Այսօր լրանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության մեկ տարին: Երեկ Հայ Ազգային կոնգրեսը (ՀԱԿ) այդ կապակցությամբ հանդես էր եկել հայտարարությամբ: «Ապրիլի 9-ին լրանում է Հայաստանում հաստատված ավազակապետական ռեժիմի երկրորդ պարագլուխ Ս. Սարգսյանի այսպես կոչված պաշտոնավարման՝ էկզոտիկ երդմնակալության 1 տարին։ Երդմնակալություն, որ իշխանության բռնազավթիչը համարձակվեց իրականացնել միայն ամայության մեջ՝ Երեւանի կենտրոնը մի քանի կիլոմետր շառավղով մարդազերծելով ու զինված ուժերի աչալուրջ հսկողությամբ։ Պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում Ս. Սարգսյանը՝
– Չպատժելով ընտրությունների ժամանակ հարյուրավոր օրինախախտներին ու իրական հանցագործներին, ընդհակառակը՝ բոլորին առնելով պաշտպանության տակ, ապացուցեց, որ նաեւ ինքն է եղել փետրվարի 19-ի ընտրախախտումների դժոխային մեխանիզմի ստեղծողներից ու հրահանգողներից մեկը։
– Ամեն ինչ արեց պարտակելու համար 2008թ. մարտի 1-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակում խաղաղ ցուցարարների բարբարոսական ջարդը, նույն օրը երեկոյան ինքնաբուխ խաղաղ հանրահավաքի մասնակիցների արյունալի սպանդը։ Միայն նրա հրամանով է, որ հնարավոր էր քրեական գործ անգամ չհարուցել զոհված 10 քաղաքացիների մահվան փաստով։ Դրանով նա ապացուցեց, որ ինքը ոչ միայն տեղյակ, այլ առնվազն համահեղինակ է եղել պետական ու ազգային այդ խայտառակության կազմակերպմանը։
– Շարունակում է պատանդ պահել 55 քաղբանտարկյալների՝ չխորշելով այդ նպատակի համար մինչեւ վերջ վարկաբեկել, ծաղր ու ծանակի առարկա դարձնել ողջ դատական համակարգը, հանցավոր գործողությունների մղել տասնյակ դատավորների, դատախազների, քննիչների, ոստիկանների։
– Նրա հրահանգով իրավապահ մարմինները հետապնդումների, հալածանքների ու տեռորի են ենթարկել տասնյակ-հազարավոր քաղաքացիների, շատերին զրկել աշխատանքից ու կենսամիջոցներից, ինչով ապացուցել է իր՝ զբաղեցրած պաշտոնին անվայել քստմնելի մանրախնդրությունը։
– Նոր մակարդակի է բարձրացրել տնտեսության մենաշնորհացումը, միաժամանակ սկսել է սեփականության վերաբաշխման մի գործընթաց՝ երկուսն էլ չափազանց վտանգավոր առանց այն էլ ռեսուրսներով թույլ ու ճգնաժամի ճիրաններում հայտնված երկրի տնտեսության համար։ Տնտեսական աղետի եզրին են հասել հարյուրավոր միջին, հազարավոր մանր գործարարներ, տասնյակ-հազարավոր անհատ ձեռներեցներ։ Ամեն օր հազարավոր մարդիկ կորցնում են նվազագույն կենսապահովման միջոցներ հայթայթելու հնարավորությունը։
– Երբ ամբողջ աշխարհում գների աննախադեպ անկում է, ՀՀ-ում գների նույնպիսի բարձրացում է. շատ լավ հասկանալով, որ ապօրինի ու հանցավոր իր իշխանությունը դատապարտված է, վարչախումբը ինքնամոռաց տրվել է վերջին թալանին ու կողոպուտին՝ դրանով նաեւ վրեժ լուծելով իրեն ոչ մի կերպ չընդունող մի ողջ ժողովրդից։
– Հայաստանը ոչ միայն շարունակում է մնալ ԵԽ ԽՎ-ի մոնիտորինգի տակ, այլեւ մեկ տարվա ընթացքում վաստակել է իշխանության համար խայտառակ երեք բանաձեւ, որոնք հողին են հավասարեցնում երկրի միջազգային վարկը։
– Սեփական իշխանությունը օր ավելի պահելու համար Ս. Սարգսյանը միջազգային աճուրդի է հանել երկրի ազգային շահերը։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը հասցվել է մի վիճակի, երբ կա՛մ ստիպված պետք է լինի ստորագրել կարգավորման՝ մինչ այս եղած հնարավոր տարբերակներից ամենաանբարենպաստը, կա՛մ երկիրը ներքաշել կործանարար պատերազմի մեջ։
– Նույնպիսի աճուրդի է հանվել նաեւ Հայկական ցեղասպանության խնդիրը. համաձայնելով այդ խնդրով պատմաբանների հանձնաժողով ստեղծելու՝ տարիներ առաջ Թուրքիայի կողմից արված անհեթեթ առաջարկին, Ս. Սարգսյանն, ըստ էության, կասկածի տակ առավ 1915 թ. Ցեղասպանության փաստը՝ մի կողմից անհարմար դրության մեջ դնելով այն պետականորեն ընդունած շատ պետությունների, մյուս կողմից՝ խափանեց հետագա հնարավոր ճանաչումները։
Այսպիսով, մեկ տարվա ընթացքում Ս. Սարգսյանը լիակատար կրախի է մատնվել ներքին քաղաքական ասպարեզում. մարդու իրավունքների հազարավոր խախտումները, պետական մարմինների ապօրինությունների խրախճանքը, անիշխանության ծավալվող երեւույթները, անպատիժ սպանությունները, վարչախմբի քրեականացման խորացումը նրա դեմ են տրամադրել ողջ հասարակությանը։ Նա նույնպիսի կրախի է մատնվել նաեւ արտաքին քաղաքական ասպարեզում՝ երկիրը ու նրա շահերը դարձնելով մանրադրամ մեծ պետությունների բարդ հարաբերություններում։ Երկու դեպքում էլ նրա «ձեռքբերումները» տասնապատիկ բավարար են մարդկային ու քաղաքական տարրական արժանապատվություն ունեցող գործչի համար՝ ընդունել ահռելի ձախողումները եւ հրաժարական տալ»։