Սասունցի Դավթի արձանը զրկվել է հեղինակային կնիքից

12/04/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Այս տարի լրանում է մեր քաղաքի ու ընդհանրապես մեր պատմության ամենագեղեցիկ ու խոսուն սիմվոլներից մեկի՝ Սասունցի Դավթի արձանի տեղադրման 50-ամյակը։ Երվանդ Քոչարի ստեղծած այս գլուխգործոցը Երեւանի կենսունակության մասին վկայող վավերագիր փաստ է, որի սկզբնական տեսքը (մաքուր, բազմաբովանդակ ու շատ արդիական) կարելի է հպարտությամբ տեսնել Երեւանի մասին պատմող ցանկացած ալբոմում ու բացիկների հավաքածուներում։

Մենք սիրում ու հպարտանում ենք Սասունցի Դավթի արձանով, բայց միայն անցյալ ժամանակով, քանի որ արձանի այսօրվա վիճակն ու նրան շրջապատող տարածքը ոչ միայն լուրջ մտահոգությունների առիթ է տալիս, այլեւ՝ ամբողջովին խեղաթյուրում է հեղինակային գաղափարը։

1959թ. դեկտեմբերի 3-ին տեղադրված պղնձակոփ Սասունցի Դավիթը, որն, ըստ Ե. Քոչարի՝ «կարող է դարեր դիմանալ», մինչ օրս երբեք չի ենթարկվել մասնագիտական զննման։ Իսկ դա անթույլատրելի բացթողում է, քանի որ մետաղը ժամանակի ընթացքում օքսիդանում է, իսկ կառույցի ներքին կոնստրուկցիաները թուլանում են։ Զննումն առավել արդիական է, քանի որ ներքին կոնստրուկցիաները երկաթից են պատրաստված։ Եվ այսօր վտանգված է արձանի ֆիզիկական գոյությունը։

Երվանդ Քոչարի տուն-թանգարանի տնօրեն Լալա Մնացականյան-Քոչարը վստահ է, որ արձանի փորձաքննությունն այդքան էլ բարդ ու ծախսատար գործ չէ, առավելեւս, որ մենք նման աշխատանք իրականացնող մասնագետներ ունենք, ու հարկ չկա նրանց արտասահմանից հրավիրել։ Հարցը միայն սրտացավ ու ուշադիր լինելու մեջ է։ Լ. Մնացականյան-Քոչարը զննման անհրաժեշտության մասին խոսել է Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ եւ հույս ունի, որ խնդիրը լուծում կստանա։ Նաեւ անհրաժեշտ է արձանի միջավայրի մաքրման աշխատանքներ իրականացնել, քանի որ տարածքն անմխիթար վիճակում է գտնվում ու խիստ աղտոտված է։ Խորհրդային տարիներին արձանը մշտական պահակ է ունեցել, որը ջրավազանն ու տարածքը մաքուր պահպանել է։ Պահակ վաղուց արդեն չկա, ինչպես նաեւ բացակայում են ջուրն ու ջրի միջոցով դիտողին փոխանցվող էմոցիոնալ ուղերձը։ Ջուրն, առհասարակ, կենսունակության, համբերության խորհրդանիշն է։ Իսկ Երվանդ Քոչարը համոզված էր, որ ապագայի քանդակը միայն ամուր նյութերից չպետք է պատրաստված լինի, այլեւ կարող են օգտագործվել ջրային, գազային ֆորմաները։ «Արձանագործությունը մանրացավ, հասավ նեյտրոնների, ատոմների, էլեկտրոնների, բայց ձեռք բերեց մեծ ազատություն։ Քանդակել պետք է ամեն ինչ ու ամեն ձեւով։ Պետք է գտնել մեծության ճանապարհը»,- ասել է Քոչարը։ Մեծությունը նրա համար ողջ քաղաքն ու մեր պատմությունն էր, այսօրվա սպասելիքներն ու ապագայի դիմագծերը, մեր պատմական հերոսին համաշխարհային կոնտեքստի մեջ տեսնելու երազանքը։ Ե. Քոչարը Սասունցի Դավթի կոմպոզիցիայի մեջ հոսող ջրին կարեւոր իմաստային կշիռ է հաղորդել՝ դարձնելով այն արձանի բովանդակության բաղկացուցիչը։ Արձանի շրջապատող ավազանը սոսկ դեկորատիվ ավազան չէ, այլ՝ կոմպոզիցիայի հատված, որը լրացնում ու ամբողջացնում է Սասունցի Դավթի կերպարը։ Չէ՞ որ մեր էպոսի հերոսը ջրային ծագում ուներ, նրա մայրը՝ Ծովինարը, ծովի փերի էր։ Սակայն, արդեն 20 տարի է, ինչ Սասունցի Դավիթը ջրազուրկ է, քայքայվել ու փտել են ջրատար խողովակները, ու կանգ է առել ջրի կամացուկ ու անխուսափելի գահավիժումը, որը Սասունցի Դավթի կերպարի բացահայտման գեղարվեստական բանալին է հանդիսանում։

Հայաստանի անկախությունից հետո Սասունցի Դավթի արձանը կորցրեց իր տեղադրման վայրի կարեւորությունը (երկաթուղին կանգ առավ, ու մարդկանց հոսքը դեպի Երեւան դադարեց): Բացի այդ, արձանը նաեւ կորցրեց իր բովանդակությունը, քանի որ ըստ հեղինակի մտահղացման՝ Դավիթը թուր է բարձրացնում միայն այն պահին, երբ հատում է հայ ժողովրդի համբերությունը։ Ջուրը հոսելով՝ թափվում է համբերության թասի մեջ ու կարծես բացատրում է, թե ինչո՞ւ է Դավիթը սուրը վերցրել… Չէ՞ որ երբ ժողովրդի համբերությունը հատում է, ինքնակործանմանը դիմակայելու միակ միջոցը դառնում է զենքով պաշտպանվելու մղումը։ Երվանդ Քոչարը դպրոցականների հետ հանդիպումներից մեկի ժամանակ ասել է. «Հայ ժողովուրդը միշտ եղել է խաղաղասեր, նա երբեք պատմության մեջ չի հարձակվել, այլ միշտ պաշտպանվել է ու կռվել, երբ հարձակվել են, հանել համբերությունից… Ահա կայանամերձ հրապարակում դրված է Սասունցի Դավթի արձանը` թուրը ձեռքին, պատրաստ հարձակման, քաղաք մտնողը կարող է մի պահ զարմանալ՝ այս ի՞նչ է, թրո՞վ են մեզ դիմավորում… Եվ ահա այստեղ էլ դրված է համբերության բաժակը, որը լցվել է ու ջուրը թափվում է։ Նշանակում է՝ հայ ժողովուրդը թուրը քաշում է այն ժամանակ, երբ լցվում է համբերության բաժակը, երբ նեղում են իրեն…»։

Խորհրդանշական այդ բաժակը հետաքրքիր դիտարկումների առիթ է տալիս։ Վաղուց արդեն բաժակի մեջ ջուր չի լցվում։ Մշտական հոսող ջուր չլինելու պատճառով՝ ջրի հոսքը պարզապես կտրվել է, եւ խողովակները խցանվել են։ Իսկ համբերության բաժակը մի քանի անգամ գողացվել է։ Այն փոքր-ինչ անջատ է ողջ կառույցից ու լոկալ լուծում ունի, իսկ դա նշանակում է, որ համբերության խորհրդանիշը կարելի է հանգիստ գողանալ ու որպես մետաղյա թափոն վաճառել։ Գողացված պղնձաձույլ բաժակը փոխարինվել է կայարանի դեպոյից բերված ինչ-որ երկաթյա դետալով, իսկ ջրատար խողովակի դերն այժմ կատարում է սպիտակ պլաստմասսայե «շլանգը»։ Եվ Երվանդ Քոչարի հանճարեղ լուծումն ուղղակի զավեշտի է վերածվել։ Մինչդեռ պետք է ընդունել, որ «համբերանքի թասին» արձանի կոմպոզիցիայի մեջ նման դերակատարություն տալը Քոչարի համար շատ կարեւոր կետ է եղել։ Նա կենդանացրել ու լիիրավ գործող անձի կարգավիճակ է տվել վերացական սիմվոլին, առանց որի Սասունցի Դավթի արձանը կորցնում է իր հմայքն ու ասելիքը։ Իսկ ասելիքը հետեւյալն է. մենք ռազմատենչ չենք, բայց մեզ համբերությունից մի հանեք, քանի որ այդ ժամանակ մենք անպարտելի ենք դառնում։ Համաձայնեք, որ մարդասիրության ու հանդուրժողության կոչ պարունակող այս ուղերձը այժմ գլոբալ նշանակություն ունի մեր մոլորակի վրա ապրող բոլոր ժողովուրդների համար։ Նաեւ շատ սիմվոլիկ ենթատեքստ է ձեռք բերում այն ժամանակակից հայաստանցիների կյանքում։ Ստացվում է, որ երբ անհետանում է համբերության բուն, առարկայական բաժակը, ժողովրդի համբերությունը անսպառ է դառնում։ Չկա բաժակ, չկա նաեւ համբերելու կամ չհամբերելու երկընտրանքը։ Շատ հնարամիտ քայլ է. գողանում ես բաժակը, որպեսզի համբերությունն անհատակ դառնա։

Արձանի բազմաթիվ մանր ու իմաստալից դետալների մասին խոսելիս՝ Երվանդ Քոչարը միշտ փորձել է ընդգծել, որ հայ ժողովրդի տրամաբանելու ունակությունը միշտ օգնության է հասել ու, վերջիվերջո, փրկել մեզ։ Նույնիսկ Թուր Կեծակին է Դավիթը գերանդու նման բռնել, քանի որ նա զինվոր չէ, այլ՝ աշխատավոր է, որին կյանքի անտրամաբանական ընթացքը մարտիկ է դարձրել։ Եվ հենց աշխատավոր լինելու փաստն էլ օգնում է Դավթին հաղթել թշնամուն։ Քոչարն ասել է. «Դավիթը՝ հակառակ աշխարհում եղած մյուս էպոսների հերոսների, մենակ է կռվում թշնամու զորքի դեմ, եւ ահա եթե նա թուրը վերեւ բռնած լինի` ամեն հարվածին մեկին կսպանի, բայց դրանից հետո, հաջորդ անգամ մինչեւ թուրը բարձրացնի, թշնամին իրեն կհարվածի։ Իսկ երբ նա գերանդու նման է քաշում, նա «հնձում» է հակառակորդին եւ մի հարվածով հարյուրավոր մարդկանց կոտորում։ Բացի դրանից, Դավիթը ծագումով ռամիկ էր, աշխատավոր գյուղացու զավակ, նա սովոր էր գերանդիով աշխատել»։

Լալա Մնացականյան-Քոչարը պատմում է, որ ի տարբերություն աշխարհում եղած բոլոր այն արձանների, որտեղ զենք օգտագործող մարդիկ են պատկերված, մեր Սասունցի Դավիթը միակն է, որը ռազմական հագուստ չի կրում։ Եվ նրա հավատարիմ ընկեր Քուռկիկ Ջալալին էլ սանձ չունի։ Ինչպե՞ս կարելի է սանձի մեջ պահել ընկերոջը, որը հուսադրող ու իմաստուն խորհրդատու է։

Երվանդ Քոչարն իրեն երբեք քանդակագործ չի համարել, ասելով՝ ես նկարիչ-արձանագործ եմ։ Դրանով իսկ նա փորձել է ասել, որ արձան ստեղծողը միայն բրիչով ու ամուր նյութերով աշխատող մարդը չէ, որ կարելի է յուրաքանչյուր նյութից արվեստի գործ արարել, եթե հասկանում ես ժամանակի իդեալն ու ժամանակի արտահայտչամիջոցները։ «Պետք է իմանաս` ինչ ես որոնում, որպեսզի գտնես դա»,- ասել է նա։ Ժամանակակից միջավայրի ու պատմական հերոսի կապն ընդգծող մեր սիրելի Սասունցի Դավթի արձանը այժմ խեղաթյուրված ու խզված կապերի սիմվոլն է դարձել։ Այն մեր սիրելի քաղաքի պես աղբի մեջ է հայտնվել ու լուռ փաստում է, որ մենք այսօր արժանի ենք այն միջավայրին, որն ունենք, քանի որ հանգիստ սրտով գողանում ենք «համբերանքի թասն» ու Դավթի ոտքերի տակ պլաստիկ շշեր ենք նետում։ Եվ բնավ էլ չենք կարեւորում արվեստն ու սեփական արժանապատվությունը։