«Պետք չի, մերա ջան, մի բողոքի, լավա լինելու…»,- մորը ասում է Գրետա տատի որդին

12/04/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Գրետա տատիկի ծռված, այտուցված ոտքերի ցավը զգայուն նյարդի նման հարմար տեղավորվել է նրա դեմքի արտահայտության մեջ ու նրա բարի աչքերի մեջ տառապանքի է վերածվել: Ուղեկցում է իր տուն ու աստիճանավանդակը բարձրանալու ամեն քայլափոխի հետ խոր հոգոց է հանում: Ինքն իր հետ կռվելով է տեղաշարժվում, կարծես մարմինը հրաժարվել է իրենից, բայց ինքը համառում է: Ասում է` «Աղջիկս, ոտքերս բացեմ` կվախենաս: Թրոմբ, աղերի կուտակումգ վիճակս սարսափելի ա: Տեսնում ես, չէ՞, չեմ կարում ինձ քարշ տամ»:

70 տարեկան Գրետա Օհանյանի խրճիթը գտնվում է Շենգավիթ համայնքում: Փոքրիկ սենյակն, ուր ապրում է այս ծեր կինը, գտնվում է երկրորդ հարկում, ու ամեն անգամ վերեւ-ներքեւ անելիս՝ Գրետա տատի աչքերը ցավից արցունքոտվում են: Վերջերս աստիճաններից գլորվել, ընկել է ցած: Ոտքը մի քանի տեղից կոտրվածքներ ունի, բայց նորմալ բուժօգնություն չստանալու պատճառով սխալ կպումներ են առաջացել. ոտքը ծռմռվել է: Ասում է` «Վախենում եմ հիվանդանոցներից, բժիշկներից: Ոտքս կոտրված, զանգեցինք շտապօգնություն, եկավ թե չէ` բա 1000 դրամ պիտի տաք: Էլ չեմ ասում հիվանդանոցները: Չէ, լավ ա էսպես մնամ, քան թեգ»: Գրետա տատիկը վախենում է հիվանդանոցներից, որովհետեւ միայնակ թոշակառու է եւ ապրում է ընդամենը 19.000 դրամ կենսաթոշակով: Սեղանին դրված չորացած հացի կտորները վկայում են, որ այս ծեր կինը քաղցած գիշերներ է լուսացնում: Թոշակի մի մասը ծախսում է դեղորայքի վրա, որովհետեւ գրեթե ամեն օր ցավազրկող դեղահաբեր է օգտագործում: Ասում է` «Մենք եկանք էս տարածք` զիբիլանոց էր: Ամուսինս տրակտորով ամբողջը մաքրեց, ու կամաց-կամաց մեր ուժերով էս տունը կառուցեցինք: Ամուսինս շատ լավ մարդ էր, մինչեւ հիմա իրա անունն ինձ շատ ա օգնում, հարգված, սիրված մարդ էր: Մահացավ ու ինձ թողեց անտեր-անտիրական»: Գրետա տատը երկար տարիներ աշխատել է գրադարանում, գրքերի սիրահար է: Երբ կենցաղային հոգսերն իրեն խեղդում են, ընկճվում է` գիրքը վերցնում, փակվում է մի հետաքրքիր պատմության մեջ: Ասում է` «Ինձ սենց մի նայի, աղջիկ ջան, հիմա շատ եմ հալից ընկել: Ես գրքի գիժ եմ, ու գրքերն իմ ապրելու միակ միջոցն են: Էն օրը աստիճաններից իջնելուց անզգույշ էի, ծառի ճյուղը մտավ աչքս: Աչքիցս արյուն էր գալիս, հարեւաններս հասան, փրկեցին: Հիմա էս ձախ աչքս լավ չի տեսնում, անընդհատ ծակծկոց եմ զգում: Ինձ համար շատ ցավալի ա գիրք չկարդալը, բայց կարդալուց շատ եմ նեղվում»: Չնայած ֆիզիկական անօգնական, ծանր վիճակին` Գրետա տատի սենյակը կոկիկ, հարդարված է: Ասում է` «Ես մաքրություն սիրող կին եմ: Ինձ կոտորելով անում եմ. նույնիսկ հագիս շորերը ամեն օր փոխում եմ, որ հանկարծ էն աշխարհ գնալու լինեմ` երեխեքս չամաչեն»: Երեխաները ապրում են նույնքան թշվառ պայմաններում, որքան ինքը` Գրետա տատը: Որդին հաշմանդամ է, պատերազմի ժամանակ մարմինը ականահարվել է: Մորն ինչպես հարկն է «տիրություն» չանելու բարդույթից որդին տանջվում է, բայց նույնիսկ իր երկու երեխաների ամենօրյա հոգսերը չի կարողանում հոգալ: Գրետա տատն ասում է` «Տղաս շատ ա տառապում ինձ համար, բայց ինքը հիվանդ ա, մարմինը լրիվ ցանց ա: Հես ա գալու ա մոտս, կտեսնես: Ինքը շուտ-շուտ ա գալիս ինձ օգնելու»: Ասում է, որ ժամանակին լավ են ապրել ու ծերության տարիների համար խնայողությունները բանկում են պահ տվել: Գրետա տատը խնդրում է օգնել բանկում պահ տված մոտ 50.000 խորհրդային ռուբլու դիմաց փոխհատուցում ստանալու համար: Ասում է` «Ախր ես երբեւէ ոչ մեկից օգնություն չեմ խնդրել: Ես աշխատող, քրտինքով ապրող, հպարտ կին եմ: Ընդամենը մեր աշխատած փողերն եմ ուզում, որոնք մեր բերանից կտրելով՝ բանկում էինք պահել, որ էսօրվա օրը սովից չմեռնենք»: Գրետա տատի հուզված ձայնից անհանգստացած՝ ներս է մտնում մի տղամարդ, որը մոր դժգոհությունից նեղսրտած` չարացած հայացքով նայում է մեկ՝ ինձ, մեկ` Գրետա տատին: Տղան էգ Մեղավոր հայացքով նայում է մորն, ապա նկատելով ձեռքիս լուսանկարչական սարքը՝ լարված ասում է` «Էս ի՞նչ ես անում, ա՛յ մերա: Ախր, ինչի՞ համար, ախր ամոթ ա, մերա ջան: Մի կտոր չոր հաց ա` կհասցնենք էլիգ Պետք չի, մերա ջան, մի բողոքի, մի դժգոհի, Աստված մեծ ա»: Գրետա տատի` բարկացած ու զայրույթը զսպած որդին մորը չնեղացնելու համար այլեւս չի շարունակում, դուրս է գալիս բակ ու էլ չի երեւում: Ծեր կինը երեխայի նման կարմրելով ու իրեն մեղավոր զգալով՝ գլուխը խոնարհում է, կարծես որդուն ստորացրել, վիրավորել է: Ասում է` «Տեսնո՞ւմ եսգ մենք նամուսով մարդիկ ենք, մեր ցավը խեղդած ապրում ենք: Երեխեքս նեղվում են, որ չեն կարում ինձ տիրություն անեն»: Հետո երկար լռում էգ Ասում եմ` «Կարող ենք միջամտել, խնդրել Առողջապահության նախարարությանը, որ ձեր բուժումն անվճար կատարեն: Միայնակ թոշակառու, անօգնական եք, կբուժվեք ու ահագին կթեթեւանաք»: Գրետա տատիկը մի պահ ոգեւորվում է, բայց հետո այդ ոգեւորությունը վերածվում է դառնացած ժպիտի: Պատասխանում է` «Շատ կուզեի, շնորհակալ եմ, աղջիկս, բայց ինձ պահող չկա, մոտս եկող չի լինի, երեխեքս վատ վիճակում են, իսկ ես ավելորդ հոգս կպատճառեմ նրանց»: Գրետա տատին խոստանում եմ հիվանդանոց տեղափոխվելու դեպքում այցելել իրեն, շաբաթվա մեջ մի քանի օր նրան խնամելու հարցը լուծել, բայցգ «Ես ինձ վատ եմ զգում, հասկանո՞ւմ ես: Չեմ կարա բեռ դառնամ, նեղություն տամ: Երեխեքիս տուպիկի առաջ կկանգնացնեմ, քեզ էլ հետը նեղություն կտամ: Չեմ սիրում ուրիշներին նեղություն պատճառել: Ոչինչ, Աստված մեծ ա, ինձ համար մի դուռ կբացի: Երեխեքիս վիճակը կլավանա ու ինձ էլ տիրություն կանեն»: Հետո Գրետա տատիկը վերցնում է սեղանին դրված գիրքը, ակնոցը դնում է աչքերին, բայց կարդալու փոխարեն՝ ակնոցի ապակիները ողողած արցունքներն է սրբում: