ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց, թե Հայաստանում ո՞վ է պատասխանատու այն քարտեզների համար, որոնք հեռուստաընկերությունները ցուցադրում են եղանակի տեսություններ հաղորդելիս: Ըստ Լ. Ալավերդյանի, այդ քարտեզները հակասում են ԼՂՀ Սահմանադրությանը ու բխում են Ադրբեջանի շահերից: Ի դեպ, նա նաեւ նշեց, թե ինքը պարզել է, որ այդ քարտեզները պատրաստած ՍՊԸ-ն զբաղվում է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման խնդիրներով: «Դուք ղարաբաղցի՞ եք»` դիմելով Լ. Ալավերդյանին, հարցրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Էն էլ հունց»,- պատասխանեց «Ժառանգության» պատգամավորը, ում Հ. Աբրահամյանը փոխանցեց, որ կառավարությունն այդ հարցի պատասխանն իրեն գրավոր կուղարկի: ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանի` պետական բյուջեի հավաքագրման վերաբերյալ հարցին պատասխանելու համար ԱԺ ամբիոնի մոտ Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանին հրավիրելիս էլ, Հ. Աբրահամյանն ասաց. «Ֆինանսի պայուտ ռոմանսի»: Տ. Դավթյանն էլ հայտարարեց, թե այս պահի դրությամբ «ունենք համախառն ներքին արդյունքի 3,7 տոկոս նվազում նախորդ տարվա հունվար եւ փետրվար ամիսների համեմատ»: Այնուհետեւ սկսեց համեմատություններ անցկացնել Հայաստանի եւ ԱՊՀ երկրների միջեւ: Իսկ ավելի հստակ նա խոստացավ հարցին անդրադառնալ ավելի ուշ` եռամսյակն ամփոփելիս։ «Մեր տնտեսության իրավիճակը հայկական ֆենոմեն չէ: Դա համաշխարհային տնտեսական վիճակի արդյունքն է եւ գերակշիռ մասով պայմանավորված համաշխարհային տնտեսության մեջ ընթացող գործընթացներով: Այսօր պատճառներ փնտրել ՀՀ տնտեսության մեջ՝ անշնորհակալ գործ է»,- ասաց Տ. Դավթյանը: ՀՅԴ-ական պատգամավոր Վահան Հովհաննիսյանն էլ կառավարությունից հետաքրքրվեց, թե ինչ ճակատագիր է սպասվում անհատ տաքսու վարորդներին` նկատելով, թե կառավարությունը նույն բծախնդրությամբ չի մոտենում երթուղային տաքսիներին: Այսինքն` մեքենաների հնությանը, ուղեւորների անվտանգությանն ու այլ հարցերին: «Ի տարբերություն անհատ տաքսիների` երթուղային տաքսիների վարորդները պաշտպանված են իրենց գծերի տերերով»,- նշեց Վ. Հովհաննիսյանը: Ի պատասխան, ՀՀ Տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանն ասաց. «Երթուղային տաքսիների դեպքում նույնպես կա սահմանափակում` մինչեւ 15 տարվա հնության մեքենաներ: Երթուղային տաքսիները հիմնականում նոր մեքենաներ են, եւ այն հները, որոնք դուք տեսնում եք, դրանց մի մասը կարող են լինել անհատական շահագործման տակ: Պետք է նշեմ, որ տաքսիների 10 տարվա վաղեմությունը վերաբերում է ոչ միայն անհատ վարորդներին, այլեւ տաքսի ընկերություններին: Ընկերությունների կազմում չկան ժամկետանց մեքենաներ»: