Մայիսի 31-ին նախատեսված Երեւանի ավագանու ընտրություններին ԵԱՀԿ կառույցները դիտորդական առաքելություն չեն իրականացնի: Այս մասին «Ազատություն» ռ/կ-ին ասել է ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը: «ՀՀ իշխանությունները ո՛չ ԵԱՀԿ-ին, ո՛չ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակին (ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ) նման հրավեր չեն ուղարկել»,- հայտարարել է Ս. Կապինոսը` շեշտելով, թե առայժմ ԵԱՀԿ-ն սպասում է համապատասխան հրավերի: Ըստ Սերգեյ Կապինոսի, ներկայումս ԵԱՀԿ-ի կողմից ոչ ոք Հայաստանի նախընտրական իրավիճակին չի հետեւում, քանի որ դա սովորաբար իրականացնում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետները: Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն անցած շաբաթ կայացրած որոշմամբ սահմանել է այս ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար հրավիրվողների ցանկը: Ըստ այդմ, այս անգամ ընտրություններին հետեւելու համար հրավիրվել են ԵԱՀԿ անդամ-պետությունների դեսպանները, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանները, ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարը, ՀՀ-ում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը, Ընտրական համակարգերի միջազգային հաստատության հայաստանյան մասնաճյուղի ղեկավարը, ինչպես նաեւ ԼՂ ԿԸՀ նախագահը: ԿԸՀ-ում ԵԱՀԿ կառույցներից դիտորդներ չհրավիրելու փաստը պայմանավորել են նրանով, թե իբր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նման առաքելություն է իրականացնում համապետական ընտրությունների ժամանակ: Ս. Կապինոսի կարծիքով, սակայն, հաշվի առնելով Հայաստանի քաղաքական, տնտեսական եւ սոցիալական կյանքում մայրաքաղաքի նշանակությունը, ԵԱՀԿ-ն մեծ կարեւորություն է տալիս այս ընտրություններին: «Այստեղ կարելի է միայն շեշտել, որ ընտրությունները մեծ ուշադրության կարժանանան ոչ միայն այստեղ` ՀՀ-ում, այլեւ միջազգային հանրության կողմից»,- ասել է նա: