Երեկ անհատ տաքսու մոտ 50 վարորդներ հավաքվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատան մոտ: Ըստ «Ա1+»-ի, նրանք հույս ունեին, որ Ծառուկյանն ինչ-որ ձեւով կկարողանա աջակցություն ցուցաբերել: «Հույս ունենք, որ Ծառուկյանը կաջակցի մեզ, եւ կապված ֆինանսական ճգնաժամի հետ՝ որոշ ժամանակով կսառեցվի կառավարության որոշումը»,- ասել է տաքսու վարորդներից մեկը՝ Արմեն Սահակյանը: Ծառուկյանի առանձնատան մոտ տաքսիստները մնացել են մոտ մեկ ժամ, որից հետո նրանց է մոտեցել անվտանգության աշխատակիցներից մեկը եւ խնդրել է հեռանալ: «Ծառուկյանը Ազգային ժողովում է եւ շատ զբաղված: Հեռախոսի համար թողեք, եւ երբ նրան հարմար կլինի՝ կընդունի ձեզ»,- ասել է անվտանգության աշխատակիցը:
Մինչեւ Գագիկ Ծառուկյանին դիմելը՝ տաքսիստները փորձել են հավաքվել Հանրապետության հրապարակում, սակայն ոստիկանները ՊՊԾ հրամանատարի տեղակալ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ նրանց դա թույլ չեն տվել: Հրապարակում կայանելու համար էլ ոստիկանները հանել են մի քանի ավտոմեքենաների պետհամարանիշներ, իսկ տաքսու վարորդներից մեկին բերման են ենթարկել Ոստիկանության բաժին: Ի դեպ, տաքսու վարորդներն ասել են, թե հնարավոր է` հաջորդ անգամ հավաքվեն ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տան մոտ եւ աջակցություն խնդրեն նրանից: «Կամ պետք է Մարդու իրավունքների պաշտպանի մոտ գնանք, կամ ընդդիմության առաջնորդի, Լեւոնի: Ուրիշ ճանապարհ չկա»,- ասել է մի տաքսու վարորդ: