): Առաջին հանդիպման ժամանակ թաղապետն իր
աշխատակիցներից մեկին հանձնարարել է դադարեցնել աշխատանքները՝ մինչեւ
կճշտվի՝ ինչ հիմունքներով է արվում: Շինարարությունը, սակայն, չի
դադարեցվել: Բնակիչների հետ երկրորդ հանդիպման ժամանակ արդեն պրն
Բեգլարյանը ասել է. «Դա քաղաքապետարանի գործն է»: Բնակիչները դիմել են
քաղաքապետարան: «Դա թաղապետարանի գործն է»,- պատասխանել են
քաղաքապետարանում: «Տեսանք՝ մեզ ֆուտբոլի գնդակի նման էսուէնկողմ են
տշելու, նամակով դիմեցինք ՀՀ նախագահին, նախագահի աշխատակազմի ղեկավարին,
ԱԺ նախագահին, վարչապետին, քաղաքապետին եւ թաղապետին»,- պատմում են
բնակիչները: Պարզվում է, արդեն ավելի քան մեկ շաբաթ է, բոլորը միասին մի
ապօրինի շինարարություն չեն կարողանում կանգնեցնել: Բնակիչները երեկ կրկին
ահազանգեցին՝ տեղեկացնելով, որ վերոհիշյալ շինության արդեն կառուցված
երկու պատերը նախորդ գիշեր փլվել են: Սակայն առավոտյան բանվորները նույն
եռանդով շարունակել են վերականգնել: «Չենք հասկանում՝ ինչ է կատարվում»,-
ասում էին նրանք: Այնուամենայնիվ, երեկ նրանք եւս երկու բողոք-դիմում են
հղել՝ քաղաքաշինության նախարարին եւ իրենց ընտրատարածքի պատգամավոր
Խաչատուր Սուքիասյանին:
Ն. Ա.