Հավանել է կիսապաշտպանին

16/04/2009

«Բարսելոնի» ավագ Կառլես Պույոլը «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղից հետո նշել է, որ իրեն շատ են դուր եկել գերմանական թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Ռիբերիի գործողությունները: Պույոլն ընդգծել է Ռիբերիի բարձր կարգը` հայտարարելով, որ նա հիանալի է տեսնում դաշտը եւ վտանգավոր է ցանկացած թիմի համար: Մյուս կողմից` իսպանացի պաշտպանն ավելացրել է նաեւ, որ իր խոսքերը որեւէ ենթատեքստ չունեն, եւ ինքը չի ցանկանում լուրերի նոր ալիք բարձրացնել, թե, իբր, Ռիբերին ամռանը կտեղափոխվի «Բարսելոն»: «Այո, ես կարող եմ ասել, որ Ռիբերին հիանալի խաղացող է: Նա մշտապես լարվածության մեջ է պահում մրցակցի պաշտպաններին: Եթե դուք ինձ հարցնեք` արդյոք նա կարիերան կշարունակի՞ «Բարսելոնում», կպատասխանեմ, որ դա իմ աշխատանքը չէ: Ես մտածում եմ միայն թիմի խաղի մասին: Ռիբերին հիանալի հանդիպում անցկացրեց: Բարեբախտաբար, մեզ հաջողվեց ցանկալի արդյունք ապահովել: Իհարկե, ուզում էինք ավելի շուտ գոլ խփել, որպեսզի էլ ավելի բարդացնեինք մրցակցի խնդիրը: Այժմ անհրաժեշտ է կրկին մտածել առաջնության մասին եւ միավորներ հավաքել ցանկացած խաղում»,- ասել է Պույոլը: