Մեր աղբյուրները, սակայն, հավաստում են, որ գովազդային այդ էկրանի խոշոր
բաժնետերը Միխայիլ Բաղդասարովն է: Էկրանի գովազդատուներն այսօր
համեմատաբար խոշոր կազմակերպություններն են, ինչպես, օրինակ, «ԱրմենՏելը»,
«Հայխնայբանկը», «Միկա-լիմիթեդը», «Կոկա-կոլան», «Արաբկիր Ալկոն»,
«Նոյյան» հյութեր արտադրող ընկերությունը: Գովազդի մեկ րոպեն արժե 2
դոլար: Կախված այն բանից, թե պատվիրատուն ինչ տեւողությամբ եւ ինչ
ժամանակահատվածով է գովազդ պատվիրում, նաեւ՝ կախված իրենց հետ
համագործակցության «ստաժից», գները կարող են նվազել մինչեւ 55 ցենտ: Ընդ
որում, Կենտրոնի թաղապետարանի ավագանու մի որոշման համաձայն՝ սահմանվել
էին տարբեր չափերի փողոցային գովազդավահանակների տեղի տուրքաչափեր:
Հրապարակի մեծ էկրանը 48 քմ է, աշխատում է առավոտյան ժամը 8.00-ից մինչեւ
ուշ գիշեր՝ 1.00-ն: «ԷԴ տեխնոլոգիա» ընկերության տնօրենը հրաժարվեց
մանրամասնել՝ ամսվա կտրվածքով միջինը որքա՞ն տուրք են վճարում Կենտրոն
թաղապետարանին: «Մեզ պետք չի, որ էդ հոդվածի մեջ նման բան գրվի»,-
հեռախոսազրույցի ժամանակ զայրացավ պրն Հայրապետյանը: Կենտրոն թաղապետարանի
լրատվության բաժնից տեղեկացրին, որ իրենց գովազդային բաժինը կարող է
մանրամասնել միայն սահմանված ընդհանուր տուրքաչափերը, սակայն խորհուրդ
տվեցին հույսեր չփայփայել, թե որեւէ մեկը կասի՝ կոնկրետ ինչքան է մուծում
«ԷԴ տեխնոլոգիան»: Հրապարակի մեծ էկրանին նաեւ մերօրյա հայ
երգիչ-երգչուհիների «կլիպներ են ֆռում»՝ անկախ տեւողությունից՝ մեկ կլիպի
ցուցադրությունը 1 դոլար արժողությամբ: Սա՝ ի նպաստ մշակույթի զարգացման՝
ասում են: «Գովազդի մեր հնարավորություններն ավելի մեծ են, քան,
ենթադրենք, հեռուստատեսությանը,- ասում է Գ.Հայրապետյանը,- որովհետեւ այն,
ինչ նրանք իրավունք չունեն գովազդել, մենք կարող ենք, եթե, իհարկե, դա
ցենզուրայի սահմաններում է»: Ցենզուրայի սահմանները որոշվում են,
ենթադրենք, գիշերային ակումբների գովազդի կամ տեսահոլովակների
ցուցադրության դեպքում մերկ մարմինների բացառմամբ: Ցենզուրայի վերաբերյալ
ընկերությունը յուրահատուկ վերաբերմունք ունի: Օրինակ, ցանկության դեպքում
կարելի է վճարել եւ օրվա ցանկացած պահի, ցանկացած տեւողությամբ մեծ
էկրանին «պահել» ձեր սիրո խոստովանությունը սիրած էակի, համակրելի
կուսակցության կամ իշխանությունների հանդեպ: Սակայն բացասական
վերաբերմունք արտահայտել չի կարելի, անգամ` սիրած էակի հասցեին:
Որովհետեւ, պարզվում է, «մեր մենթալիտետը թույլ չի տալիս»: Փոխարենը մեր
մենթալիտետը թույլ է տալիս հարսանյաց արարողություններ ցուցադրել՝ իր ողջ
«թաշախուստով»: «Նման բան Հայաստանում ոչ մեկը չի կարա անի»,- համոզված է
Գ. Հայրապետյանը: Իսկ իրենք պատրաստվում են դա անել: «Նորապսակները
եկեղեցուց հետո գալիս են հրապարակով մի քանի պտույտ են անում, չէ՞, հիմա
մենք հնարավորություն ունենք՝ հենց որ իրանց ավտոները սիգնալներով մտնեն
հրապարակ, հրապարակի էկրանին հնչի բարձր երաժշտություն եւ ցուցադրվի
հոլովակ՝ իրանց նկարներով, անուններով, քավորի, տնեցիքի կամ ինչ-որ
կոնկրետ անձի անունից շնորհավորանքներով, կենացներով, մի խոսքով՝ շատ
էֆեկտ բան ա ըլնելու»: Երաժշտությունն էլ «այնքան բարձր ա ըլնելու, որ դու
մեքենայով, եթե սիգնալդ միացրած պտտվես, ավտոյիդ ապակիները եթե մինչեւ
վերջ իջած են, դու հանգիստ կարաս լսես էդ երաժշտությունը»: Ճիշտ է, իրենք
չեն մտածել՝ կարելի՞ է արդյոք երաժշտության ձայնն այդքան բարձրացնել,
փոխարենը հարցնում են՝ «բա ո՞նց ա, որ կարելի ա սիգնալներն էդքան բարձր
միացնել»: Բացի դրանից, նրանք «կարան նաեւ՝ սկսած էն պահից, երբ
հարսանքավորները մտնում են հրապարակ, հարսանիքը on-line ցուցադրեն»: Սա
արդեն «լրիվ ուրիշ առաջարկ ա եւ կարժենա մոտ 100 դոլար»:
Ո՞ր մի քավորը կհրաժարվի 100 դոլար «դնել» նման «էֆեկտի» համար:
Այս էֆեկտիվ հաճույքը «ԷԴ տեխնոլոգիա» ընկերությունը մեզ կպարգեւի մեկ
ամսից: Իսկ թե դրանից ում գրպանն է շահում, ոչ ընկերությունն է
մանրամասնում, ոչ Կենտրոն թաղապետարանը:
Ն.Ա.