Հիմար եղբայրը

19/07/2005 Արա ԳԱԼՈՅԱՆ

Անցած շաբաթվա տնտեսական ամենացնցող նորությունը հարկավ ՀՀ էներգացանցերի
վերավաճառքն էր։ Հետաքրքիրն այն էր, որ տեղեկությունը մամուլի (իմա՝
հասարակության) համար բացվեց ոչ թե փաթեթային, այլ փուլային տարբերակով։
Այսինքն՝ մաս-մաս։ Եվ շատ բան դեռեւս բաց տեքստով ասված չէ։ Անցած շաբաթվա
սկզբում միջազգային ֆինանսական կազմակերպություններից մեկը ներքին կարգով
շրջանառության մեջ դրեց այն լուրը, որ ՌԱՕ ԵԷՍ-ի ֆինանսական հաշվետվության
մեջ նշված է՝ այդ ընկերությունը գնել է Հայաստանի էլեկտրացանցերը։
Սեփականատեր համարվող «Միդլենդ ռեսուրսեզ» ընկերության գործադիր տնօրենը
շտապեց հերքել տարածված տեղեկությունը։ Հետո պարզվեց, որ լուրը գտնվում է
մաս-մաս հաստատման գործընթացի մեջ։ Այսօր արդեն պաշտոնապես հայտարարվում
է, որ ՀԷՑ-երը կառավարման են տրվել ՌԱՕ ԵԷՍ-ի դուստր «Ինտերէներգո»
ձեռնարկությանը։ Առայժմ հայտնի չէ՝ որքան ժամանակով։ Փոխարենը հայտնի է,
որ ռուսաստանյան ընկերությունը կառավարումը ստանալու դիմաց սեփականատիրոջը
(նախկի՞ն, թե՞ ներկա. դժվար է ասել) վճարել է 73 մլն դոլար։ Այսինքն՝ մոտ
2 անգամ ավելի, քան «Միդլենդ ռեսուրսեզը» վճարել էր Հայաստանին։ Նշվում է,
որ նոր կառավարիչին են փոխանցվել նաեւ 40 մլն դոլարի չափով ներդրումներ
կատարելու պարտավորությունները։

Ռուսաստանյան ընկերության մի դուստր ձեռնարկությունը մյուս դուստր
ձեռնարկությանը նման պայմաններով նման գույք է վաճառում։ Դա պիտի որ ՌԴ
իրավապահ մարմիններին հետաքրքրի։ Սա վաճա՞ռք է, թե՞ փողի լվացման
գործողություն. պարզելը նրանց խնդիրն է։ Հայաստանի հետաքրքրություններն
այլ են։ Ռուսաստանը Հայաստանի համար դառնում է ոխերիմ գործընկեր։ 1992թ.
սկսած ՌԴ-ն ՀՀ-ին վարկեր է տրամադրում։ 10 տարվա ընթացքում ՌԴ-ին ունեցած
պարտքը հասավ մոտ 150 մլն դոլարի։ Ռուսաստանն ի սկզբանե կոշտ տնտեսական
քաղաքականություն է վարել Հայաստանի նկատմամբ։ ՌԴ-ն մեր միակ պարտապանն
էր, որ պարտքը չէր վերակառուցում եւ ուշացումների դեպքում
տույժ-տուգանքներ էր գանձում։ Հիշեցնենք, որ Հայաստանի նման աղքատ երկիրը
պարբերաբար վերակառուցում է ոչ պակաս աղքատ Վրաստանի պետական պարտքը։
(Վերակառուցման վերջին պայմանագիրը հենց անցած շաբաթ է ստորագրվել)։
2002-ից կյանքի կոչվեց «Գույք՝ պարտքի դիմաց» տխրահռչակ ծրագիրը։
Ռուսաստանը մեր պարտքը բեռնափաթեց մոտ 100 մլն դոլարով։ Փոխարենը՝ ձեռք
բերեց ու պինդ փակեց մի քանի արտադրական ձեռնարկություն։ Զուգահեռաբար
ագրեսիվ գործողություններով ՌԴ-ն կարողացավ կատարյալ վերահսկողություն
սահմանել Հայաստանի վառելիքաէներգետիկ համակարգի նկատմամբ։ Սեփականության
կամ կառավարման իրավունքով ռուսական ընկերությունների ազդեցության տակ է
Հրազդանի ՋԷԿ-ը, Հայկական ատոմակայանը, Սեւան-Հրազդան կասկադը, երկրի
գազամատակարարման խողովակաշարը։ Ռուսական ընկերությունները հավանաբար
քաղաքական լծակներով հասան նրան, որ Հայաստանը հրաժարվի Պարսկաստանի հետ
համատեղ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շահագործման ծրագրից։ Սա՝ այն
դեպքում, երբ ռուսական որեւէ ընկերություն այդ բլոկի շինարարությունն
ավարտելու որեւէ պարտավորություն չի վերցրել։ Մեր երկրի արտաքին պարտքը
կազմում է 1,1 մլրդ դոլարից մի փոքր պակաս գումար։ Հետաքրքիր է, որ ՌԴ
մասնաբաժինը համարյա չնչին է՝ 2,8%։ Հայաստանի ներքին շուկայում նման
փոքրամասշտաբ ներկայություն ունենալու պարագայում Ռուսաստանին հաջողվում է
անհամապատասխան լուրջ դիրք գրավել։ Ինչո՞ւ. այս հարցի պատասխանն
ակնհայտորեն պետք է փնտրել տնտեսական տիրույթից դուրս։ «Ֆորպոստի»
կարգավիճակն անմռունչ տանող Հայաստանը համակերպվել է ռուս էներգետիկների
մոնոպոլիզմի հետ։ Մեր երկրում ռուսական «կապիտալի» վերահսկողությունից
առաժմ դուրս են մնացել էներգաարտադրող ամենափոքր 2 ձեռնարկությունները՝
Որոտանի կասկադը եւ Երեւանի ֆիզիկապես մաշված ՋԷԿ-ը։

Համաշխարհային ֆինանսական կազմակերպություններն այսօր զարգացող երկրներին
համառորեն խորհուրդ են տալիս էներգահամակարգերը սեփականաշնորհելիս տրոհել
դրանք։ Նպատակն այն է, որ համակարգերը մոնոպոլիայի չվերածվեն եւ չհայտնվեն
մեկ ֆինանսական խմբի ձեռքում։ Սեփականաշնորհում սկսող երկրների շահերից է
բխում այն, որ դրանք մեկ՝ տնտեսապես ավելի ուժեղ երկրի ձեռքում չհայտնվեն։
Այս խորհուրդները մշակվել են հավանաբար Հայաստանի օրինակի վերլուծության
հարցում։ Այլապես երկիրը կորցնում է ինքնուրույն որոշումներ կայացնելու
իրավունքը։ «Միդլենդ ռեսուրսեզը» ՀԷՑ-երը սեփականաշնորհելիս ՀՀ
կառավարության հետ պայմանագիր էր ստորագրել։ Դրա համաձայն՝ բաժնետոմսերի
25 եւ ավելի տոկոսը վաճառելիս նրանք պարտավոր էին դա համաձայնեցնել ՀՀ
կառավարության հետ։ Պայմանագրի այս կետի արտոնած իրավունքից օգտվելու
համար ՀՀ կառավարությունը լուրջ կշիռ պիտի ունենա։ Այլապես հասարակության
նման իշխանությունն էլ կառավարման տալու (թե՞ վաճառքի) փաստի մասին
մամուլից պիտի իմանար։

Հայաստանում գործող միջազգային ֆինանսական կառույցների գրասենյակները
ՀԷՑ-երի սեփականաշնորհման հարցում էական ծառայություն են մատուցել մեր
կառավարությանը։ Նրանք եւս պաշտոնապես պնդում են, որ տեղյակ չեն վերջին
գործառույթներից։ Եվ առայժմ հրաժարվում են մեկնաբանել կատարվածը։ Նրանց
կարծիքով՝ ՀՀ էներգահամակարգում հաստատվել էր օրինակելի վիճակ։
Գանձումների բարձր ցուցանիշը հնարավորություն էր տալիս անխափան շահագործել
համակարգը եւ կատարել տեխնիկական վերազինման պարտավորությունները։ Այս
հովվերգական պատկերն անցած շաբաթ Ռուսաստանը կրկնակի փչացրեց։ Նախ՝
հայտարարեց, որ պատրաստվում է 20%-ի չափով թանկացնել Հայաստանին
մատակարարվող գազի գինը։ Երկրորդ՝ հայտնի դարձավ ՀԷՑ-երի հետ կապված
պատմությունը։

Անկախ փորձագետներից ոմանք կարծում են, որ մեր իշխանությունների գոնե մի
մասը (հատկապես՝ ՀՀ նախագահի աշխատակազմում) պետք է, որ ներգրավված լիներ
բանակցությունների մեջ։ Իշխանության մյուս օղակները, նրանց կարծիքով,
կարող էին եւ տեղյակ չլինել։ Այլապես Հայաստանը, որպես փոքր եղբայր,
հայտնվում է անշահեկան, մեղմ ասած՝ հիմար վիճակում։ Փոքր հիմար եղբոր
մասին թե՛ հայկական, թե՛ ռուսական հեքիաթներ կան։ Բայց միայն ռուսական
հեքիաթներում է, որ հիմար եղբայրը՝ Իվանուշկա դուռաչոկը, միշտ շահած է
դուրս գալիս։ Հայկական հեքիաթներում հիմար եղբայրը միշտ պարտվում է՝
Թումանյանի հեքիաթի օրինակով։ Իսկ մեր իշխանություններն ակնհայտորեն ծնվել
են, որ հեքիաթն իրականություն դարձնեն։