ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Մարի Անն Իզլեր Բեգենը երեկ ՀՀ ԱԺ-ում հայտարարեց, թե իրենք ինչ-որ ժամանակ պատրաստվել էին մեկնել հայ-թուրքական սահման եւ հանդիպել թուրք գործընկերների հետ, սակայն «մեզ խորհուրդ տվեցին ավելի զուսպ լինել, թողնել, որպեսզի հայ-թուրքական բանակցություններն ընթանան իրենց հունով, եւ հետո արդեն անել նմանատիպ քայլ»: Թե ով է իրենց նման խորհուրդ տվել` տիկին Բեգենը չմանրամասնեց:
Ըստ նրա` հայ-թուրքական սահմանի բացման հարցը ԵՄ-ում բազմաթիվ անգամներ է բարձրացվել, նույնիսկ, իրենք խնդրել են «լրջորեն ուսումնասիրել բոլոր այն հետեւանքները` թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական, որոնք կլինեն սահմանի բացումից հետո»: Նաեւ հայտարարեց, թե ոչ միայն ինքն է ուզում, որ սահմանը բացվի, այլեւ` ԵՄ-ն: «Ես համոզված եմ, որ դա կարող է միայն կարեւոր դրական ազդեցությունն ունենալ ոչ միայն Հայաստանի տնտեսության եւ սոցիալական վիճակի վրա, այլեւ` Թուրքիայի»,- ասաց նա:
Հարցին, թե` ԵՄ-ն ի՞նչն է ուսումնասիրել, եթե կողմնակից է սահմանի բացմանը, Մարի Անն Իզլեր Բեգենը պատասխանեց. «Ես կրկնեմ, որովհետեւ չեմ ուզում, որ երկիմաստություն լինի իմ ասածների մեջ: Մենք ուզում ենք մեր պառլամենտում լուսաբանենք, լուսավորենք մեր կոլեգաներին, թե ինչպիսի սոցիալ-տնտեսական իրավիճակ է Հայաստանում եւ Թուրքիայում, ցույց տանք, թե որքան անհրաժեշտ, հրատապ է բացել սահմանը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, դրա համար ենք խնդրել ուսումնասիրել: Եվ մենք մեր այդ ուսումնասիրությունը ցույց տվեցինք մեր բոլոր գործընկերներին` եւ՛ ՌԴ պատվիրակությանը, եւ՛ Հարավային Կովկասի պատվիրակությանը, եւ՛ բոլոր նրանց, ովքեր ներկա էին այդ ժողովին, որպեսզի ապացուցենք: Եվ այդ ուսումնասիրությունն ապացուցեց, թե մենք որքան իրավացի էինք, երբ պնդում էինք, որ պետք է սահմանը բացվի: Մեր քաղաքական ցանկությունը, որպեսզի հայ-թուրքական սահմանը բացվի, ամրապնդվեց այդ ուսումնասիրությամբ եւ ցույց տվեց, թե դա որքան դրական կարող է լինել Թուրքիայի եւ Հայաստանի համար: Մենք կարող ենք ունենալ քաղաքական դիրքորոշումներ, որոնք կարող են հետաքրքրել այս կամ այն երկրին, բայց երբ այդ խնդիրներին լուծում գտնելու համար կամք չկա, ապա պետք է փաստարկներ գտնել»: Ըստ նրա` ամենալավ փաստարկը, որը բերվել է ուսումնասիրության մեջ, եղել է տնտեսական հիմնավորվածությունը, ըստ որի, սահմանի բացումը «շահավետ կլինի երկու կողմերի համար էլ»: Հարցին` ԵՄ-ն կարո՞ղ է երաշխավորել, որ սահմանի բացման դեպքում Հայաստանը, ասենք, թմրանյութերի տարանցման երկիր չի դառնա, Մարի Անն Իզլեր Բեգենը պատասխանեց. «Եթե ԵՄ-ն կարողանար նման երաշխիքներ տալ, կարող էր նաեւ մեր` սեփական երկրների համար երաշխիք տալ, որ մեր երկրներում թմրանյութ չի լինի: Եթե նրբությամբ մոտենաք հարցերին, ապա կտեսնեք, որ Գվինեան, Հարավային Աֆրիկան դրանք այն երկրներն են, որտեղից կարող են թմրանյութեր բերվել մինչեւ Ֆրանսիա»: ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Ավետ Ադոնցն էլ` անդրադառնալով սահմանի բացման անհրաժեշտությանը, ասաց. «Պարտադի՛ր է, որպեսզի սահմանը բացվի: Որեւէ հաշվարկ չի կարող հիմնավորել սահմանի փակ լինելը: Սահմանն այսօր փակ է միակողմանի` առանց որեւէ տրամաբանական հիմքի: Չկա հիմք, որի համար հիմա սահմանը փակ է Թուրքիայի կողմից: Դրա համար սահմանը ոչ թե անհրաժեշտ է բացել, ոչ թե պետք է հաշվարկել, թե ում համար ավելի լավ կամ վատ կլինի, այլ` ոչ, սահմանը պետք է բացվի»:
ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Մարի Անն Իզլեր Բեգենը երեկ անդրադարձավ նաեւ մարտի 1-2-ի դեպքերից հետո կալանավայրերում հայտնված անձանց` ասելով, թե ՀՀ իշխանություններն իրենց չեն խոչընդոտել հանդիպել այն կալանավորների հետ, որոնց իրենք ցանկացել են տեսնել: «Մենք կարողացել ենք տեսնել բոլոր նրանց, ում ցանկացել ենք տեսնել: Իսկ ցանկացել ենք մենք իրենց տեսնել` իմանալու համար իրենց մեկնաբանություններն ու բացատրություններն իրադարձությունների վերաբերյալ: Մասնավորապես փորձել ենք հարցնել, թե ինչպես է ընթանում դատավարության պրոցեսը,- ասաց նա` ավելացնելով,- Իհարկե, մենք չենք կարող միջամտել դատավարության պրոցեսին, եւ պետք է ասեմ, որ ՀՀ իշխանությունների եւ նաեւ ԵԽ-ի հետ մենք անդրադարձել ենք որոշ սահմանումների: Այս դեպքում ԵՄ-ն ավելի շատ կիսում է ԵԽ ԽՎ սահմանումը, այսինքն` «քաղբանտարկյալ» սահմանումը: Թույլ տվեք հույս հայտնեմ, որ մոտ ապագայում հարցերը լավագույնս պետք է լուծվեն, որովհետեւ եւ՛ ԵԽ-ն, եւ՛ ՀՀ իշխանությունները փորձում են դրանց տալ ճիշտ եւ արդարացի լուծում»: Տիկին Բեգենը նաեւ հայտարարեց. «Կարծում եմ, որ բոլորս պետք է դաս քաղենք այն իրադարձություններից, որոնք տեղի ունեցան մարտի 1-ին: Մասնավորապես, մենք ուշադիր ենք այն հարցերին, որոնք վերաբերում են մարդու իրավունքների պաշտպանմանը: ԵԽ-ում հատուկ հանձնաժողով կա, որը զբաղվում է այդ հարցերով: Մարդու իրավունքների եւ օրենքների մեջ երբեմն այնպիսի իրավիճակ է ստեղծվում, որ օրենսդրական դաշտը պետք է ավելի հստակեցնել, որպեսզի մարդու իրավունքները լավագույնս պաշտպանվեն: Այս առումով, ես կուզենայի, որ նման դեպքեր, նման ցույցեր, որոնք կարող են մահվան պատճառ հանդիսանալ, այլեւս չլինեն ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ որեւէ այլ երկրում»: Դիտարկմանը, թե` արդյո՞ք «նման ցույցեր, որոնք կարող են մահվան պատճառ հանդիսանալ» արտահայտությունը նշանակում է, որ Հայաստանում չպետք է ցույցեր լինեն, տիկին Բեգենը պատասխանեց. «Մի՛ մեկնաբանեք իմ ասածները: Ես երբեւիցե չեմ ասել, որ այնպես պետք է անենք, որպեսզի այլեւս չլինեն ցույցեր: Շաբաթ օրը ես մասնակցել եմ ՆԱՏՕ-ի դեմ ցույցի, այսինքն` ես դեմոկրատիայի կողմնակից եմ: Երբ ասում եմ` պետք է դասեր քաղենք այն իրադարձություններից, ինչ տեղի է ունեցել մարտի 1-ից հետո, եւ երբ ասացի, որ կուզենայի չլինեն ցույցեր, ես նկատի ունեի այնպիսի ցույցեր, որոնք ուղեկցվում են անկարգություններով, որտեղ մարդիկ են մեռնում: Ես ասել եմ, որ լավ կլինի նման ցույցեր չլինեն, բայց կողմնակից եմ խաղաղ ցույցերի, երբ մարդիկ հավաքվում են, եւ, ասենք, դուրս են գալիս կառավարության որեւէ որոշման դեմ: Բայց խաղաղ, առանց անկարգությունների»: