ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը, ելույթ ունենալով «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ-Հայաստան ծրագրի իրականացման հեռանկարներ» կոնֆերանսի ժամանակ, անդրադարձել է տեղեկատվական ոլորտի բարեփոխումներին: Հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտը կարգավորող մարմնի անկախություն, հանրային հեռուստառադիոընկերության տեղափոխումը իրավական կարգավորման դաշտ, հաճախականությունների համար արդար եւ թափանցիկ մրցույթների անցկացման պայմաններ ու մրցույթների ապասառեցում եւ, հետեւաբար, հեռուստաընկերությունների հնարավորությունը` մասնակցելու դրանց: Սրանք են, ըստ նրա, այն 4 հիմնական կետերը, որոնք կարող են խթանել հեռարձակման ոլորտի բարեփոխումներին: «Օրինագծերի այն փաթեթում, որոնք կային դեկտեմբերին եւ որոնք կան այսօր, իմ նշած չորս սկզբունքային հարցերին վերաբերող որեւէ լուրջ փոփոխություն չկա»,- ասել է նա` ավելացնելով, որ դա «քայլ է իշխանության կողմից հեռարձակման ոլորտի տոտալ հսկողություն իրականացնելու համար»: Բ.Նավասարդյանը նկատել է նաեւ, որ մի շարք սկզբունքային եւ կարեւոր հարցերին ԵԽ փորձագետները եւս չեն անդրադարձել, կարծես նպատակ ունենալով բարի գործ անել եւ չնեղացնել օրենքի հեղինակներին, դրանով իսկ, սակայն, վնասելով ՀՀ-ին: Նա նշել է, որ մենք ինքներս պետք է գծենք կոնկրետ նշաձողը այս եւ մնացյալ ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու եւ հաջողության հասնելու համար: