«Օգոստոսի պատերազմից հետո պարզ է, որ Թուրքիան տարածաշրջանում նոր նախաձեռնությամբ հանդես եկավ: Եվ եթե մինչ այդ մեր նախագահը նախաձեռնությամբ հանդես չգար, ես համոզված եմ, որ Թուրքիան ինքը նախաձեռնություն պիտի աներ օգոստոսի պատերազմից հետո»,- երեկ հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը: «Թուրքիային է պետք Հայաստանի հետ հարաբերությունը: Թուրքիան ինքն է շահագրգռված սահմանը բացելուն: Ուզում է դերակատար լինել իր ազդեցությունն ավելացնելու համար, իսկ ազդեցությունը չի կարող ավելացնել առանց Հայաստանի հետ հարաբերություն ունենալու»,- վստահ է նա: Ըստ ՀՅԴ գործչի` եթե նույնիսկ ՀՀ-ն ոչինչ չտա Թուրքիային սահմանները բացելու դիմաց, ապա Թուրքիան, մեկ է, վերջում ստորագրելու է այդ պայմանագիրը, որպեսզի Հայաստանի հետ դիվանագիտություն ունենա եւ սահմանը բացի: «Դրա համար էլ ասում ենք՝ Հայաստանը ոչինչ չպետք է տա»,- հավելել է Կ. Մանոյանը: Նրա խոսքով` եթե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չճանաչի հայերի ցեղասպանությունը, ինչպես խոստացել է, ապա նրա համար դա կունենա քաղաքական հետեւանք: Այդ քաղաքական հետեւանքը, ըստ դաշնակցական քաղաքական գործչի, կարող է լինել այն, որ Օբաման եւ նրա կուսակիցները, ովքեր ցանկանում են դառնալ սենատոր, կզրկվեն հայ համայնքի աջակցությունից: «Ամերիկայում այս բոլորը նաեւ քաղաքական հաշվարկի արդյունք է: Ամերիկայում երկու տարին մեկ ընտրություններ են»,- ասել է Կ. Մանոյանը: Նա, սակայն, համոզված է, որ Օբաման կատարելու է խոստումն ապրիլի 24-ին, գուցե ոչ այնպես, ինչպես հենց Կ. Մանոյանը կուզեր, բայց կատարելու է: Ինչ վերաբերում է սփյուռքի վերաբերմունքին այն բանի հանդեպ, որ ՀՀ-ն Թուրքիայի հետ բանակցում է, ինչն էլ կարող է առաջացնել Սփյուռքի դժգոհությունն այն առումով, որ դա խոչընդոտում է ցեղասպանության ճանաչմանը, ապա Կիրո Մանոյանն ասում է, որ այդպիսի դժգոհություն չկա: «Դժգոհությունը սփյուռքում ոչ թե նրա մասին է, որ բանակցություններ եւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններ կան, որովհետեւ բոլորն էլ հասկանում են, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններն, ի վերջո, պիտի հաստատվեն: Կարեւորն այն է, որ այս բանակցությունների ժամանակ եւ արդյունքում մենք մեր հիմնական շահերը չզիջենք»,- ասել է Կ. Մանոյանը: Նա կրկնեց իր այն ասածը, թե չպետք է այնպես անել, որ այդ բանակցության արդյունքում ստորագրվելիք փաստաթղթում լինի կետ, որը կարող է անգամ մեկնաբանվել որպես ցեղասպանությունը կասկածի տակ առնող: «Եվ նաեւ չլինի այնպիսի պարբերություն, որը վաղը կխոչընդոտի Հայաստանի կողմից իր իրավունքների հետազոտման խնդիրը»,- նշել է ՀՅԴ գործիչը: Կ. Մանոյանը նշել է նաեւ, թե լավ է, որ Հայաստանի իշխանությանը հաջողվել է Ղարաբաղի հարցը դուրս դնել հայ-թուրքական հարաբերության հարցից, ինչի վկայություն է այն, որ Ադրբեջանը դժգոհ է հայ-թուրքական հարաբերության առաջընթացից եւ սահմանը բացելու հեռանկարից: