Թատրոնները զուտ շինարարական կառույց ու հաստիքային դերասանական կազմ լինելուց բացի` պետք է սեփական գեղագիտության կրողը լինեն: Հայաստանյան թատրոնները վաղուց արդեն ոչինչ չունեն ասելու հանդիսատեսին, նրանք գոյություն ունեն այնքանով, որ դեռ չեն փակվել ու «կոմայի» մեջ գտնվելով՝ կարծես աղերսում են` մի սպանեք մեզ, բայցեւ` մի վերակենդանացրեք: Երեւանում, սակայն, գեղագիտական մի փոքրիկ կենտրոն կա, որի գոյության փաստն ու նրա ղեկավարի սկզբունքայնությունն ուղղակի զարմանալի են: Դա «Փոքր թատրոնն» է, որի բեմում ռեժիսոր Վահան Բադալյանը` համեստ միջոցներով, սակայն առանց ինքնախաբեության` հուզական թատերային գլուխգործոցներ է ստեղծում:
«Փոքր թատրոնը» հագեցած աշխատանքային գրաֆիկ ունի: Ոչ միայն ներկայացումներ է ցուցադրում, այլեւ` հանդիսատես է պատրաստում: Եվ այդ առաքելությունը թեեւ առաջին հայացքից չի նկատվում, սակայն շատ կարեւոր է: Թատրոնին կից մանկական թատերական ստուդիաներ են գործում, որոնք լի են փայլուն աչքերով ու բարձր ճաշակին դանդաղորեն սովորող երեխաներով: Նրանք այնքան պրոֆեսիոնալ գեղագիտական դաստիարակություն են ստանում, որ եթե հետագայում նույնիսկ թատրոնի բնագավառում ոչ մի հետք թողնել չկարողանան, ապա անպայման շնորհակալ ու գիտակ գնահատողներ կդառնան, որոնց այլեւս չես կարող խաբել պաշտոնական պսեւդոթատրոնով: Այդ երեխաները գիտեն, որ բեմը խաղ չէ, լուրջ աշխատանք է, որն իր հիերարխիան ու կանոններն ունի: «Փոքր թատրոնի» փոքր բեմում ու նեղ միջացքում կարելի է այնպիսի էներգետիկ լիցք ստանալ, որը հաստատ չես գտնի այլ թատրոններում, եթե նույնիսկ դրանց բոլորին գումարես (կամ էլ` բազմապատկես) նաեւ Մշակույթի նախարարությունն ու Թատերական գործիչների միությունը: Եվ այդ միջավայրում յուրաքանչյուր երեխա այս մեծ ու խաբկանքներով լի կյանքում իր տեղը գտնելու հնարավորություն է ստանում: Վ.Բադալյանը նրանց հետ շփվելով ու աշխատելով, թերեւս, ամենամեծ գործն է անում եւ ճիշտ հասցեատերերին է փոխանցում իր պատկերացումներն ու գիտելիքները: Միգուցե հենց այդ կետից էլ պետք է սկսվի մեր հայկական թատրոնի վերակենդանացումը:
Անցյալ տարի «ՀայՖեստ» թատերական փառատոնի հրավերով Հայաստան էին եկել «Ոսկե դիմակ» փառատոնի փորձագետները, որոնք դիտելով հայաստանյան ներկայացումները` ուզում էին թարմ ու պրոֆեսիոնալ թատրոնի շունչ տեսնել` Մոսկվա հրավիրելու համար: Այդ փառատոնն իր արտամրցութային ծրագրերում մեծ դեր է հատկացնում նոր գեղարվեստական ֆորմաներ որոնելուն եւ թատերական քննադատներ է ուղարկում ԱՊՀ երկրներ, որպեսզի գտնի նորն ու լավը` դրանով իսկ հարստացնելով ռուսաստանյան հանդիսատեսին: ՀՀ-ում «Ոսկե դիմակը» 2008թ. Մոսկվայում ցուցադրելու արժանի ընդամենը երկու ներկայացում գտավ: Երկուսն էլ «Փոքր թատրոնում» բեմադրել էր Վահան Բադալյանը. մեկը «Օֆելյայի ստվերների թատրոնը» հեքիաթն էր, մյուսը` Գրիգոր Նարեկացու ստեղծագործությունների հիման վրա արված «Յոթ զգացողությունները» պլաստիկ-մնջախաղային բեմադրությունն էր, որը բեմադրվել էր ֆլորենտացի պարողների հետ ու իր մեջ ներառում էր նաեւ վիդեոհատվածներ: Այդ վերջին ներկայացումը չցուցադրվեց Մոսկվայում, քանի որ իտալացիները չկարողացան իրենց աշխատանքային գրաֆիկը հարմարեցնել «Փոքր թատրոնի» ուղեւորության հետ: Եվ Մոսկվա գնաց միայն «Օֆելյայի ստվերների թատրոնը»: Փխրուն ու հուզիչ մի պատմություն` լուծարված թատրոնի անգործ հուշարարուհու մասին, որին հյուր են գալիս նախկին ներկայացումների հերոսների ուրվականները, բնակվում նրա տանն ու նրա կյանքի վերջին օրերը լցնում վաղանցիկ երջանկության պատրանքով: Այն դինամիկ ռեժիսորական աշխատանք է, որտեղ բառը, հնչյունը, լույսն ու ստվերն այնպես են հավասարակշռված, որ հեքիաթային լավատեսություն են ներշնչում հանդիսատեսին: Մոսկովյան ցուցադրության համար ներկայացումը թարգմանվել է ռուսերեն լեզվով ու դարձել երկլեզու: Հայերեն տեքստը պահպանելով` բեմադրությունն ավելի է ընդգծել թատրոնի հրաշագործ դերը, հայերեն լեզուն կարծես դարձել է գաղտնի մի խորհրդանիշ, որով խոսում են թատրոնի նվիրյալները: Այդ ներկայացումը, որտեղ խաղում են երեխաները, պրոֆեսիոնալ աշխատանք է, որով կարելի է հպարտանալ: Մոսկվայի հանդիսատեսը համենայնդեպս, զարմացած ու հիացած էր մնացել` նշելով, որ նման «եվրոպական» ներկայացում փոքր ու աննկատ Հայաստանից իրենք չէին սպասում:
– «Ոսկե դիմակն» ունի նաեւ ներկայացումների տոնավաճառ, այսինքն` ճանապարհ է բացում հյուրախաղերի համար: Հնարավո՞ր է, որ «Փոքր թատրոնը» կարողանա իր աշխատանքով գումար վաստակել ու դուրս գալ ՀՀ սահմաններից:
– Այդ փառատոնը նախեւառաջ շատ հեղինակավոր է, եւ այն կարելի է թատերական դաշտի «Օսկար» համարել: «Ոսկե դիմակը» ոչ այնքան տոն է, ինչպես, ասենք, Էդինբուրգի փառատոնը, այլ` շատ մեծ աշխատանք է: Այս տարի փառատոնը նշում էր հիմնադրման 15-ամյակը, ու հրավիրված էին անցյալ տարիների բոլոր լավագույն բեմադրությունները: Իհարկե, փառատոնը այլ երկրներից հրավերներ ստանալու շանս տալիս է, բայց ինձ համար ամենաուրախալին այն էր, որ սկսեցին փոքր-ինչ այլ կողմից ճանաչել Հայաստանը: Ցավոք, Ռուսաստանում բոլորը կարծում են, որ հայերը առեւտրականներ կամ բիզնեսմեններ են ու արվեստից շատ հեռու են: Եվ մեր ներկայացմամբ կարողացանք հայի կերպարին նոր երանգ հաղորդել, քանի որ ներկայացումը շատ ջերմ ընդունվեց ու ռուս հանդիսատեսի համար յուրատեսակ բացահայտում դարձավ: Շատերը մոտենում էին ու ասում, որ զարմացած են, քանի որ չէին ենթադրում, որ հայերը կարող են նուրբ պատմություն պատմել` առավելեւս դաժան սպանություններով հագեցած այսօրվա էքստրեմալ կյանքում: Մենք կարծես բոլորովին ուրիշ մոլորակից էինք: Շատ քննադատներ նկատեցին մեր պատանի դերասանների պրոֆեսիոնալիզմը: Մոսկվայում խաղում էինք Մեյերհոլդի անվան կենտրոնում, որը շշմելու մոբիլ թատերական հարթակ ունի: Իմ բերանն ուղղակի բաց էր մնացել, բեմը, աթոռների դասավորվածությունը, լույսերը այնքան արագ կարելի էր փոխել, որ թվում էր` ամեն ինչ կարելի է անել: Միայն լույսերի քանակը հազարների էր հասնում, եւ ամեն վայրկյան բեմի ցանկացած կետ կարելի էր հատուկ լուսավորել: Առաջին հայացքից դրանք մանրուքներ են, քանի որ մենք սովոր ենք մտածել, որ տեխնիկան ոչինչ չի որոշում, ու կարեւորը բովանդակությունն է, սակայն հենց երանգներ ստանալու միջոցով միայն կարելի է լավ գործ անել բեմում: Դա աքսիոմա է:
– Ծանոթ լինելով Ձեր ներկայացումներին, հաստատ կարելի է ասել, որ հնարամիտ ելքը միշտ գտնվում է, ու գրեթե անլույս Ձեր փոքր բեմում հիանալի էֆեկտ եք ստանում:
– Վերջերս նույնիսկ սուրճի բաժակների մեջ լապտերիկներ տեղադրելով` մենք փոքրիկ լուսարձակների էֆեկտ ստացանք: Ճիշտն ասած, դա էլ ունի իր հետաքրքրությունը, չէ՞ որ չեղած տեղից ինչ-որ բան ստեղծելը միշտ հետաքրքիր է: Բայց եթե փորձենք ավելի մեծ մասշտաբների ներկայացում անել, այդ մոտեցումը չի փրկի:
– ՀՀ-ում բոլոր թատրոնները կարծես «ննջում» են ու ամեն կերպ պայքարում են չարթնանալու համար: Ինչո՞ւ է այդպես, ուժեր չկա՞ն, թե՞ ցանկությունն է բացակայում:
– Մի քանի տարի առաջ ավելի լավատեսորեն էի նայում մեր թատերական դաշտին, հետո եկավ մի շրջան, երբ շատ տխրեցի: Հիմա աշխատում եմ ամեն ինչին հարաբերականորեն նայել: Թատրոնի, դերասանների, թատերական պրոցեսների նկատմամբ ունեցած իմ կարծիքը կտրուկ տարբերվում է այն իրավիճակի գնահատականից, որը գոյություն ունի մեզ մոտ: Եվ հենց միայն այդ պատճառով էլ ես ինքս ինձ դժվարանում եմ տեղավորել այս միջավայրի մեջ: Ու միշտ աշխատում եմ ոչ թե` «մեջը», այլ` «կողքը» լինել ու չխառնվել այն իրավիճակին, որն ունենք: Եթե լայն իմաստով նայենք մեր կյանքին, հաստատ շատ տխուր պատկեր կստանանք: Միգուցե դա է պատճառը, որ ես աշխատում եմ շատ լայն հայացք չգցել ու որոշ դեպքերում` ինչ-որ բաներ ուղղակի չնկատել: Ավելի լավ է կոնկրետ աշխատանքի վրա կենտրոնանալ, սուզվել սեփական ներկայացումների մեջ:
– Բայց հիմա աշխատելու ես նաեւ Սունդուկյանի անվան թատրոնում: Իսկ դա հենց «մեջը» լինել է նշանակում:
– Այո, այդ թատրոնում բեմադրություն եմ անելու: Չգիտեմ` ինչպե՞ս կլինի: Ու թեեւ կանխազգում եմ, որ բարդություններ են լինելու, բայց պատրաստ եմ այդ ռիսկին գնալ, որովհետեւ հիմա պետք է ստերեոտիպերը քանդել:
– Իսկ ինչպիսի՞ն է լինելու Սունդուկյանի բեմում ստեղծվող «Մակբեթի լեգենդը»:
– Դա նույն Շեքսպիրի «Մակբեթն» է, որը, բնականաբար, պետք է փոփոխությունների ենթարկվեր, քանի որ 4 ժամ տեւողությամբ ներկայացում հիմա չես կարող բեմադրել: Այդ պիեսն եմ ընտրել, քանի որ ինձ շատ հետաքրքրել է նրա նախահիմքը, այն լեգենդը, որից օգտվել է Շեքսպիրը: Եվ ներկայացումն ամբողջությամբ լեգենդային գեղագիտության վրա է կառուցվելու:
– Նախորդ զրույցի ժամանակ ասացիր, որ թարմ ու ակտուալ թեմաներն ուղղակի թափված են մեր ոտքերի տակ: Իսկ ինչո՞ւ դրանք ներկայացումներ չեն դառնում:
– Վերջերս ճարահատյալ նույնիսկ սկսեցի գրառումներ անել, բայց ես դրամատուրգ չեմ եւ եթե որեւէ մեկը պիես գրի` մեծագույն ուրախությամբ այն կբեմադրեմ: Այսօրվա մասին բեմից խոսելու ցանկությունն իրոք շատ է հասունացել:
– Մեր թատրոնները հանդիսատեսին թատրոն են բերում ավտոբուսներով: Օրեր առաջ, օրինակ, նման պայմաններում հրաժարվեց խաղալ դերասան Սերգեյ Դանիելյանը, քանի որ իր ներկայացման ժամանակ դահլիճում երեխաներ էին: Ինչո՞ւ չենք կարողանում «բերովի» հանդիսատեսից հրաժարվել:
– Հանդիսատեսին զոռով թատրոն բերելը մարազմ է: Հատուկ եմ ուզում այդ բառը նշել, քանի որ դրանից ավելի վատ բան լինել չի կարող: Այն մարդը, որին բռնի կերպով թատրոն են բերել, երբեք չի ուզի իր ոտքով թատրոն գնալ: Մենք, իհարկե, նման խնդիր չունենք, քանի որ մեր դահլիճն ընդամենը 80 տեղանոց է, բայց մեծ թատրոններն այդ պրակտիկան կիրառում են, քանի որ այլ կերպ դահլիճները չեն լցվում: Հանդիսատեսի վերաբերմունքը թատրոնի նկատմամբ շատ մտահոգիչ է: Մոսկվայում միանգամից տեսնում ես՝ ինչ տարբերություն կա մեր ու նրանց հանդիսատեսի միջեւ: Ինձ անընդհատ զարմացնում է ռուս հանդիսատեսի` թատրոն գնալու անհասկանալի կուլտուրան, նույնիսկ` մոլուցքը: Մարդիկ գեղեցիկ (ոչ թե շքեղ) հագնվում են, մտնում են թատրոնի շենք, ու դու միանգամից զգում ես, որ նրանք եկել են վայելելու բեմադրությունը, որ պատրաստ են հաճույք ստանալ: Այսինքն` թատրոնը ճիշտ նպատակին է ծառայում ու դառնում է ժամանց ապահովող վայր: Իսկ երբ մարդուն թատրոն զոռով, ստիպելով են բերում, նա սկսում է զզվել ժամանցի այդ տեսակից: Մանավանդ, եթե ճակատագրի բերումով վատ բեմադրություն է դիտում: Եթե հանդիսատեսը թատրոնում ձանձրանում է, թատրոնը վերջանում է ու այլեւս կենսունակ արվեստ չի համարվում: Իսկ այն, ինչը ստիպված «միջին արվեստ» ենք անվանում, ընդունակ է միայն հասարակության ուշադրությունը ցրել: Միջին արվեստը երբեք մարդկանց չի հավաքի իր շուրջը: Տարօրինակ բան եմ նկատում մեր թատրոնի օրինակով. երբ մենք խաղում ենք, մեկ էլ տեսնում ես քաղաքի տարբեր անկյուններից մարդիկ` մոլեկուլների նման գալիս են, մտնում են մեր թատրոն, նայում են, խոսում են, իրար լուրեր են փոխանցում, հաջորդ ներկայացման տոմսեր են գնում: Եվ այդպես իրար ասելով` գտնում են իրենց սպասածը: Ես միշտ վստահ եմ եղել, որ այդպես է ստեղծվում թատերական պրոցեսը:
– Խնդիրը նրանում է, որ մենք փոքր, բազմազան թատրոններ գրեթե չունենք, բոլոր թատրոնները դոտացիոն գորշ հսկաներ են:
– Ռեժիսուրայի, դերասանական աշխատանքի մեջ հանգստանալու, վաստակը վայելելու տարիք ու ցենզ գոյություն ունենալ չի կարող: Ռեժիսորն ու դերասանը ամեն օր պիտի ապացուցեն, որ իրենք դեռ կան, որ կարող են աշխատել: Եվ նշանակություն չունի` հեքիա՞թ է բեմադրվում, թե՞ «Համլետ»: Վերջերս, օրինակ, շատ է խոսվում կոչումների, վաստակը ցույց տվող նշանների մասին: Ու դրա շուրջ պարապ խոսակցություններ, կռիվներ են ծավալվում, մրցակցություն է սկսվում: Եվ հետաքրքիրն այն է, որ կոչում ու պարգեւ ստանալու ձգտող մարդկանց թվում է, որ հենց ստացան դա, վերջ, կարող են հանգիստ քնել, ու այլեւս պետք չէ առավոտյան արթնանալ ու ապացուցել, որ իրենք մասնագետ են: Եթե դերասանը վախ չունեցավ, որ հենց այսօր կարող է իր հնարավորությունը, իր շանսը կորցնել, նա որպես դերասան վերջանում է: Իսկ մեզ մոտ հակառակն է. բոլոր դերասաններն ու ռեժիսորները շատ լավ ապրում են, թոշակ են ստանում աշխատավարձի տեսքով ու կարող են տարիներով բեմ դուրս չգալ: Այդ մոտեցումը չեմ հասկանում, թատրոնն ինձ համար ամենօրյա ապացուցման կարիք ունեցող աշխատանք է: Չափանիշներ որոշողներն այնքան են խրվել ստի մեջ, որ իրենք էլ չգիտեն` ո՞րն է լավը: Ես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է ներկայացումից հետո մոտենալ ռեժիսորին, գրկել ու համբուրել նրան` ասելով` շշմելու բեմադրություն է, իսկ հետո ընդամենը երկու քայլ անցնելով` կողքինին ասել` նայելու բան չէր: Այդ մոտեցումը ես ոչ բարոյապես, ոչ ֆիզիկապես ընդունել չեմ կարող:
– Իսկ եթե հնարավորություն ունենայիր, կշարունակեի՞ր երեխաների հետ աշխատել, թե՞ միայն ռեժիսուրան կընտրեիր:
– Հիմա հաստատ կշարունակեի երեխաների հետ աշխատել, քանի որ զգում եմ, որ կոնկրետ աշխատանք եմ անում ու դրա արդյունքները տեսնում եմ: Ստուդիան արդյունք է տալիս, մեր երեխաները մեծանում են, ուսանողներ են դառնում, կամ էլ չեն դառնում, բայց նրանք թատրոնը սիրող մարդիկ են մեծանում: Շատերն են ինձ ասում, որ երեխաների հետ աշխատելը անլուրջ գործ է, իսկ ես այդ միսիային շատ լուրջ եմ վերաբերվում:
– Վատ է, որ Վահան Բադալյանը հիմա միակն է: Հաստատ ավելի լավ կլիներ, որ այդ որակի երիտասարդ ռեժիսորները գոնե 10-ը լինեին:
– Իրականում կան երիտասարդ ռեժիսորներ: Ընդհանրապես մեր խնդիրը ընտրության մեջ է: Եթե ես հանդիսատես եմ ու ուզում եմ, ասենք, մյուզիքլ կամ այլ ժանրի ներկայացում դիտել, ես պիտի այն դիտելու իրավունք ունենամ: