Ժամանակը մեր օգտին չէ

09/04/2009

Ըստ ՀՀ նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի ղեկավար Վարդան Օսկանյանի, այս պահին պետք է վստահել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այն գործընթացին, որի մեջ Հայաստանը ներգրավվել է: «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում, մեկնաբանելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ ներկա բանակցային գործընթացը, Վարդան Օսկանյանն ասել է, որ Հայաստանի բոլոր նախագահաները` Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, իսկ այժմ նաեւ Սերժ Սարգսյանը, Թուրքիայի հետ հարաբերությունները «նորմալացնելու» ցանկություն ունեցել են: «Այստեղ արդեն մոտեցումների խնդիր է, թե այդ նպատակին հասնելու համար ինչպիսի՞ մարտավարություն է կիրառվում: Ահավասիկ, այստեղ է, որ տարբերվում են քաղաքականության մանրամասները»,- ասել է Օսկանյանը` ավելացնելով. «Այս պահին մենք ամբողջությամբ պետք է վստահենք այն գործընթացին, որի մեջ Հայաստանը ներգրավվել է, ընդունենք, որ ճիշտ դատողություն է արվում, հաշվարկները ճիշտ են, եւ սպասենք արդյունքների»: Ըստ նրա, վերջին տասնամյակում Թուրքիան, իր իսկ վարած քաղաքականության հետեւանքով, կանգնել է երկընտրանքի առջեւ. Թուրքիայի ազգային շահերը պահանջում են Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատում, սահմանի բացում, ինչին, սակայն, խանգարում է Ադրբեջանի կողմից իրականացվող ճնշումը: Ընդ որում, Օսկանյանի կարծիքով, Հայաստանն այս իրավիճակում չի կարող պարզապես սպասել Թուրքիայի ընտրությանը, քանի որ ժամանակը մեր օգտին չի աշխատում:

«Կարող ենք ասել` սպասենք 6 ամիս, 1 տարի, 2 տարի, բայց այնքան ժամանակ, որ մի պրոցես արդեն գոյություն ունի, եւ այդ պրոցեսի բովանդակությունը բոլորի համար արդեն բաց է, եւ խոսվում է համատեղ հանձնաժողովի մասին, սահմանների բացման մասին, դիվանագիտական հարաբերությունների մասին, փոխադարձ սահմանների ճանաչման մասին, մենք չենք կարող պարզապես ասել, որ ժամանակը ցույց կտա»,- հայտարարել է Վարդան Օսկանյանը` նշելով, որ «գնդակն այս պահին Թուրքիայի դաշտում է գտնվում»: «Թուրքիան արդեն պետք է կարողանա հաղթահարել այդ դիլեման եւ համապատասխան քայլեր անի. կամ բացի սահմանը, կամ այս պրոցեսը, ես կարծում եմ, որ Հայաստանի պահանջով պետք է ընդհատվի»,- ասել է նախկին արտգործնախարարը: