– Պատերազմի ժամանակ ռազմավարական նշանակություն ունեցող այլ օբյեկտների
հետ միասին հակառակորդը փորձում է պայթեցնել նաեւ թիթեղյա տարաներ
արտադրող գործարանները,- ասում է թիթեղյա տուփեր արտադրող «Գամմա»
ընկերության առեւտրային տնօրեն Միքայել Մարդումյանը:
Եթե մուրաբաները հարմար է պահել ապակյա տարաներում, ապա մսամթերքը,
ձկնեղենը կամ յուղը եւ ձիթապտուղն ընդունված է պահածոյացնել միայն թիթեղյա
տարաներում: Հասարակածային կամ մերձարեւադարձային երկրներում ոչ միայն
մսամթերքի, այլեւ գյուղմթերքի պահածոն էլ արտադրվում կամ ներմուծվում է
բացառապես թիթեղյա տուփերով: Ճիշտ է, ընդհանուր առմամբ ապակյա տարայում
պահածոյացված մթերքն ավելի երկար է պահպանվում, բայց լուսային ազդեցության
շուտ է ենթարկվում, եւ պահածոյացված մթերքը կորցնում է վիտամինային
հատկությունները: Այնպես որ, մթերքի տեսակից է կախված, թե ինչ տարայի մեջ
պետք է պահածոյացնել: Իսկ արեւադարձային երկրներում նախընտրում են թիթեղյա
տարաներով պահածոները:
Պարզվում է, ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ Հարավային Կովկասում
արտադրության այս տեսակի մեջ «Գամման» միակ մասնագիտացված ընկերությունն
է: Ստեղծվել է 1996թ., եւ այն եզակի արտադրողներից է, որը ոչ թե
սեփականացվել եւ վերագործարկվել է խորհրդային տարիներից մնացած ինչ-որ
գործարանի հիմքի վրա, այլ ստեղծվել է ամբողջությամբ նոր ու ժամանակակից
հոսքագծերով եւ տեխնոլոգիաներով: Թիթեղը՝ տարայի հումքը, ներկրվում է
Ռուսաստանից, Ուկրաինայից եւ Ղազախստանից: Պատրաստի տարան սպառվում է
հիմնականում Հայաստանում, արտահանվում է միայն Վրաստան: Հայաստանում
«Գամմայի» պատվիրատուները շատ չեն, հիմնականում ձուկ եւ միս պահածոյացնող
ընկերություններն են ու Էջմիածնի պահածոների գործարանը: Գյուղմթերք
վերամշակող մյուս գործարանները նախընտրում են ապակյա տարան:
– Մեր գնորդն ապակյա տարային է սովոր,- տեղեկացրին «Սարդարապատ» ընկերությունից:
– Դե, երեւում է, էլի, թե մեջն ինչ է,- ասում է խանութից տոմատ գնող տիկին Անահիտը:- Բա չտեսնե՞նք ինչ գույնի է:
– Բանկան էլ մեզ պետք է, հետո մենք ենք զակատ անելու,- ավելացնում է նրա հարսը:
Այլ հարց է, որ էժան ապրելու համար հայ տնտեսուհին ձմռան համար պահածո է
փակում: Հավանաբար հենց այս պատճառո՞վ է, որ սիրում ենք մթերքը գնել
ապակյա թափանցիկ տարաներով, թե՞ տեղական արտադրողն էլ իր գնորդին
առաջարկում է հիմնականում «թափանցիկ» տարբերակը:
– Մեր պատվիրատուն ապակյա բանկաներով է պատվիրում, արտահանում ենք
Ռուսաստան,- ասում է «Նոյան» գործարանի տնօրեն Վ.Ղազարյանը:- Ներքին
շուկայում էլ գնորդը նախընտրում է թափանցիկ տարբերակը:
Քանի որ հայկական մթերքն այլ երկրներում սպառվում է հիմնականում հայ
համայնքի կողմից, ուրեմն արտահանման դեպքում էլ մեր պահածոների սպառողի
պահանջարկն ունի նույն որակը: Իսկ Հայաստանում մտածում են, թե
արտասահմանյան երկրները վատորակ ապրանքը փաթեթավորում են չերեւացող
տուփերի մեջ եւ ուղարկում թույլ զարգացած երկրներ:
– Երբ թիթեղյա տուփով ենք առաջարկում, վերցնում են՝ նայում, շուռումուռ
տալիս ու վերադարձնում են,- ասում է մի վաճառողուհի: -Նույն պահածոն գնում
են բանկաներով: Մենք մեր տեղական արտադրանքն ենք առաջարկում, բացատրում,
որ չնայած չի երեւում, բայց ավելի որակով ու ապահով է: Մեկ-մեկ մեզ լսում
են, տանում են համոզվում են, որ լավն է, հետո արդեն իրենք են թիթեղյա
տուփերով ուզում:
Պարոն Մարդումյանը բացատրում է, որ պահածոն թիթեղյա տուփերով արտահանելը ձեռնտու է գործարարների համար:
– Ինքնարժեքն ավելի ցածր է լինում,- բացատրում է նա:- Նախ՝ թիթեղյա տարան
ավելի էժան է: Հետո՝ տեղափոխման ծախսերը ապրանքի քաշով են վճարում, իսկ
թիթեղն ապակուց թեթեւ է, չի ջարդվում, կորուստ չի լինում, դրա համար էլ
ինքնարժեքը ցածր է գալիս: Զարգացող երկրների համար արտահանման էժան
տարբերակը շատ կարեւոր է: Թիթեղյա տուփն ունի մեկ այլ առավելություն.
օգտագործվում է մեկ անգամ: Ապակյա տարայի կրկնակի օգտագործման դեպքում
հնարավոր է դրսից վիրուսներ մնացած լինեն:
– Շատ արտադրողների հետ մենք փորձեցինք ընդհանուր աշխատանքային դաշտ
ստեղծել, այսինքն՝ մենք տարան արտադրենք, իրենք պահածոն, հետո միասին
դրսում շուկա գտնենք ու արտահանենք,- շարունակում է Մ.Մարդումյանը:- Չի
ստացվում: Մեր արտադրողի համար հարմար է կիսաֆաբրիկատ տոմատի մածուկը
տակառով արտահանել: Իսկ դրսի ընկերությունները դա դարձնում են արդեն տոմատ
կամ կետչուպ ու մեր շահույթը կիսում են: Հայ արտադրողը դեռ չունի
շուկայական տնտեսվարման լիարժեք ըմբռնումը: Այստեղ գործարարին պետք է
պետությունն օգնի, որն էլ լիարժեք չի կատարում իր կարգավորիչ դերը:
Որպեսզի արտադրողն ու սպառողը հասկանան, որ որոշ մթերքի պահածոյացումը
թիթեղյա տարաներում ավելի հարմար է, «Գամման» որոշեց օրինակ ծառայել. 1998
թվականից սկսեց նաեւ պահածոներ արտադրել «Արեգա» ֆիրմային անունով:
Պարզեցինք, որ սպառողն այս ապրանքին արդեն լավ ծանոթ է:
– Հա, ամենալավ տոմատն է, բայց մեզ մոտ չկա, մեծ խանութներում հարցրեք,-
տեղեկացրեց Կոմիտասի շուկայի հարեւանությամբ գտնվող մի կրպակավաճառ:
Շուկայական այս խորամանկ քայլն իր հետեւանքներն ունեցավ. եթե 1997թ.
գործարանն արտադրում էր 0,5 մլն թիթեղյա տարա, ապա անցած տարի արտադրել է
7 մլն:
Այս հաջողությունից ոգեւորված՝ «Գամմա» ընկերությունում որոշեցին
ընդլայնել նաեւ տոմատի մածուկի արտադրությունը: Սկսեցին շատ հեռվից. վարկ
վերցրին բանկերից, կանխավճար տվեցին գյուղացուն, որպեսզի նա պոմիդոր մշակի
եւ հանձնի գործարանին:
– Այս տարի 30 մլն դրամի կանխավճար ենք տվել գյուղացուն եւ մթերելու ենք
120 մլն դրամի պոմիդոր,- ասում է ընկերության տնօրենը:- Արտադրելու ենք
1200 տոննա տոմատի մածուկ եւ 95%-ն արտահանելու ենք Վրաստան, Ռուսաստան եւ
Մերձավոր Արեւելքի երկրներ:
«Գամմայում» վստահ են, որ եթե պետությունն իր կարգավորիչ դերը թեկուզ
գյուղմթերքի արտադրության մեջ լիարժեք կատարի՝ բանկերին ստիպի գոնե
արտադրության համար էժան վարկեր տրամադրել, գործարարներին համախմբի
համատեղ արտադրական հոլդինգ ստեղծելու համար, արտահանման բարենպաստ
պայմաններ ստեղծի, Հայաստանի տնտեսությունը զգալի զարգացում կունենա:
– Այստեղ մեր պայմանները որ լավացնեն, դրսի շուկայի հարցերը մենք կլուծենք,- ասում է պարոն Մարդումյանը: