Վերջապես համընկավ: Մի քանի տարի շարունակ կառավարությունն անընդհատ խոսում էր մանր ու միջին բիզնեսը խթանելու մասին: Խոսում էր առիթով ու անառիթ: Ծրագրեր էր կազմում: Գրանտներ ու վարկեր էր ստանում մանր բիզնեսին աջակցելու համար: Ու վերջապես վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում տնտեսական կյանքի հիմնական նորությունները վերաբերում են մանր ու միջին բիզնեսին: Մեկ՝ տոնավաճառների խանութպաններն են գործադուլ անում: Մեկ` տաքսու վարորդները: Մեկ՝ հարկային ծառայություններն են պիոներական եռանդով հայտարարում հերթական խանութը որպես պատիժ 5 օրով փակելու մասին: Ակնհայտ է, որ առաջիկայում միջին ու հատկապես մանր բիզնեսը լինելու է հասարակական խոսք ու զրույցի հիմնական թեմա: Մյուս կողմից՝ ակնհայտ է` որքան սաստկանան այդ ոլորտներին աջակցելու պաշտոնական խոսակցություններն, այնքան վատ: Վատ` նույն ոլորտների համար: Փայլփլուն տնտեսական օրենսդրություն ունենք: Շուկայական զարգացած երկրներից արտագրած: Ավելին` այն լրացումների ու փոփոխությունների անվան տակ պարբերաբար պլպլացնում ենք: Այդ օրենքներն ամեն անգամ ընդունելուց լուրջ-լուրջ հիմնավորում ենք, թե որքան են դրանք անհրաժեշտ: Շուկայական տնտեսության կայացման ու հասարակական առաջընթացի համար: Բայց ամեն անգամ պարզվում է, որ մեր տնտեսական օրենսդրությունը ծառայում է բացառապես օլիգարխներին եւ անհաղթահարելի խոչընդոտ է մանր ու միջին բիզնեսի համար: Օրինակ, այն, ինչ կատարվում է տաքսի ավտոմեքենաների ծառայության ոլորտում: Թվում է, թե հասարակության անվտանգության շահերից ելնելով՝ որոշվեց, որ նման ծառայություն կարելի է մատուցել միայն մինչեւ 10 տարվա արտադրության ավտոմեքենաներով: Տրամաբանական թվացող այս որոշման տակ ինժեներատեխնիկական որեւէ հիմնավորում չկա: Ամենաանտաղանդ ավտոմոբիլիստն անգամ չի կարող երեւակայել, որ 4 տարվա, ռուսական արտադրության ավտոմեքենան շահագործման որեւէ տվյալով գերազանցում է 12 տարեկան «Ֆորդին», «Վոլցվագենին» կամ «Մերսեդեսին»: Ուրեմն սահմանափակում դնող այս պահանջի տակ, կարելի է ենթադրել, որ այլ տրամաբանություն կա: Մեկ ու հին մեքենա ունեցող մանր գործարարին պարտադրելով նոր մեքենա ձեռք բերել՝ իրականում նրան դուրս ենք շպրտում այս շուկայից: Տեղ ազատելով խոշոր գործարարների համար: Ա՛յ, նրանք միանգամից նոր մեքենաների խմբաքանակ ներմուծելով՝ շուտով կմոնոպոլիզացնեն այս ոլորտը: Ճիշտ այդպես ժամանակին «կարգավորվեց» ներքաղաքային ու միջքաղաքային միկրոավտոբուսների բիզնեսը: Այն դարձավ բացառապես խոշոր գործարարների մենաշնորհ: Նաեւ` մրցակցային տարրերից զուրկ, կամային գնացուցակով աշխատող ոլորտ: Ընդհանրապես կարելի է ենթադրել, որ մեր տնտեսական օրենսդրությունը սխալ գործած փոքր գործարարին ոչ թե պատժելու նպատակ ունի, այլ` ոչնչացնելու: ՀԴՄ-ների պարտադիր տեղադրման պահանջը դրա լավագույն օրինակն է: Հարկային մարմիններն այս օրերին մոդայիկ են դարձրել հրապարակելը, թե քանի խանութ են փակել ու քանի օրով: «Ո՞ւմ է ձեռնտու խանութ փակելը» հարցն, իմ կարծիքով, հռետորական է: Որովհետեւ այն ձեռնտու է միմիայն խանութների ցանց ունեցող խոշոր գործարարներին: Փոքր` մեկ խանութ ունեցող գործարարը ՀԴՄ կտրոն չտրամադրելու դեպքում եւ՛ տուգանվում է, եւ՛ առնվազն 5 օրով զրկվում բիզնեսը շարունակելու հնարավորությունից: Եթե օրենքի պահանջի տրամաբանությունը այս գործարարին «խրատելը» լիներ, հարկավ, տուգանքը բավարար կհամարվեր: (Ի վերջո, կարելի էր տուգանքի չափը գործող 75 կամ 150 հազարից ավելի սահմանել): Բայց օրենքի նպատակը, կարծես, մանր սեփականատիրոջը ոչնչացնելն է: Պարենային խանութներում արագ փչացող ապրանքներ կան: Եթե փակել են խանութների ցանց ունեցող գործարարի մեկ խանութ, նա դրանք կցրի մնացածներով: Իսկ մեկ խանութ ունեցողի համար դա լրացուցիչ կորուստ է: Մյուս կողմից, ըստ տույժի ենթարկվածի, վերաբացվելուց հետո գնորդները 10-15 օր իրենց խանութից խուսափում են երշիկ, ձու, կաթ եւ նման մթերք գնել: Սա հանցանքի եւ պատժի անհամապատասխանության դասական օրինակ է: Կարելի է ենթադրել, որ խոշոր բիզնեսին ձեռնտու լինելու պարագային մեր օրենսդրությունը փողոցը չթույլատրած վայրում անցնողներին կդատապարտեր ցմահ բանտարկության: Անհասկանալի է, թե այս ամենն ինչու է տեղի ունենում տնտեսական ճգնաժամին զուգընթաց: Ճիշտ այն պահին, երբ պաշտոնական վիճակագրությունը բնակչության աղքատության մասին հետեւյալ տվյալներն է հրապարակում: Հայաստանի բնակչության 18,5 տոկոսի սննդակարգում 70 տոկոսից ավելին կազմում են հացն ու կարտոֆիլը: (Ամենաաղքատը, հավանաբար, Լոռու մարզն է: Այստեղ բնակչության մոտ 30 տոկոսն է հաց ու կարտոֆիլ ուտում): Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ հատկապես ծանր վիճակում են երեխաներ ունեցող ընտանիքները: Այս ընտանիքների 21 տոկոսը հիմնականում սնվում են հաց ու կարտոֆիլով: (Բազմազավակ ընտանիքների ցուցանիշն ավելի մեծ է` 22-24 տոկոս): Եթե հաջորդ տարի այս ցուցանիշներն ավելի տխուր պատկեր արձանագրեն, մեր իշխանությունները, հարկավ, այն իրենց օրենսդիր ու վարչական գործունեության հետեւանք չեն համարելու: Մոլորակով մեկ մոլեգնում է տնտեսական ճգնաժամը: Հրաշալի առիթ՝ սեփական բարեփոխումների բուն տրամաբանությունը սքողելու համար: Պարզապես հարկավոր է մինչեւ պաշտոնական տեղեկատվության հերթական հրապարակումն անդադրում խոսել մանր ու միջին բիզնեսի աջակցության նորանոր ծրագրերի մասին: Ասելով, որ ամեն ինչ արվում է գործարարների համար: Միեւնույն է, հասարակությունը անուն առ անուն գիտի, թե որ գործարարների համար է դա արվում: