«Պահքը ապաշխարության շրջանն է»

09/04/2009 Լիանա ԳԱԼՍՏՅԱՆ

Մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությունը քրիստոնեական եկեղեցու մեծագույն տոներից է: Դեռեւս Քրիստոսից առաջ` 11-րդ դարում, Դավիթ մարգարեն կանխատեսում է Քրիստոսի հարությունը՝ ասելով. «Նրա անձը գերեզմանում չթողնվեց, եւ ոչ էլ նրա մարմինը ապականություն տեսավ»: Անկասկած, Քրիստոսի Հարության ամենամյա բարի ավետիսը ոգեւորում եւ հավիտենական կյանքով ապրելու հույս է ներշնչում ողջ քրիստոնյա աշխարհին:

Բայց մինչ Քրիստոսի հրաշափառ հարությունը տոնելը, Հայ Առաքելական եկեղեցու ծիսակարգի համաձայն` Բուն Բարեկենդանին հաջորդող երկուշաբթիից սկսվում է Մեծ Պահքի շրջանը: Թեպետ այն տեւում է քառասուն օր` մինչեւ Ծաղկազարդի կիրակին, սակայն դրան հաջորդում է պահոց եւս մի շրջան` Ավագ շաբաթը: Այդ պատճառով քառասնօրյա կոչվող պահքը տեւում է 48 օր: Այս շրջանում պահք պահողները հրաժարվում են ոչ միայն կենդանական ծագում ունեցող կերակուրներից, այլ նաեւ չար սովորություններից` բամբասանք, գարշամտություն, հայհոյանքգ: «Քրիստոսի Հարության` Սբ. Զատիկից առաջ, բոլոր հավատացյալ մարդիկ 48 օր պահք են պահում (Զատիկն էլ հետը՝ 49), բայց, ցավոք, ոչ բոլորն են գիտակցում, թե ի՞նչ է պահքը: «Պահք» բառի իմաստը ապաշխարելն է: Ապ-ը ժխտական նախածանց է, այսինքն` աշխարհիկ հաճույքներից, վայելքներից հրաժարվել եւ ապրել հոգեւոր կյանքում, ոչ թե որպես հոգեւորական, այլ՝ որպես բարեպաշտ մի հավատացյալ: Պահքը ապաշխարության շրջանն է, որ պարտավոր է ցանկացած մարդ ապրել, անցնել այդ շրջանով` բոհով, որպեսզի կարողանա եւ՛ ֆիզիկապես, եւ՛ հոգեւոր առումով մաքրվել` ամբողջությամբ մաքուր կերպով Քրիստոսի հրաշափառ հարությունը դիմավորելու համար»,- ասում է Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Զաքարեիա քահանա Ավետիսյանը:

Ըստ քահանայի, մենք` մարդիկս, ծնվելով եւ ապրելով այս աշխարհի երեսին` կամա թե ակամա, շատ մեղքեր ենք գործում, որոնք չենք գիտակցում եւ չենք պատկերացնում, որ դա մեղք է. «Եվ սրա համար է տրված ապաշխարության շրջանը, որպեսզի մարդը այս շրջանում կարողանա առանձնանալ ինքն իր հետ եւ քննել իր բոլոր գործերը, իր բոլոր արարքները` տեսնելու համար, թե ինչ պիտի աներ, որ չի արել, եւ ինչ է արել, որը չպիտի աներ»: Նրա խոսքերով` պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի աղոթքի, ապաշխարության շրջանը, երբ Հիսուսը առաջնորդվելով անապատ՝ 40 օր իրեն ծոմապահության ենթարկեց եւ փորձվեց սատանայի կողմից: Այդ քառասնօրյա պահքին` Ծաղկազարդից հետո, հաջորդում է եւս մեկ շաբաթ` Ավագ շաբաթը, որը խորհրդանշում է Քրիստոսի չարչարանքների` մատնության, խաչելության, մահվան, թաղման օրերը: «Հենց Ավագ շաբաթվա ժամանակ է, երբ շատ մարդիկ ափսոսում են, որ պահքի շրջանը ամբողջությամբ չեն կարողացել նպատակին ծառայեցնել` ապրել իմաստավոր եւ ապաշխարության մեջ: Այսինքն` քանի մոտենում են իրականությանը, այնքան զգում են, որ պատրաստ չեն: Նույնն էլ Քրիստոսի հարության օրերին մոտենալու ժամանակ է լինում: Դրա համար մեր հայրերը ժողովրդին խորհուրդ են տվել արթուն մտքով աղոթել, իմիջիայլոց չաղոթել»,- ասում է քահանան: Մեծ պահքը բաղկացած է 7 շաբաթներից եւ ամեն շաբաթվա կիրակի օրն ունի իր խորհուրդն ու անվանումը` վերցրած օրվա ավետարանի ընթերցվածքից. Բուն բարեկենդան, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան եւ Ծաղկազարդի: Տեր Զաքարեիայի խոսքերով` մեր հայրերը կիրակիները այդ անուններով են կոչել, ըստ ավետարանի 7 պատմությունների, եւ անդրադառնալով հատկապես Գալստյան կիրակիին, նա նշում է, որ այն Քրիստոսի գալուստն է խորհրդանշում, ուստի հարկավոր է անդադար աղոթել`անկախ այն բանից, որեւէ բանի կարիք ունե՞նք, թե՞ ոչ, քանզի աղոթքները միայն խնդրանք չեն, աղոթքները նաեւ փառաբանական են. «Ցանկացած մարդ պարտավոր է մշտապես աղոթել, որովհետեւ մենք` բոլորս, պատրաստ պիտի լինենք Քրիստոսի առաջ կանգնելու գալստյան օրը: Հիսուսն ասում է. «Արդ` արթուն կացէք, եւ ամեն ժամանակ աղոթք արէք, որ չգիտէք, թե ո՞ր ժամում ձեր Տէրը կգգայ»: Այսինքն` վերցնենք 2-րդ դատաստանը: Մենք չգիտենք, թե երբ է լինելու, եւ մենք չենք կարող հանգիստ լինել` մտածելով, թե այս շաբաթ ոչինչ չանենք, հաջորդ շաբաթվանից նոր կաղոթենք: Ի՞նչ գիտենք, գուցե հենց այսօր է գալուստը, այդ ժամ ի՞նչ պատասխան ենք տալու: Կամ շատ մարդիկ ասում են. դե լավ, կյանք է, ապրում ենք, էլի, օր ծերության կգնանք եկեղեցի աղոթք կանենք, մոմ կվառենք, կապաշխարենք: Բայց ի՞նչ գիտես որքան է կյանք տրված»: Քահանան նշում է նաեւ, որ քառասնորդական պահքի շրջանում մարդիկ հաղորդություն չեն ստանում, քանի որ դեռ ապաշխարության մեջ են եւ պատրաստ չեն: Այս առումով տեր Զաքարեիան փաստում է. «Հաղորդության պատրաստ չլինել, նշանակում է՝ չապաշխարել: Եթե առանց ապաշխարել, առանց գիտակցելու դրա իմաստը, մոտենանք հաղորդության սեղանին, ապա այն մեզ համար կլինի դատապարտություն: Ավագ շաբաթվա ընթացքում եկեղեցին պատրաստում է հավատացյալ ժողովրդին սուրբ հաղորդության: Քրիստոսի Հարության` Զատիկի օրը առաջին հաղորդությունն է, որ մենք ընդունում ենք` Քրիստոսի մարմինն ու արյունը իբրեւ մեզ փրկություն: Պատարագամատույցի մեջ մի գեղեցիկ աղոթք կա Նարեկացու կողմից արտաբերված, որտեղ ասվում է. «Խնդրում եմ Քեզ, թող այս հաղորդությունը լինի ոչ թե դատապարտություն իմ մեղքերի, այլ քավություն եւ թողություն մեղքերի»: Այսինքն` եթե մենք պատրաստված եւ մաքրված ենք գալիս հաղորդության, ապա այն մեզ համար արդեն մեղքերի թողություն է, բայց, եթե մենք պատրաստված չենք գալիս, այլ ուղղակի հաղորդություն ստանալու համար կամ մտածելով, թե բոլորը գնում են՝ ես էլ պիտի գնամ, որովհետեւ ամոթ է` էս հաղորդությունը մեզ համար դատապարտություն է»: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այս տարի` ապրիլի 12-ին կտոնի Քրիստոսի Հարությունը` Սբ. Զատիկը, եւ այդ ժամանակ էլ բազմաթիվ հավատացյալներ կստանան սուրբ հաղորդություն: