Երեկ Թբիլիսիում վերսկսվել է ընդդիմության հանրահավաքը՝ նախագահի պաշտոնից Միխայիլ Սահակաշվիլիի հրաժարականի պահանջով: Բացելով հանրահավաքը` «Ժողովրդի կուսակցության» առաջնորդ Կոբա Դավիթաշվիլին հայտարարել է, որ «հանրահավաքի մասնակիցները նախկինի պես պահանջում են Սահակաշվիլիի անվերապահ հրաժարականը»: Իսկ Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն Սահակաշվիլիին առաջարկել է բանավեճ անցկացնել ուղիղ եթերում: «Ես պատրաստ եմ բանավեճի ընթացքում պարզաբանել՝ երբ էի ես նրան աջակցում եւ երբ դադարեցի այդ անել, տեսնելով, որ նա անվերահսկելի է դարձել եւ երկրում ամեն ինչ անում է՝ ելնելով միայն իր շահերից»,- ասել է Բուրջանաձեն: Հիշեցնենք, որ նախօրեին կայացած բազմահազարանոց հանրահավաքում Վրաստանի ընդդիմությունը Սահակաշվիլիին վերջնաժամկետ էր ներկայացրել` մինչեւ երեկ ժամը 17-ը հրաժարական տալու պահանջով: Սակայն երեկ եւ՛ Սահակաշվիլին հայտարարել է, թե որպես նախագահ պաշտոնավարելու է մինչեւ 2013 թ.: «Վերջնագրեր ներկայացնելը շատ հեշտ է: Դժվարը միասին աշխատելն է: Դժվարը վիրավորանքները մոռանալն ու միմյանց լսելն է»,- հայտարարել է Սահակաշվիլին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով «առաջիկա չորս տարիներին իր որոշ ծրագրեր»: Սակայն ընդդիմությունը շարունակում է պնդել իր պահանջը, եւ երեկվա հանրահավաքում հայտարարվել է քաղաքացիական անհնազանդության գործողություններ սկսելու մասին: Իսկ Վրաստանի նախկին վարչապետ, «Շարժում հանուն միասնական Վրաստանի» կուսակցության առաջնորդ Զուրաբ Նողաիդելին, որն ապրիլի 9-ին՝ Թբիլիսիում ընդդիմության լայնածավալ հանրահավաքի օրը, ակցիաներ է անցկացրել Աջարիայում, վստահություն է հայտնել, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հրաժարական կտա մինչեւ մայիսի 6-ը: «Ես հուսով եմ, որ մինչեւ մայիսի 6-ը Սահակաշվիլին հրաժարական կտա: Հակառակ դեպքում բազմամարդ ակցիաները կվերսկսվեն մայիսի 6-ից»,- հայտարարել է Նողաիդելին Բաթումում անցկացված ակցիայի ժամանակ: Իր հերթին՝ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն հայտարարել է, որ երկրի իշխանությունների եւ ընդդիմության միջեւ երկխոսությունն առայժմ անհնարին է: «Կարծում եմ, որ առաջիկա օրերին ընդդիմության եւ նախագահի միջեւ կառուցողական երկխոսությունն անհնարին է: Իմ կարծիքով՝ ոչ այսօր, ոչ վաղը դա տեղի չի ունենա: Բայց ապագայում ես դրա հնարավորությունը չեմ բացառում»,- հավելել է նա: Նշենք, որ նախօրեին ԱՄՆ Պետդեպարտամենտը նոր նախազգուշացում է տարածել Վրաստան ուղեւորվող եւ արդեն այնտեղ գտնվող ամերիկացիների համար` կոչ անելով իր երկրի քաղաքացիներին «նախազգուշական միջոցներ ձեռնարկել Վրաստանում բռնարարքների թվի աճի դեպքում», խստիվ հոգ տանել անձնական անվտանգության մասին եւ սերտ կապ պահպանել Թբիլիսիում ԱՄՆ դեսպանության հետ: