Դառնամ, ողորմի տամ…

12/04/2009

Մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններից առաջ բոլոր քաղաքական ուժերն ու գործիչները արտահայտում են իրենց «առանձնահատուկ սերը» Երեւանի հանդեպ, Երեւանի զարգացման զանազան ծրագրեր են գրում ու բոլոր հնարավոր միջոցներով ներկայացնում են (հատկապես իշխանական քարոզիչները), թե ով` ինչ է արել Երեւանի համար: Եվ մինչ Երեւանի հանդեպ սերը դրսեւորվում է ասֆալտի կտորների ու հավաքվող աղբակույտերի տեսքով, բառիս բուն իմաստով՝ ոտքի վրա կործանվում է Երեւանի խորհրդանիշներից մեկը համարվող Սասունցի Դավթի արձանը: Ուղիղ 50 տարի առաջ տեղադրված եւ մետաղե կոնստրուկցիաներից կառուցված արձանը երբեւէ չի վերանորոգվել եւ ժամանակի ընթացքում օքսիդացել, քայքայվել է այն աստիճան, որ ցանկացած պահի կարող է փլուզվել: Իսկ արձանի հիմնական խորհուրդներից մեկը` «համբերության բաժակը», գողացվել է եւ փոխարինվել ինչ-որ ալյումինով, հոսող ջրի խցանված խողովակներին էլ փոխարինում է պլաստմասսայե «շլանգը»: Մասնագետների հաշվարկներով` արձանը վերականգնելու համար անհրաժեշտ է ընդամենը մի քանի տասնյակ հազար դոլար: Մեր իշխանությունները, սակայն, գերադասում են, ասենք, «Սպարտակ» բալետը բեմադրելու համար 500.000 դոլարից ավելի վճարել օտարերկրացի գլամուրային մի ռեժիսորի, քան վերականգնել Երվանդ Քոչարի գլուխգործոցներից մեկը: Սասունցի Դավթի արձանի այս վիճակը խորհրդանշական է երկու իմաստով: Նախ՝ այն ցույց է տալիս, թե որքանով են էլիտար շինարարությամբ տարված քաղաքային իշխանությունները հոգ տարել արվեստի բացառիկ նմուշ հանդիսացող այս հուշարձանի նկատմամբ, որի ֆոնին արված լուսանկարներն ու հոլովակներն ընդամենը մի ամիս հետո օգտագործելու են նախընտրական նպատակներով: Մյուս իմաստն, իհարկե, փիլիսոփայական է եւ ցույց է տալիս, որ հայ ժողովրդի համբերության բաժակն այնքան է լցվել, որ փոխարինվել է ալյումինե «կռուշկայով»: