Երեւանի քաղաքապետարանում երեկ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրվել: Գլխավոր հարցը վերաբերվում էր քաղաքացիների դիմումներին տրվող պատասխանների բովանդակությանն ու ժամկետներին: Նիստն անձամբ վարում էր քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: 2008թ. Երեւանի քաղաքապետարանը ստացել է 87.600 դիմում, որոնցից 5200-ին մինչ օրս պատասխան չի տրվել: «Դա նշանակում է, որ ավելի քան 5000 մարդ դժգոհ է քաղաքապետարանից: Ես դա անընդունելի եմ համարում»,- նշել է Գ. Բեգլարյանը: Հանձնարարվել է կուտակված դիմումներին մեկամսյա ժամկետում պատասխանել: Եթե նույնիսկ քաղաքացու դիմումը մերժվում է, ապա այն պետք է այնքան հիմնավոր լինի, որ քաղաքացին չդժգոհի: «Ուշացման համար արդարացում չի կարող լինել ոչ գերծանրաբեռնվածությունը, ոչ դիմումների մեծաքանակ լինելը: Քաղաքացին դիմում է տալիս եւ իրավունք ունի ժամանակին պատասխան ստանալ, դա նրա սահմանադրական իրավունքն է, մնացածը մեր` պաշտոնյաներիս խնդիրն է»,- ավելացրել է Գ. Բեգլարյանը: Այժմ ընթացքի մեջ է քաղաքացիների սեփականության իրավունքների անհատույց վերականգնման գործընթացը, ինչով պայմանավորված դիմումների մեծ հոսք կա: Քաղաքացիների գույքային իրավունքների գրանցումն, ի դեպ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումներից էր: Աշխատանքներն ավելի օպերատիվ կազմակերպելու նպատակով հանձնարարվել է լրացուցիչ աշխատանքային խմբեր ձեւավորել` դրանցում ներգրավելով նաեւ թաղապետարանների ներկայացուցիչներին: Այսուհետ ամեն օր անհատույց օրինականացման վերաբերյալ առնվազն 120 դիմումի պատասխան պետք է տրվի: Խորհրդակցությունից հետո քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գրիգոր Մելքումյանը ներկայացրել է քաղաքապետի հանձնարարականները: Նա նշել է, որ շուրջ 5000 դիմումները, որոնց պատասխանները ժամանակին չեն տրվել, հիմնականում վերաբերում են անշարժ գույքի անհատույց, ինչպես նաեւ՝ մինչեւ 2001թ. կառուցված ինքնակամ շինությունների օրինականացմանը: Կոմունալ կենցաղային հարցերով դիմումները 56 տոկոս են կազմում, գույքային խնդիրների վերաբերյալ` 19 տոկոս, քաղաքաշինական բնագավառի` 12 տոկոս: Ըստ Գ. Մելքումյանի` դիմումների պատասխանների ձգձգումները պայմանավորված են քաղաքապետարանի որոշ ստորաբաժանումների թերացմամբ, խնդիրներ են եղել նաեւ Ազգային արխիվից եւ Կադաստրից փաստաթղթերի ժամանակին տրամադրման հետ կապված:
Մ. ՎԱՐԴԱՆՅԱՆ