– Տիկին Խառատյան, երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, թե Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների միջեւ հաջորդ ֆուտբոլային խաղը դիտելու ինքը կարող է գնալ անցնելով բաց սահմանով: Այսօր կա՞ գնահատական, վերլուծություն, թե երկու երկրները եւ հատկապես Հայաստանը ինչ օգուտներ է ունենալու սահմանի բացումից:
– Ճիշտն ասած՝ ես չգիտեմ, թե ընդհանուր հաշվարկ արվե՞լ է շահի իմաստով, բացի այն ընդհանուր խոսքերից, թե բաց սահմանը միշտ փակից լավ է: Ես չգիտեմ, հաշվարկ արվե՞լ է, թե ո՞րն է երկուստեք շահը: Այս պահին գուցե Թուրքիայի արեւելյան հատվածը Հայաստանում արտադրվող ապրանքների կարիքն ունի: Բայց գյուղատնտեսական ապրանքների առումով՝ ոչ այնքան, որովհետեւ ինքը ագրարային եւ գլխավորապես անասնապահությամբ զբաղվող գոտի է, անասնապահական մթերքներ դժվար թե Հայաստանից տանի: Իսկ երկրագործական մթերքներից, հնարավոր է, որ տանի որոշակի տեսականի, որոնք Հայաստանի համար խիստ սպեցիֆիկ են: Բայց ընդհանուր առմամբ Արեւելյան Անատոլիան երկրագործությամբ էլ իրեն բավարարում է, եւ հակառակը` ինքը շուկայի կարիք ունի: Այնպես որ, ես իսկապես չգիտեմ` տնտեսական շահ կլինի՞, թե՞ ոչ: Բայց հարաբերությունների իմաստով դրական կլինի գոնե այն չափով, որ մարդիկ կշփվեն, եւ ներքին տագնապը գուցե կմեղմվի: Բայց ես կարծում եմ, որ սրանք ոչ այնքան սահմանային տնտեսական շփումներ կլինեն, որքան որպես տարանցիկ ճանապարհ կարող է ակտիվ ծառայել: Իմ կարծիքով՝ կլինի այնպես, որ Հայաստանի` ակտիվ բիզնեսի մեջ ընդգրկված մարդիկ գուցե կկարողանան այլ երկրների հետ այդ կապն օգտագործել: Բայց հազիվ թե Թուրքիայի համար Հայաստանը տարանցիկ լինի: Ոչ Պարսկաստանի, ոչ Ռուսաստանի, ոչ Վրաստանի հետ կապի հարցում Թուրքիայի համար Հայաստանի ճանապարհի փնտրտուքի կարիք չկա: Ռուսաստանին ու Թուրքիային կապող Սեւ ծովը կա: Եվրոպայի հետ Թուրքիան հարյուր անգամ հեշտ կապեր ունի, Վրաստանն ինքը Թուրքիայի հետ սահման ունի: Ես կարծում եմ, որ Թուրքիայի համար Հայաստանի կապը քաղաքական ռեսուրս է: Իսկ ՀՀ-ի համար` մասամբ քաղաքական, բայց նախեւառաջ՝ տնտեսական ռեսուրս է:
– Հասկանալի է, որ սահմանի բացումը դրական երեւույթ է, բայց Հայաստանը տնտեսական, ռազմավարական, անվտանգության եւ այլ առումներով պատրա՞ստ է դիմակայել դրա հետեւանքներին:
– Ես չգիտեմ, բայց անգամ պատրաստ եւ հաշվարկներ ունենալու դեպքում էլ սահմանի բացումը լրացուցիչ խնդիրներ կառաջացնի: Ես մտածում եմ, թե ի՞նչ չափով Հայաստանը կկարողանա Թուրքիան որպես տարանցիկ ճանապարհ օգտագործել, որովհետեւ ճանապարհն իր գինն ունի: Թուրքիան միգուցե այնպիսի պայմաններ կդնի, որ ձեռնտու չեն լինի: Ես նաեւ մտավախություն ունեմ, որ մեր երկու երկրների ապրանքաշրջանառությունը Թուրքիայի քաղաքացիների ձեռքում կլինի: Ես չգիտեմ, թե բաց սահմանի դեպքում ՀՀ իշխանությունները բնակչությանը կողմնորոշելու ծրագիր ունե՞ն: Այս հարցերը բարձրաձայն չեն քննարկվել, եւ եթե նույնիսկ ծրագրեր կան, դրանց նկատմամբ մեր բնակչության վերաբերմունքը հայտնի չէ: Որպես ազգագրագետ, մշակութաբան՝ ես գտնում եմ, որ միշտ էլ շատ լավ է հարեւանների հետ շփումները, լավ կլինի, որ անմիջական հարաբերությունների արդյունքում մենք հասկանանք, թե ինչ չափով է Թուրքիայում հասունացել հայ ժողովրդի հետ գլոբալ շփվելու խնդիրը: Կարծում եմ, որ մենք Թուրքիայի մասին ունենք աղոտ պատկերացումներ: Տնտեսական հաշվարկը չգիտենք: Սահմանների բացումը դա պետական ծրագիր է, եւ արդյո՞ք պետությունը ծրագիր ունի:
– Եթե առայժմ ենթադրյալ շահը մի կողմ դնենք, ի՞նչ վտանգներ կարող են լինել սահմանի բացման պարագայում: Ձեր կարծիքով՝ դեռեւս կարո՞ղ է արդիական համարվել «Հայաստանն առանց հայերի» թուրքական ձեւակերպման վտանգը:
– Ես որեւէ կասկած չունեմ, որ այդ արտահայտությունը մինչեւ օրս մնում է, բայց որ Թուրքիան իր քանակական ներկայությամբ ուզենա Հայաստանում ժողովրդագրությունը փոխել, դա 200-300 տարիների մեջ հնարավոր է: Բայց չեմ կարծում, որ 50-60 տարիների մեջ հնարավոր է: Ես համոզված եմ, որ թուրքերը կջանան պետական քաղաքականության մակարդակով գոնե Հայաստանում ձեռք բերել անշարժ գույք, այդ թվում՝ հողային տարածքներ: Բայց ես վստահ չեմ, որ հայերն Արեւմտյան Հայաստանում անշարժ գույքի ձեռքբերման մղումներ ունենան: Հայերի մեջ թուրքերի նկատմամբ անվստահությունը շատ ավելի խորն է, քան հակառակը: Մյուս կողմից էլ՝ 50 թուրքի անշարժ գույքը Հայաստանում շատ ավելի շոշափելի ծավալ է, քան 500 հայի անշարժ գույքը Թուրքիայում: Եթե սա իսկապես քաղաքական ծրագրի մաս է եւ ոչ թե Հայաստանի գլխին ընկած անակնկալ մի լուծում, ապա ես կարծում եմ, որ ՀՀ բնակչությանը պետք է տեղեկացնել Թուրքիայի ժողովրդագրական կազմի, ներքին հարաբերությունների, աշխարհագրական բաշխվածության, այդ երկրում եղանակ ստեղծող խմբերի, գրագիտության մակարդակի, ներքին կոնֆլիկտների եւ այլ հարցերի մասին: Ես գիտեմ երկրներ, որոնք ունեն տարբեր տարածաշրջանների տնտեսական վերլուծություններ, ու դրանք անվճար տրամադրում են իրենց երկրների գործարարներին: Մենք այս պահին նույնիսկ չգիտենք, թե թուրքական դրամի արժեքը որքա՞ն է, չգիտենք, թե Թուրքիայի միջին քաղաքացու կենսամակարդակն ինչպիսի՞ն է: Եթե շատ անկեղծ լինենք, մենք այսօր չգիտենք թուրք բնակչության վերաբերմունքը հայերի նկատմամբ: Այսինքն՝ մեր բնակիչը գլոբալ իմաստով անպատրաստ է, ես ենթադրում եմ, որ Թուրքիայի բնակիչն էլ է անպատրաստ: Մեր բնակչի միջին պատկերացումը դպրոցական դասագրքի մակարդակով է, եւ դա այն է, որ թուրքը ագրեսիվ է, մարդասպան է, արյունարբու է: Եվ լավագույն դեպքում հիշում են Վիկտոր Հյուգոյի «այստեղով թուրքերն են անցել» ձեւակերպումը: Ես տեղյակ չեմ, սահմանի բացմանը պատրա՞ստ են անվտանգության ծառայությունները եւ պետական այլ կառույցները: Կարծում եմ, որ Թուրքիայի ճանապարհը կարող է օգտագործվել նաեւ Ադրբեջանի քաղաքացիների կողմից, Թուրքիայի միջոցով նրանք էլ այստեղ որոշակի ներգրավվածություն կունենան: Դիվերսիոն գործողություններ անելու իմաստով, կարծում եմ, որ Ադրբեջանը կարող է օգտագործել այդ հնարավորությունը: