Մայիսի 1-ին «ընդառաջ»

09/04/2009

Երեկ ժամը 18։00-ի սահմաններում Ոստիկանության Պարեկային ծառայության եւ հատուկ ջոկատի ստորաբաժանումները Հյուսիսային պողոտայից բերման են ենթարկել քաղաքական զբոսանքին մասնակցող մեկ տասնյակից ավելի քաղաքացիների, այդ թվում` Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանին: Քաղբանտարկյալներ Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի երեկվա դատավարությունից հետո դատարանի մոտ հավաքված մարդիկ բարձրացել են դեպի Հյուսիսային պողոտա: Սակայն Հյուսիսային պողոտայի երկու կողմերը փակված են եղել ոստիկանների կողմից, իսկ պողոտայի ներսում «հերթապահել են» մի քանի տասնյակ ոստիկաններ ու կարմիր բերետավորներ: Վերջիններս մարդկանց թույլ չեն տվել մտնել պողոտա: Այդ ընթացքում ոստիկանները նաեւ հարվածել, հրել ու քաշքշել են բազմաթիվ քաղաքացիների: Ոստիկանները հրել եւ հարվածել են «Ա1+»-ի ֆոտոլրագրող Դավիթ Ջալալյանին: Լրագրողին տեղափոխել են հիվանդանոց. նա ուժեղ հարվածներ է ստացել դեմքի եւ լյարդի հատվածում: Իսկ Ոստիկանական բաժանմունք տարված քաղաքացիներին ազատ են արձակել երեկոյան ժամը 21-ի սահմաններում: Լեւոն Զուրաբյանը ազատ է արձակվել մի փոքր ավելի վաղ: