Կլոր սեղան է ուզում

12/04/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Թուրքական ԶԼՄ-ներում եւ իշխող էլիտայում Հայաստանի հետ սահմանը բացելու միտումը ավելի առաջնային է, քան դիվանագիտական հարաբերություններ հաստատելու միտումը: Դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն ուղղված քայլեր դեռեւս արվելու են, բանակցությունները դեռեւս շարունակվելու են, բայց հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությունը թվում է ավելի շոշափելի»,- երեկ նման տեսակետ հայտնեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը: Այդ պատճառով էլ, ըստ նրա, անհրաժեշտ է մեր համապատասխան պետական կառույցների եւ հատկապես` Ոստիկանության գործունեությունը նոր պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ աշխատանքներ տանել: Այսինքն, ըստ Սաֆարյանի, Թուրքիայի քաղաքացիների` Հայաստան այցելելու հետեւանքով կարող են առաջանալ որոշ գույքային, սեփականության իրավունքների եւ առեւտրի հետ կապված խնդիրներ, ճիշտ այնպես, ինչպես դրանք ժամանակին առաջացել էին Իրանի հետ սահմանի բացման սկզբնական շրջանում: «Անհրաժեշտ է լրջորեն մտածել մեր համապատասխան մարմինների գործունեությունը օրվա պահանջներին համապատասխանեցնելու համար»,- հայտարարեց Ա. Սաֆարյանը` բնականաբար, համաձայնելով նախագահ Սերժ Սարգսյանի երեկ արտահայտած այն մտքի հետ, թե մինչեւ այս տարվա հոկտեմբեր հայ-թուրքական սահմանը կարող է բացվել: «Այս լավատեսության համար տեղ կա»,- ասաց Ա. Սաֆարյանը: Հարցին, թե Թուրքիան այսօր է՞լ է սահմանների բացման հարցը կապում ԼՂ հարցի հետ, Ա. Սաֆարյանը այդպես էլ չկարողացավ հստակ պատասխան տալ: Նա նշեց, որ Հայաստանը հայտարարել է, թե չի ընդունում ԼՂ հարցի եւ ցեղասպանության ճանաչման հետ կապված որեւէ նախապայման, իսկ Թուրքիան դեռեւս պաշտոնապես չի հայտարարել, թե հրաժարվում է այդ նախապայմաններից: Միաժամանակ, ըստ Ա. Սաֆարյանի, Եվրամիության եւ ԱՄՆ-ի կողմից Հայաստանի հետ սահմանը բացելու հարցում Թուրքիայի նկատմամբ ճնշումներ են գործադրվում: «Բայց խոսել, որ այս ճնշումներին թուրքական իշխանությունները տեղի են տվել, դեռեւս շուտ է»,- ասաց Ա. Սաֆարյանը` հակասելով մի քանի րոպե առաջ իր իսկ արած այն հայտարարությանը, թե սահմանները շուտով կբացվեն: Ըստ նրա՝ թուրքական որոշ շրջանակներում կա նաեւ մի տեսակետ, թե Թուրքիան ԼՂ հարցի լուծման վրա ավելի շատ ազդեցություն կարող է ունենալ, եթե բացի Հայաստանի հետ սահմանները, եւ ոչ թե Հայաստանին պահի մեկուսացված վիճակում: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին, Ա. Սաֆարյանը նշեց, թե իր համար պարզ է, որ Օբաման «բառացիորեն չի կրկնելու այն ավանդական տրաֆարետ ուղերձները, որ ԱՄՆ նախկին նախագահները անում էին ապրիլի 24-ին` դիմելով ամերիկահայությանը»: «Բայց կարծում եմ, պետք չէ մեծ ակնկալիքներ ունենալ, որ Օբաման կարտահայտի ցեղասպանություն բառը: ԱՄՆ ակտիվությունը մեր տարածաշրջանում եւ նրա շփումները Թուրքիայի հետ ցույց են տալիս, որ ավելի շուտ Օբաման կկատարի հայերին տված մյուս խոստումը, այսինքն՝ ռազմական, քաղաքական, տնտեսական սերտ հարաբերություններ կհաստատի Հայաստանի հետ»,- համոզված է ԲՀԿ-ական պատգամավորը: Այնուամենայնիվ, ըստ նրա, հավանական է նաեւ այն, որ Կոնգրեսը ցեղասպանությունը դատապարտող մի բանաձեւ ընդունի, որն էլ Օբաման կստորագրի: Ա. Սաֆարյանը գտնում է նաեւ, թե որեւէ դեպքում չի կարելի հրաժարվել ցեղասպանության միջազգային ճանաչումից, հակառակ դեպքում Հայաստան-Սփյուռք կապերին անդառնալի վնաս կհասցվի, Հայաստանը կմնա միայնակ ու անօգնական: «Կարծում եմ, որ Հայաստանի իշխանություններն այդ բանը գիտակցում են»,- ասաց նա: Ընդ որում, ըստ Ա. Սաֆարյանի, ցեղասպանության ճանաչումը զուտ պատմական արդարության վերականգնման գործընթաց չէ, այն նաեւ քաղաքական նշանակություն ունի: «Բայց հայ քաղաքական միտքը իր համար դեռեւս չի ամփոփել, թե ի՞նչ պահանջների շարք է առաջադրելու Թուրքիայի հանդեպ, եթե հարաբերությունների կարգավորման հարց լինի»,- ասում է Ա. Սաֆարյանը` հավելելով, որ գիտական շրջանակներում այն խնդիրը, թե ինչ փոխհատուցում է ենթադրում ցեղասպանության ճանաչումը, լուծված է: Ուստի, ըստ նրա՝ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը պետք է կլոր սեղան կազմակերպեն, արտահայտեն իրենց դիրքորոշումը, որից հետո էլ «մենք կունենանք մի հավաքական մոտեցում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում մեր ակնկալիքների վերաբերյալ»: