Երեկ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի(ների) կառուցման մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Հայաստանում կառուցել մինչեւ 1200 ՄՎտ հզորությամբ նոր միջուկային էներգաբլոկ(ներ): ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նշել է, որ նոր էներգաբլոկի ծառայության ժամկետը պետք է լինի 60 տարի: Հայտարարված է նոր էներգաբլոկի կառուցման կառավարող ընկերությանն ընտրելու միջազգային մրցույթը: Նախարարը նշել էր, որ աշխարհում ընդամենը մի քանի ընկերություններ կարող են նման պատասխանատվություն ստանձնել, եւ դրանք այնպիսի ընկերություններ են, որոնք վերջին 5-10 տարվա ընթացքում առնվազն նման երկու փորձ ունեն: Հիշեցնենք, որ կառավարությունը, մասնավորապես` վարչապետ Տիգրան Սարգսյանը մի քանի անգամ ակնարկել է, որ թուրքական կողմը հետաքրքրություն է ցուցաբերում այդ մրցույթում: Սակայն իրական հետաքրքրության որեւէ նշան առայժմ չի արտահայտվել: