«Երբ խռոված եմ լինում՝ նայում եմ երկնքին ու բարիանում եմ»,- ասում է 5-ամյա Արտակը

09/04/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Արտակը հարմար տեղավորվել է երկաթե ջարդոնների վրա ու եթերային հայացքով ուշադիր նայում է երկնքին: Ժպտում էգ Մտքով երկնքի հետ խոսում է: Այս փոքրիկ տղայի կապույտ աչքերը նույնքան ջինջ ու անհոգ են, որքան երկինքն է` պարզ ու շիտակ: Ասում է` «Երկինքը, ամպերը շատ եմ սիրում: Հենց խռովում եմ` նայում եմ երկնքին ու միանգամից բարիանում եմ: Մեծանամ` ինքնաթիռ քշող եմ դառնալու»: Եղբայրը` Արկադին, ավագն է, դրա համար էլ ուսուցողական տոնով ընդհատում է Արտակին` «Ինքնաթիռ քշողը օդաչուն ա, ասա` օդաչու եմ դառնալու»: Արտակը ժպտում է ու շտապում հայացքն ուղղել դեպի երկինք:

Դեկտեմբերին Արտակի հայրը` 32-ամյա Վահանը, Ղարաբաղ գնալու ճանապարհին վթարի է ենթարկվել եւ տեղում մահացել է: Արտակը հավատում է, որ հայրը վերադառնալու է, եւ չի համակերպվում նրան այլեւս չտեսնելու մտքի հետ: Ասում է, որ հայրը երկնքում է, եւ մի օր անպայման հանդիպելու են: Մայրը` Նաիրուհին, աչքերը լցնում է, որովհետեւ անզոր է երեխաներին համոզիչ փաստարկներով բացատրել, որ իրենց հայրն այլեւս չի գալու: Տառապում է նրանց անվերջ հարցերից, որոնցից յուրաքանչյուրն էլ ցավոտ է, վիշտը թարմանում է: Արկադին սեւեռվել է դասագրքերի վրա ու վախենում է գլուխը բարձրացնել, որովհետեւ մոր արցունքներն անխնա հոսում են: Չի ցանկանում տեսնել մոր տանջանքները:

Նաիրուհին երկու որդիների հետ ապրում է Շենգավիթ համայնքում գտնվող Շիրակի 47 հասցեի մի խուլ, անմարդաբնակ տարածքում: Յոթ տարի առաջ Ղարաբաղից տեղափոխվել են Երեւան, եւ ամուսինը գործարաններից մեկում պահակություն է արել: Անտուն են եղել. տեղավորվել են քարուքանդ եղած անհայտ գործարանի պահակակրպակում եւ մինչ օրս ապրում են այնտեղ: Պահակակետը խորդանոցի չափ մի փոքրիկ հյուղակ է, որտեղ գիշերում, ճաշում, լողանում են. մի խոսքով՝ այս ընտանիքի ունեցածը գործարանի խունացած այդ չորս պատն է: Գործարանի սեփականատերն առայժմ թույլ է տալիս ապրել կրպակում, սակայն ամեն րոպե կարող է վռնդել: Վերջերս գործարանի տերը նրանց հոսանքազրկել է: Նաիրուհին ասում է` «Քաղաքապետարանը, Շենգավիթի թաղապետարանը մեզ հող են հատկացրել հարակից տարածքում: Ամուսինս կամաց-կամաց տուն էր կառուցում, ու հավատ ունեինք, որ մեր տունը կունենանք, ամեն ինչ լավ կլինի: Էդ հույսով էինք ապրում, բայցգ»: Բայց ամուսինն անսպասելի մահացավ, ու Նաիրուհին երկու երեխաների հետ հայտնվեց անորոշ, անապագա վիճակում: Տունը կիսակառույց է, բայց մի փոքրիկ ֆինանսական աջակցության պարագայում հնարավոր է այս երեխաներին դուրս բերել պահակակրպակից. «Եթե մի բարի մարդ մեզ օգներ: Տան շինարարությունն ավարտին հասցնեինք` կփրկվեինք: Էս կրպակը շատ խոնավ, ահավոր ա: Երեխեքս հիվանդանում են: Զուգարան էլ չունենք, գնում, եսիմ որտեղ ենք հասնում: Ամայի տարածք»: Միայնակ մայր դարձած երիտասարդ կինը երկու երեխաներին պահում է ընդամենը 21.000 դրամ ընտանեկան նպաստով: Մի օր` կուշտ, մի օր` քաղցած՝ օրերը հաղթահարում են: Ասում է` «Էն ժամանակ պահակություն էինք անում: Իսկ հիմագ կարող ա հենց էսօր էլ գան, ասեն` դուրս եկեք ստեղից: Չգիտեմ, էնքան շփոթված ու մենակ եմ, որ չեմ հասկանում՝ ինչպես պաշտպանել երեխաներիս: Էս ի՜նչ դաժանություն էրգ 32 տարեկանումգ»: Ներկայումս Նաիրուհին գործարաններից մեկում հավաքարարություն է անում, բայց ստացածն անգամ ամենօրյա հացին չի բավականացնում: Աշխատանքի միակ օգուտը հայթայթած վառելիքն էր, որն ամբողջ ձմեռ երեխաների ջերմության հարցը լուծեց: Երկրորդ դասարանցի Արկադին դպրոց գնալու պարագաներից շատ է «խեղճանում», բայց լռակյաց համակերպվում է` հասկանալով, որ մայրն անկարող է շատ հարցեր լուծել: Շուտով դպրոց կգնա նաեւ Արտակը, ում դպրոցական ծախսերը Նաիրուհուն էլ ավելի ընկճում են:

Ի տարբերություն Արտակի` Արկադին ավելի իրատես է: Ասում է` «Ես մեծանամ՝ վարսավիր եմ դառնալու, որովհետեւ վարսավիրները շատ փող են աշխատում: Ախպերս սամալյոտ քշելով չի կարա տուն պահի, իսկ մամային օգնող ա պետք»: Հարցուփորձ եմ անում, ուզում եմ հասկանալ, թե ինչպե՞ս է զգում իրեն դպրոցում: Այս փոքրիկ տղան շատ հպարտ է, այնքան հպարտ, որ ոչնչից չի դժգոհում ու հավատացնում է, որ հրաշալի մանկություն ունի: Դպրոցում ամեն ինչ լավ է, «տանը»՝ նույնպես, իսկ կյանքը հրաշալի է: Արտակը չարաճճի աչքերով հեգնական հետեւում է եղբոր խոսքերին ու թաքուն «ծղրտում» է, կարծես` չի հավատում եղբոր խոսքերին: Անխոս դուրս է գալիս խրճիթից, հարմար տեղավորվում է բակի բեռնասայլակի վրա ու ժպտալով նայում է երկնքին: Արտակն իր խռովքը երկնքին է պատմում: