«168 Ժամ» թերթը եւ Տրանսատլանտյան նախաձեռնությունների հայկական կենտրոնը հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակներում թերթի էջերում պարբերաբար ամերիկացի եւ թուրք անվանի վերլուծաբանների, լրագրողների կողմից պատրաստված հոդվածներ կտպագրվեն Թուրքիայի մասին: Այդ հոդվածները հրապարակվում են ԱՄՆ Մարշալի Գերմանական հիմնադրամի (German Marshall Fund of the U.S.) «Թուրքիայի մասին» շարքի շրջանակներում: Հայաստանում շարքը հայերեն լեզվով ներկայացնելու բացառիկ իրավունքները պատկանում են Տրանսատլանտյան նախաձեռնությունների հայկական կենտրոնին, որը որոշել է համագործակցել «168 Ժամի» հետ:
Հոդվածի թարգմանությունը` Արմեն Գրիգորյանի:
Սոլի Օզերը դասավանդում է Ստամբուլի Բիլգի համալսարանի Միջազգային հարաբերությունների եւ քաղաքագիտության ֆակուլտետում: Նա «Հաբերթուրք» արտասահմանյան տարբերակի խմբագիրն է եւ Թուրք արդյունաբերողների եւ գործարարների ասոցիացիայի նախագահի գլխավոր խորհրդատուն: Բացի այդ, նա հանդիսանում է TUSIAD ամսագրի «Անհատական Կարծիք» բաժնի խմբագիրը:
Ամփոփում: Ընտրությունները Թուրքիայում շատ լուրջ գործընթաց է: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները բացառություն չեն կազմում: Ընտրազանգվածը հստակ ազդանշան տվեց իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը (AKP), հատկապես վարչապետ Էրդողանին, ով կոպիտ, ագրեսիվ եւ բեւեռացնող նախընտրական քարոզարշավ տարավ:
Ընտրությունների արդյունքների լույսի ներքո Թուրքիայի առջեւ ծառացած հարց էր հանդիսանում, թե ինչպիսի ուղի կորդեգրի AKP-ն, իսկ եթե ավելի ճշգրիտ լինենք, ինչպես կբացատրի ընտրությունների արդյունքները վարչապետը եւ ինչպիսի քայլերի կդիմի:
Ընտրությունները Թուրքիայում շատ լուրջ գործընթաց է: Կիրակի օրը կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները բացառություն չէին կազմում: Ընտրություններում ձայն էին տվել քաղաքապետերին եւ քաղաքային խորհուրդներին առանձին թերթիկներում, որը պետք է փաստեր աջակցությունը այս կամ այն թեկնածուի կամ կուսակցության նկատմամբ: Այդ ամենը երկրով մեկ կոնֆլիկտների առաջացման հիմք հանդիսացավ: Ընտրազանգվածը հստակ ազդանշան տվեց իշխող AKP-ին, հատկապես վարչապետ Էրդողանին, ով կոպիտ, ագրեսիվ եւ բեւեռացնող նախընտրական քարոզարշավ տարավ իր ախոյանների նկատմամբ:
Հաջողության հասած կուսակցություններից էր «Ազգայնական շարժում» Կուսակցությունը (MHP), որը կրկնապատկեց ինչպես իր ընտրողների զանգվածը, այնպես էլ քաղաքապետարաններում իր ներկայացուցիչների քանակը: Ընտրողները վերակենդանացրին նաեւ «Իսլամիստական երանություն» կուսակցությանը (SP), որի նոր առաջնորդներն ավելի վճռական են: Քրդական ազգայնական կուսակցությունը (DTP), որի կապը ահաբեկչական Քուրդ աշխատավորական կուսակցության (PKK) հետ նույնն է, ինչ Սին Ֆեինի եւ Իռլանդական հեղափոխական բանակի (IRA) հետ, կարողացավ հետ կորզել AKP-ից իր իսկական դիրքը: 2007 թ.-ի ընդհանուր ընտրությունների ժամանակ «Արդարություն եւ զարգացումը» մեծ հաջողության հասավ հատկապես քրդական մեծամասնություն ունեցող հարավ-արեւելքում:
Ընդդիմադիր միակ կուսակցությունը` Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (CHP) թեթեւակի բարելավվեց իր դիրքերը, սակայն եւս մեկ անգամ ցույց տվեց իր` իբրեւ ազգային կուսակցության, AKP-ի համար լուրջ մրցակից լինելու անկարողությունը: Ամեն դեպքում, նրա որոշ թեկնածուները եւ տեղական կազմակերպությունները, հատկապես Ստամբուլի եւ Իզմիրի, ցույց տվեցին, որ իրենց կուսակցությունը կարող է վերականգնվել, եթե նրա ներկա քաղբյուրոյի անդամները վերջապես թողնեն կուսակցության շարքերը:
Համաձայն ոչ պաշտոնական աղբյուրների՝ 80% մասնակցած ընտրազանգվածից «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (AKP) հավաքեց 39%-ը, Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (CHP)` 23%, «Ազգայնական շարժում» Կուսակցությունը (MHP)՝ 16 %, Քրդական ազգայնական կուսակցությունը (DTP)` 5,6% եւ «Իսլամիստական երանություն» կուսակցությունը (SP)` 5,2 %:
Որոշ մարզկենտրոններում Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) հավաքած ձայներն ավելի բարձր ցուցանիշ էին ունենում երկրով մեկ հավաքած միջին արդյունքի համեմատ: AKP-ն պարտություն կրեց 12 խոշոր քաղաքներում: Նախքան ընտրությունները վարչապետը նախանշել էր այն հիմնական քաղաքները եւ շրջանները, որոնք ունեն հատուկ նշանակություն: Դրանք էին Դիարբեքիրը՝ հարավ-արեւելքում, Իզմիրը՝ Էգեյան ծովի ափին, եւ Էսքիշեհիրը՝ Կենտրոնական Անատոլիայում: Նա ոչ միայն պարտվեց այդ շրջաններում, այլ, բացառությամբ Տրապիզոնի, մի շարք այլ շրջաններում: Դրանից բացի, AKP-ն պարտվեց Միջերկրական ծովի ափին գտնվող եւս երկու խոշոր քաղաքներում:
Հակակշիռների համակարգը
Այս արդյունքները պահանջում են ավելի մանրակրկիտ վերլուծություն, սակայն նախնական գնահատականները կարեւոր բաներ են ցույց տալիս: Էքսպերտներից մի քանիսն էին կանխատեսում AKP-ի համար այսպիսի հետեւանքներ: Մինչ ընտրությունները քննարկումների հիմնական թեման նրա շուրջ էր, թե ինչքան կհավաքի AKP-ն` 40-45%, թե 45-50 կամ 50-ից ավելի %: Ոմանք անհանգստացած էին, որ իշխող կուսակցության լիակատար հաղթանակը կխաթարի թուրքական ժողովրդավարությունը` շեղելով իշխանությունների միջեւ եղած հավասարակշռությունը: Միայն մի հարցման արդյունքում ընտրությունները համարվեցին համապատասխանող իրականությանը: Ընտրողներն այս կուսակցությանը չտվեցին թախծալի իշխանական մենաշնորհը: Թուրքիայի քաղաքական համակարգն ու քաղաքական գործընթացները ցույց տվեցին, որ անսահմանափակ իշխանության դեմ անհրաժեշտ հակակշիռների համակարգը եւ ընտրական ավտորիտարության վտանգը թաքնված են հենց ընտրական համակարգում: Նույնիսկ, եթե հակակշիռների համակարգը Թուրքիայում դեռ թույլ է, ընտրազանգվածը տնօրինում է իրավիճակը:
Նաեւ կարեւոր նշանակություն ուներ հակակշիռների համակարգի խնդրում այն, որ ընտրություններն անցկացվեցին առանց ռազմական ուժերի նույնիսկ չնչին մասնակցության: Ընդ որում, դա ամբողջովին քաղաքացիական գործընթաց էր՝ ի հակառակ 2007 թ. ընտրությունների, որտեղ ռազմական եւ իրավական մարմինների միջամտությունն ընտրական գործընթացին բերեցին հակառակ արդյունքների: Թուրք քաղաքականության կայունացումը եւ զինվորական խնամակալությունից ազատվելը շատ ողջունելի է:
Տնտեսական ճգնաժամը անկասկած հիմք հանդիսացավ նման արդյունքների համար: Թուրքական արտադրությունն անչափ տուժեց վերջին մի քանի ամիսների ընթացքում` հայրենական եւ միջազգային շուկաների փլուզման հետ մեկտեղ: Գործազրկությունը նույնպես արագ աճ արձանագրեց: Հիմնական արդյունաբերական քաղաքներում AKP ընտրազանգվածը մեծ թափով կրճատվեց, նույնիսկ այնպիսի չափերի հասավ, որ քաղաքապետի պաշտոնի համար ձայների թիվը քիչ էր:
2001թ. ֆինանսական ճգնաժամից հետո Թուրքիայի ֆինանսական համակարգի խնդիրները լուծելու համար տնտեսության կառավարման մեջ ոչ մի դեր չունենալու պայմանը նույնպես վնաս հասցրեց AKP-ին: Վարչապետի անտարբերությունը ճգնաժամի նկատմամբ, նրա ժխտումը առ այն, որ կար լուրջ պատճառ ընդհանուր պրոֆեսիոնալ հայացք գցել այդ ամենի վրա, ինչպես նաեւ նրա՝ երկրում եղած բոլոր խնդիրների համար յուրաքանչյուրին մեղադրելու հակվածությունը, շատ թանկ նստեց նրա համար:
Շատ քաղաքներում, հատկապես ծովափնյա եւ հարավ-արեւելյան շրջաններում, ընտրազանգվածը դրսեւորեց հստակ քաղաքական եւ գաղափարական դիրքորոշում: Պատմում են, որ վարչապետն անակնկալի էր եկել եւ զայրացել էր, որ իր կուսակցությունը պարտվել է հանգստավայրային քաղաք Անթալիայում, որն ինքը անձամբ 26 անգամ այցելել է: Նույնիսկ քրդական Թունջելի քաղաքում, որտեղ կառավարիչն օգնեց բաշխել սպիտակ ապրանք (կենցաղային տեխնիկա, սպասք եւ այլն) էլեկտրականություն չունեցող գյուղերի բնակիչներին, AKP-ն պարտվեց:
Կարճ ասած, ընտրությունները ցույց տվեցին նյութական միջոցների եւ ընտրակաշառքների անպետքությունը քաղաքական գիտակցությամբ բնակչություն ունեցող շրջաններում հաղթելու համար: Ծովափնյա նահանգներում ընտրողները պաշտպանում էին իրենց ապրելակերպը, որն, ըստ իրենց, ճիշտ է թե սխալ, վտանգված էր AKP-ի կրոնական պահպանողականությամբ: Հարավ-արեւելքում էլ, չնայած իրականացված օգնությանը, ներդրումների եւ քրդական ալիքի ստեղծմանը, ընտրողները դեմ էին այն քաղաքականությանը, որը մերժեց Քրդական հարցի ինքնության (քաղաքական) կարեւորությունը: Նրանք ընդամենը պատժեցին AKP-ին` ինքնության քաղաքականության շրջանակներում ազգային լեզվով արտահայտվողների նկատմամբ մոլի ազգայնական ուղի ընտրելու եւ դեպի ռազմական ինստիտուտ քայլ կատարելու համար:
Նույնականության ձայնը մի ուրիշ դեր էլ խաղաց: «Ազգայնական շարժում» կուսակցության վերելքի պատճառներից մեկն էլ կարելի է ընդունել որպես պահպանողական-ազգայնական զանգվածի պատասխան ռեակցիան Քրդական հարցի զարգացումներին: Դա հատկապես ակնհայտ էր միջարեւմտյան, Էգեյան ծովին մոտ քաղաքներում, որտեղ քրդական միգրացիայի արդյունքում հայտնված քրդերի եւ Քուրդ աշխատավորական կուսակցության (PKK) դեմ մարտնչող զինվորների միջեւ էթնիկական լարվածությունը բարդ իրավիճակ ստեղծեց:
Սատանան մանրուքների մեջ է
Չնայած ընդհանուր պատկերը փաստում է ժողովրդավարության հաղթանակը, մանրուքները ցավալիորեն սթափեցնող են: Ընտրական քարտեզի բաժանումները նույնպես հաստատում են երկրի բաժանված, նույնիսկ անջատ-անջատ լինելու փաստը: AKP-ն միակ ազգային կուսակցությունն է: Մյուս կուսակցությունները կենտրոնացված են հատուկ աշխարհագրական տարածքներում եւ արտացոլում են իրենց ընտրազանգվածի քաղաքա-գաղափարախոսական հայացքները: Ընտրազանգվածը ինքնին հատվածավորված է, եւ այն փաստը, որ AKP-ն երկրով մեկ ունի ներկայացուցչություն, տպավորիչ է:
Այս ընտրություններում դասերի եւ գաղափարախոսությունների այն լայն սպեկտրը, որ կուսակցությունը ներառել էր, անհաջողություն կրեց, որը նշանակալից չափով պայմանավորված էր իշխող կուսակցության ղեկավարների եւ վարչապետի ցուցաբերած իշխանության գոռոզությամբ: Ներկայիս միջին խավը շատ կորուստներ կրեց տնտեսական ճգնաժամի եւ ապրելու հետ կապված մտահոգությունների պատճառով: Ազգայնականների մի մասը նախընտրեց «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցությունը, կրոնական առումով էլ պահպանողականներից մի քանիսն էլ` «Իսլամիստական երանություն» կուսակցությունը (SP): Հարավ-արեւելքի քրդերն էլ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը 2007թ. ընտրություններում աջակցելուց հետո շրջեցին իրենց հայացքը դեպի Քրդական ազգայնական կուսակցության (DTP) կողմ: AKP-ի առավելությունը մինչ ընտրությունները կայանում էր նրանում, որ նա կարող էր համախմբել այդ անջատ խմբերը եւ նրանց երկխոսության հնարավորություն տալ:
AKP-ն կարող էր դա անել, քանի որ ցույց էր տվել ԵՄ-ին անդամակցելու գործընթացի շրջանակներում ժողովրդավարացման ծրագրին իր հակվածությունը: Ժողովրդավարության նկատմամբ նվազող ուշադրությունը, բարեփոխումների դանդաղեցումը եւ կենցաղակարգի նկատմամբ անուշադրությունը վերջակետ դարձավ կոալիցիայի գոյության համար: Հնարավոր է, AKP-ն չէր գիտակցում, որ իրական դեմոկրատական գործընթացի կարեւորությունը իր իսկ շահերից էր բխում, ինչի արդյունքում նա ամբողջությամբ ջուրը գցեց 2007 թ.-ի տաղանդավոր հաղթանակը:
Քաղաքական այս մասնատվածությունը պետք է վերացվի: Դրա միակ ուղին է ժողովրդավարացման հստակ ծրագիրը: Բոլորը միասին պետք է աջակցեն այդ խնդրի լուծմանը: Ավելի քան պարզ է, որ, չնայած իշխող կուսակցությունը կորցնում է իր կշիռը, ընդդիմությունն իր հերթին չի առաջարկում որեւէ այլընտրանք ընդհանուր ընտրազանգվածին: Անկասկած, ընդդիմությունը ստիպված կլինի հստակեցնել իր մոտեցումները հստակ խնդիրների նկատմամբ եւ ներկայացնել մի ծրագիր, որը գրավիչ կլինի բազմազան քաղաքացիների համար: Ամեն դեպքում առաջին քայլը պետք է անի հենց իշխող կուսակցությունը: Ընտրությունների արդյունքների լույսի ներքո Թուրքիայի առջեւ ծառացած հարց էր հանդիսանում, թե ինչպիսի ուղի կորդեգրի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, իսկ եթե ավելի ճշգրիտ լինենք, ինչպես կբացատրի ընտրությունների արդյունքները վարչապետը եւ ինչպիսի քայլերի կդիմի: Եթե նա կարողանա ոգեւորել բարեփոխումների միջոցով, կշահի եւ՛ իր կուսակցությունը, եւ՛ պետությունը: Մենք ամենայն հավանականությամբ պատասխանը կստանանք կառավարության մյուս շաբաթ կայանալիք նիստի ժամանակ:
Սոլի ՕԶԵԼ
Բիլգի համալսարանի դասախոս, «Սաբահ» պարբերականի թղթակից