Ապագայում ապրում են վաղվա օրվա հույսով

09/04/2009 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հուլիս-օգոստոս ամիսներին Ապագայի բնակիչներն ամիսների իրենց չարչարանքը` բերքը, քաղաքացի վերավաճառողներին վաճառում են կոպեկներով: Օրինակ, 1 կիլոգրամ սմբուկը վաճառում են 10 դրամով, իսկ թե որքանով է այն վերավաճառվում երեւանյան շուկաներում` հայտնի է բոլորիս:

Համաշխարհային ճգնաժամն անգամ Ապագա գյուղի կողքով անտարբեր չանցավ, որտեղ այսօր ապրում են այն հույսով, որ մի օր կբացվի դեպի Սասուն տանող Մարգարայի կամուրջն, ու իրենք հեշտ ու հանգիստ կգնան իրենց հայրենիքը: Սակայն նույնիսկ վաղվա օրով ապրող Ապագայի համար հիմնախնդիրները քիչ չեն, որոնց, թերեւս, փորձում են հարմարվել:

Էջմիածնից 10կմ հեռավորության վրա է գտնվում Ապագա գյուղը: Ավտոբուսները, որոնք հասնում են այնտեղ, ունեն իրենց հստակ ժամանակացույցը: Սա գիտեն գյուղի գրեթե բոլոր բնակիչները: «15 րոպեում Ապագա կհասնենք»,- ասում են նրանք` փորձելով գտնել քաղաքի ու գյուղի մոտ լինելու առավելությունները: Նրանք հիշում են, որ դեռ ոչ վաղ անցյալում իրենց համագյուղացիներից շատերն աշխատում էին Էջմիածնի գործարաններում, մինչդեռ այսօր պայմանները փոխվել են: Ինչպես իրենք են ասում` քաղաքում անգամ քաղաքացու համար գործ չկա: Իսկ գյուղում, արդեն 80 տարի է` զբաղվում են բանջարաբուծությամբ: Սա կարելի է տեսնել անմիջապես Ապագա մտնելիս, որտեղ բանջարեղենն աճեցնում են ջերմոցներում: Գյուղի մասին առաջին տպավորությունը ստեղծվում է հենց այդ ջերմոցներով, որտեղ դեռ հունվարից սկսել են հողագործական աշխատանքները: «Էս գյուղում առանց ջերմոցի բան չես կարա աճեցնել: Յա ցուրտն ա տանում, յա` սելավը: Էս ցելոֆաններն են մեր փրկությունը»,- ասում է տիկին Աղունն ու շարունակում քաղհանը: Այդ ընթացքում էլ սկսում է պատմել գյուղացու խնդիրների մասին: Նա դժգոհում է կառավարությունից, որը մոռացել է գյուղի ու գյուղացու մասին: «Մենք էդքան աշխատում ենք, բայց գիտեք ինչքան ծախսեր են լինում: Պարարտանյութ չունենք, սերմերը շատ թանկ են, թունաքիմիկատներն էլ չենք կարողանում առնել: Մենակ էս ցելոֆաններն ենք առել: Էս էլ մեզ վրա նստել ա մի 100 հազար դրամ: Բայց ամեն տարի հո չե՞նք կարա առնենք»,- նշում է գյուղացի կինն ու հիշում նախորդ տարվա անբարենպաստ եղանակը, որի պատճառով գյուղի ամբողջ բերքը փչացավ: Ու չնայած այս տարի դեռ եղանակային անակնկալներ չեն եղել, բայց հիմա էլ թանկացումներն են գյուղացուն ծանր վիճակի մեջ գցում: Տիկին Աղունի ամուսինն ասում է, որ գյուղացու համար համաշխարհային ճգնաժամը վաղուց է սկսվել: «Էդ կալենդարային աշխատողների համար չի ճգնաժամը, էդ գյուղացու համար ա: Էդքան տանջվելուց հետո գիտե՞ք` ինչ գրոշներով ենք բերքը վաճառում, այսինքն` մեզնից գալիս-առնում են, հետո վերավաճառում են»,- նկատում է պարոն Մխիթարը: Գյուղացիներից շատերն էլ համակարծիք էին նրա հետ: Ըստ նրանց` հուլիս-օգոստոս ամիսներին բերքը քաղաքացի վերավաճառողներին վաճառում են շատ չնչին գումարով, օրինակ, 1 կիլոգրամ սմբուկն այդ ժամանակ վաճառում են 10 դրամով: «Էդ դեռ լավ գին ա, որովհետեւ գիտեք, թե ինչքան բերք ենք փչացնում: Դե պատկերացրեք` քանի՞ կիլո պիտի ծախենք, որ կարողանանք պարտքով վերցրած ցելոֆանների փողը տանք, էդ սերմերի, հետն էլ սովամահ չլինենք»,- ասում են գյուղացիները, ովքեր այսօր դժգոհում են նաեւ ոռոգման ու խմելու ջրից: Նրանք նշում են, որ եթե նախկինում այգին ջրում էին երկու ժամում, ապա հիմա 7-8 ժամում ջրում են հազիվ դրա կեսը: Պարոն Աբոն էլ հիշում է Ապագայի լավ ժամանակները, երբ ջուրն ըստ պահանջի էր, ու քաղաքից եկած ընկերները դեռ տուն չմտած` տան դռանը մի լավ լվացվում էին: «Խմելու ջուրն էլ է կտրվում: Տեսնում եք էն աղբյուրը` հեն ա»,- տան բակում գտնվող աղբյուրն է մատնացույց անում: Ջրի խնդրի մասին գիտեն նաեւ Ապագայի գյուղապետարանում:

Նախկին Թուրքմալուի մերօրյա խնդիրները

Մինչ 1930-ական թվականներն Ապագա գյուղը կոչվում էր Թուրքմալու: Բնակիչներն ասում են, որ իրենց նախնիները գաղթել էին 1919թ. Արեւմտյան Հայաստանի Սասուն գավառի գյուղերից` Նիչից, Բուկնուտից, Մցուից, Խութից, Տնգետից, Կնցուից եւ այլն: Նրանք, ըստ նոր սասունցիների, փնտրում էին այնպիսի վայր, որտեղից հեշտ լինի Սասուն գնալը: Գաղթածներն էլ երկար ժամանակ Թուրքմալուի բերքից չէին օգտվում, անգամ մեռյալներին չէին այդ հողին հանձնում` մտածելով, որ այդտեղ բնակվել է թուրքը: «Էն ժամանակ, որ մեր պապերը եկան, գյուղի ընդերքում արտեզյան ջրերի պաշարներ հայտնաբերեցին, ու արդեն մի 80 տարի է` մենք էդ ջուրն ենք օգտագործում, որն էսօր արդեն սպառվում է»,- նշում են գյուղացիները, որոնց նորընտիր գյուղապետ Արտաշես Բարսեղյանը վստահեցնում է, որ ջրի խնդիրը շուտով կլուծվի: «Մենք արդեն ոռոգման ջրի ցանցի 70 տոկոսը մաքրել ենք: 15 օր հետո այդ ցանցում որեւէ խնդիր չի լինի»,- ասում է գյուղապետը: Մեր հարցին, թե խմելու ջրի խնդիրը ե՞րբ լուծում կստանա, նա պատասխանեց, որ արտեզյան ջրի պաշարները դեռեւս չեն սպառվել, ու իրենք աշնանը պոմպեր կդնեն, որպեսզի բնակիչներն օգտվեն: «Հիմա չենք դնում, որովհետեւ գիտենք, որ հենց պոմպը դնենք, էդ ջրով այգու վարունգն են ջրելու ու մեզ փաստի առաջ են կանգնեցնելու: Բայց ես խոստանում եմ, որ մինչեւ ապրիլի 25-ը ոռոգման ջրի ցանցի հետ խնդիրներ չեն լինելու»,- նշում է Ապագայի գյուղապետը:

Խանութներից մեկի վաճառողի համար այսօր ոչ միայն ջրի խնդիրն է առաջնային, այլեւ վաճառված ապրանքի պարտքերը հավաքելը: Հենց այստեղ կարող ես տեսնել Ապագայի ներկան, որտեղ անգործությունն ու թանկացումները իրենց խոր հետքերն են թողել: «Պա՞րտքգ կուբամետրերով պարտք եմ տվել: Էլ տեղ չկա էս տետրերի մեջ: Մարդ կա՝ 100.000 դրամ ա պարտք, մարդ կա` երկու էդքան: Ի՞նչ անենք` գյուղացի մարդուն ո՞նց սոված թողնես»,- ասում է խանութի վաճառողը: Նաեւ ասում է, որ իրենց մոտ սննդամթերքի թանկացումներ չեն եղել, միայն թե երկու ամիս առաջ հացի կշիռն են պակասեցրել` Էջմիածնի գործարանի 500 գրամանոց հացը դարձել է 350 գրամ, որի համար գյուղացին վճարում է 150 դրամ: Իսկ մեր այցելության նախորդ օրը վաճառողն արդեն նոր հացատեսակ էր ստացել` 610 գրամանոց հաց, որի գինը 200 դրամ է: Խանութում հավաքված գյուղացիներն էլ զարմացան, երբ լսեցին, որ վճարում են 350 գրամանոց հացի համար: Ու չնայած այս հանգամանքին՝ նրանցից շատերն արդեն սկսել են խնայողություններ անել: «Առաջ 100 խմ գազ էի օգտագործում, հիմա էլ կօգտագործեմ` 10 խմ: Դե թող թանկացնեն»,- ասում է գյուղացիներից մեկը` նկատելով, որ հացի հնարավոր թանկացման պարագայում իրենց ընտրած տարբերակը չի գործի: Մինչդեռ գյուղացիներից շատերն արդեն չեն էլ հիշում, թե վերջին անգամ թոնրի մեջ երբ լավաշ թխեցին: «Ինչ անենք` առաջ էնքան հաց կթխեինք, որ մեկ-մեկ էլ փչացնում էինք, իսկ հիմա արդեն հաշվարկով ենք օգտագործում»,- ասում է տիկին Շուշանն ու մեզ ուղեկցում դեպի «հանգստացող» թոնիրը, որտեղ մի ժամանակ հավաքվում էին գյուղի հարեւան կանայք ու քննարկում գյուղի անցուդարձը: Նրանք այնքան են հարմարվել Ապագայի ներկային, որ չեն էլ նկատում շատ երեւույթներ: Արդեն 10 տարի է, ինչ գյուղում չի գործում մանկապարտեզը։ Գյուղապետարանն ու գյուղի բուժհիմնարկն էլ գործում են Մշակույթի պալատի շենքում: Սակայն սա չի խանգարում, որ գյուղի բնակիչներն էլ մարզիկներ ուղարկեն ըմբշամարտի առաջնություններին: 1989թ. հիմնադրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի դպրոցն այսօր ունի 65 աշակերտ, իսկ գյուղի 296 դպրոցն էլ նոր է հիմնանորոգվել, սակայն սա Ապագայի բնակիչներից շատերին այդքան էլ չի գրավում: Նրանք շարունակում են խոսել ճգնաժամի մասին, մտահոգվել գյուղի երիտասարդների ապագայով ու հուսալ, որ մի օր գնալու են իրենց պատմական Սասունը: Սա գյուղի 1946 բնակչի երազանքն է: «Դրա համար էլ մենք մեր գյուղի անունը չենք փոխել: Մեր պապերն ասում էին, որ ապագան երիտասարդներինն ա լինելու: Մենք էլ սիրում ենք մեր գյուղի անունը»,- ասում են Ապագայի բնակիչները` սպասելով վաղվա օրվան, որն, ըստ նրանց, ներկայի պես չի լինի: