Ինչպե՞ս տարբերել կեղծված դեղերը

12/04/2009 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ի՞նչ անի հիվանդը, երբ դեղատան ցուցափեղկը գրավիչ է, բայց հաճախ վստահություն չի ներշնչում: Այսինքն` պարբերաբար սպառողը կանգնում է խնդրի առաջ՝ ինչպե՞ս զգուշանալ կեղծված դեղորայքից։ Այլ կերպ ասած` ինչպե՞ս կարելի է տարբերել չկեղծված դեղորայքը կեղծված դեղերից:

Այս խնդրի լուծմանն է նվիրված ապրիլի 10-13-ը «Լոգոս Էքսպո» կենտրոն ցուցահանդեսային ընկերության` ՀՀ Առողջապահության նախարարության աջակցությամբ կազմակերպած ութերորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը` «Առողջապահություն եւ դեղագործություն Expo 2009» խորագրով: Ցուցահանդեսի թեմատիկ բաժիններն են` կանխարգելման բժշկություն, կլինիկական բժշկություն, ստոմատոլոգիա, դեղագործություն, ախտորոշում, մայրություն եւ մանկություն, բժշկական սարքավորումներ, հիգիենա, բուժիչ հանքային ջրեր: Ինչպես նախորդ տարի, այս անգամ եւս ցուցահանդեսն անցկացվում է «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում: Ցուցահանդեսին մասնակցող երկրների թիվը, ըստ «Լոգոս Էքսպոյի» կազմակերպիչներից Ադելինա Քոչարյանի, նախորդ տարվա համեմատ ավելացել է` հասնելով 50-ի, իսկ ցուցահանդեսին ներկայացված օտարերկրյա ընկերությունները կազմում են ընդհանուր մասնակից ընկերությունների 25 տոկոսը:

«Գիգիենա Մեդ» ռուսաստանյան ընկերության ներկայացուցիչ Վիկտոր Նարմանսկին արդեն երկրորդ անգամ է մասնակցում այս ցուցահանդեսին: «Դեղամիջոցները, որոնք մենք ենք ներկայացնում, ուղղված են 20-րդ դարի անբուժելի հիվանդությունից` տուբերկուլյոզից պաշտպանվելուն: Այն չենք կարող բուժել, բայց կարող ենք դրանից պաշտպանվել»,- ասում է «Գիգիենա Մեդ» ընկերության ներկայացուցիչը: Վերջինս նշում է նաեւ, որ իրենց դեղամիջոցների գները, համաշխարհային ճգնաժամի հետ կապված, իջել են: «Դեղերի գների իջեցումը ամբողջ Ռուսաստանում էր: Մենք էլ իջեցրինք գները, թե քանի՞ տոկոսով, չեմ կարող ասել, քանի որ դա կախված է այն հումքից, որ ձեռք ենք բերում»,- ասում է Վիկտոր Նարմանսկին: Այս առումով հետաքրքիր է, որ Հայաստանում դեղորայքի գինը նվազելու փոխարեն բարձրացել է: Այս մասին Սանկտ Պետերբուրգը ներկայացնող տաղավարում, իհարկե, չգիտեին: Նրանք տեղյակ էին միայն, որ Հայաստանում առողջապահական ցուցահանդեսներ անցկացվում են տարին մեկ անգամ: «Այսօր դեղարդյունաբերության դաշտը շատ լայն է: Քանի որ «Պոլիսիան» ֆիրմայի դեղերը շատ լավ են սպառվում Հայաստանում, մենք գրեթե ամեն տարի մասնակցում ենք այս ցուցահանդեսին»,- ասում են ցուցահանդեսի մասնակիցները: Ճապոնական «Տոշիբա» ընկերության ներկայացուցիչ Այրատ Զիգանինն էլ նշում է, որ իրենք մշտապես համագործակցում էին Արեւմուտքում կրթություն ստացած հայ բժիշկների հետ, սակայն վերջին տարիներին համագործակցությունը չի ստացվում:

Ցուցահանդեսում արտասահմանյան կազմակերպությունների կողքին քիչ չէին նաեւ հայկական դեղարտադրող ընկերությունները: Հայկական «Էսկուլապ» ընկերությունն առայժմ իր արտադրանքը արտահանում է Վրաստան, իսկ դեղեր է ներմուծում 18 երկրներից: Հայ արտադրողների համար «ջեներիկ» դեղերի շուկան նորություն չէ: Ըստ նրանց` մեզանում հիմնականում կեղծում են հաբերը: «Մենք մի շարք միջոցառումներ ենք ձեռնարկում այդ ամենի դեմ պայքարում: Օրինակ մեր դեղերի վրա դնում ենք պիտակներ, հատուկ փաթեթավորումներ: Ու հատկապես այս ցուցահանդեսները շատ են օգնում մեր հայ սպառողներին, որ տարբերակեն օրիգինալ դեղամիջոցները»,- ասում են հայ դեղարտադրողները: Իսկ ՀՀ առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանն ասում է, որ հայկական շուկայում այդպիսի երեւույթ չկա: «Ե՞րբ եք դուք վերջին անգամ լսել կեղծ դեղի մասին: Մենք հասել ենք նրան, որ օրինական ճանապարհով ոչ մի կեղծ դեղ չի կարող ներմուծվել»,- պնդում է Թաթուլ Հակոբյանը: Վերջինս ցուցահանդեսի մասնակիցներին եւ այցելուներին փոխանցեց ՀՀ Առողջապահության նախարարի ուղերձը, որտեղ նշվում է, որ հատկապես այս տնտեսական ճգնաժամին անհրաժեշտ է համախմբել դեղագործական կազմակերպությունների եւ բժշկական կենտրոնների ուժերը` լավագույն արդյունքի հասնելու համար: Իսկ ըստ «Logos Expo centre» ընկերության գործադիր տնօրեն Արա Ստեփանյանի, ցուցահանդեսը նախ՝ հնարավորություն է տալիս ծանոթանալ նոր ապրանքատեսակներին, ապա նաեւ՝ նոր գործնական հարաբերություններ հաստատել: